Արա լեռան հրդեհը շրջանակաձև տարածվել է, 15 ժամ է պահանջվել մարելու համար (մանրամասներ)

Երեկ Արա լեռան լանջին խոշոր հրդեհ է բռնկվել։15 ժամ շարունակ ԱԻՆ աշխատակիցները, հարակից գյուղերի բնակիչները փորձել են մեկուսացնել հրդեհը։ ԱԻՆ-ից հայտնում են, որ արդեն ժամը 08:35-ին հրդեհը մեկուսացվել է։

Կապ հաստատեցինք Արա լեռան լանջին գտնվող Երնջատափի գյուղապետ Հրաչյա Սահրադյանի հետ։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, որ հրդեհը բռնկվել է Կոտայքի մարզի տարածքից ու հասել Երնջատափ․ «Մեր կողմից էդքան շատ չի վառվել։ Մեր կողմից, հրշեջ ծառայությունների, մեր գյուղացիների կողմից մեծ աշխատանք կատարվեց։

-Հաճախակի՞ են հրդեհներ լինում այդ շրջանում։

-Չէ-չէ։ Էս տարի առաջին անգամն էր։

-Արա լեռան լանջին «քեֆերի» հաճախ են գնում։ Այդ հատվածո՞ւմ է եղել հրդեհը։

-Չէ։ Էդ հատվածում ոչ քեֆ են անում, ոչ էլ մեքենա ա հելնում։ Սարի գլխի մոտ ա։ Բարձր տեղ ա։ Մեքենա ըտեղ չի բարձրանում։ Մենք կեսը ոտքով, կեսը «ՈՒազով» բարձրացանք։Մի 10 համայնքի ղեկավար կար մեր հետ՝ Բուժականն էր, Հարթավանն էր, Արագյուղն էր, Սարալանջն էր։

-ԱԻՆ նախարար, Արագածոտնի մարզպետը դեպքի վայրո՞ւմ են եղել, պարոն Սահրադյան։

-Այո, իրենք գիշերը ժամը 2․30-ի կողմերը ըտեղ էին մինչև 04։00-ն։ Մոտ 200 աշխատակցով էր նախարարը եկել։ Հիմա էլ նորից տղեքը ջուր են անում։ Մխեր կան, ծխում ա։ Գյուղի տղերքը բալոններով ջուր են հիմա էլ տանում։

-Պարոն Սահրադյան, հրդեհի պատճառը հայտնի՞ է։

-Մեր կողմից չի եղել հրդեհը։ Էն կողմից ա եկել։ Ժամը 18։00-ի կողմերը մենք զգացել ենք, որ ծուխ կա սարի վրա։ Տենց չգիտենք։ Շատ կարևոր ա, որ անտառ չանցավ հրդեհը։ Կարացանք մեկուսացնենք, անտառ չհասավ։ Ժողովուրդը, աշխատակիցները չթողեցին անտառ մտներ կրակը։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X