Ես ամեն ինչ էլ կիսում եմ

Հանրապետական նախկին պատգամավոր, Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուբեն Հովսեփյանը, որը նաեւ Քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբայրն է 2018-ին ՀՀ վարչապետի պաշտոնում տեսնում է թե՛ Սերժ Սարգսյանին, թե՛ Կարեն Կարապետյանին․ «Ժամանակը ցույց կտա, թե ով կլինի վարչապետ»,- մեզ հետ զրույցում ասում է նա։ Իր նախապատվությունների մասին Ռուբեն Հովսեփյանը չի ցանկանում խոսել․«Իմ կարծիքով ոչ մեկ ոչ հլը ըտենց քննադատություն ա արել, ոչ էլ կարծիք հայտնել, ժամանակը կգա, կհայտնենք»։

Հետաքրքրվեցինք՝ կիսո՞ւմ է արդյոք Գալուստ Սահակյանի կարծիքն այն մասին, որ ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանն անփոխարինելի է, նրա նման երկրորդը չկա, որ ՀՀԿ-ում շատերն են իր նման մտածում, ու թեև վարչապետի թեկնածության հարցը չի քննարկվել, գրեթե վստահ է, որ ՀՀԿ-ում իր դիրքորոշմանը բոլորը համամիտ են: Ի դեպ, Սահակյանը խոստովանել է, որ այժմ ինքն աշխատում է այդ ուղղությամբ, որ 2018-ից հետո ևս Սերժ Սարգսյանը շարունակի կառավարել երկիրը: «Գալուստ Սահակյանն իրա կարծիքն ա հայտնել»,-ասաց Հովսեփյանն ու միաժամանակ հավելեց․ «Ես ամեն ինչ էլ կիսում եմ, որը որ դրական ա, որը, որ լավ ա, ոչ մի բան էլ չեմ բացառում»։

Ռուբեն Հովսեփյանը թեպետ հիմա «հանգստով է զբաղվում», ասում է, որ մասնակցում է կուսակցական կյանքին․«Զբաղվում եմ հանգստով, մանդատի կորուստն էլ ոչ մի բան չփոխեց, ամեն ինչին էլ մասնակցում եմ»։ Նա չի ցանկանում ԱԺ վերադառնալ․ «Որ ուզենայի, կվերադառնայի», իսկ քաղաքականության հետ կապված պլաններ դեռ չունի, ամեն ինչ թողել է ապագային։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X