Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել մահվան ելքով վթարի դեպքի առթիվ հարուցված քրեական գործը

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին է հանձնվել մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը:

Այսպես, ըստ նախաքննության նյութերի, 05.09.2017թ.-ին՝ Երևան քաղաքի Աճառյան փողոցում, Լ. Հ.-ն, իր վարած «Հունդա» մակնիշի ավտոմեքենայով հետադարձ կատարելիս խոչընդոտել է Ա. Հ.-ի՝ «Համմեր» մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, որի հետևանքով վերջինս դուրս է եկել հանդիպակաց գոտի և ընդհարվել «Օպել», այնուհետև՝ «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներին: Պատահարի հետևանքով «Օպել» ավտոմեքենայի ուղևոր, անչափահաս Լ. Մ.-ն տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի մյուս ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն: Վթարից հետո Լ. Հ.-ն, թողնելով ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը, հեռացել է:

Դեպքի առթիվ նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ ճանապարհատրանսպորտային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ:

Քանի որ քննության ընթացքում պարզվել է, որ «Հունդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Լ. Հ.-ն զբաղեցնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ՓԾ համապատասխան հրշեջ փրկարարական ջոկատի օղակի հրամանատարի պաշտոնը, ուստի նշված քրեական գործն ըստ քննչական ենթակայության հանձնվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին՝ հետագա նախաքննությունը կատարելու համար:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Մեկնաբանություն
X