Լոլոյի Էդոն դուրս է «թռե՞լ»

Վանաձորցի հայտնի հեղինակություն Էդմոն Հարությունյանը՝ նույն ինքը Լոլոյի Էդոն, որի անունը վերջին ժամանակներում մի շարք աղմկահարույց միջադեպերում շրջանառվեց, սակայն փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի հովանավորչության շնորհիվ կարողացավ «ջրից չոր դուրս գալ», կասկածներ կան, որ «թռել» է երկրից եւ հնարավոր է չվերադառնա։ Վանաձորում ակտիվորեն քննարկում են, որ Էդոն հասկացել է, որ վաղ թե ուշ կարող է իր արածները ջրի երես հանեն, գլուխը պրծացրել է։ Մենք դեռեւս օգոստոսին գրել էինք, որ Վանաձորում ահուսարսափի մթնոլորտ է տիրում։ Հանրապետության երրորդ քաղաքից ահազանգում էին, որ հայտնի հեղինակություն Լոլոյի Էդոյի կողմնակիցները, որոնք փոխոստիկանապետ Լյովա Երանոսյանի փեսան ու նրա հարազատներն են, Վանաձորը վերածել են Սիցիլիայի եւ զինված են շրջում քաղաքում, փորձելով գտնել Էդոյի վրա կրակող անձին կամ անձանց, «ռազբորկաներ» են անում հավանական կասկածյալների հետ եւ այլն։ Օգոստոսի 14-ին մի քանի լրատվամիջոց ներկայացրել էր, որ ժամը 21:00-ի սահմաններում հրազենային վնասվածքով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի Էդմոն Հարությունյանը, որը վնասվածք էր ստացել որովայնի շրջանում:ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ Լոռու մարզային քննչական վարչությունում ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է Վանաձորում Էդմոն Հարությունյանի նկատմամբ կատարված սպանության փորձը՝ դեպքի մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Սակայն մեզ հայտնել էին, որ նախահարձակ եղել է տուժող կողմը։ «Ռազբորկա» է եղել, որին Էդոյի հետ միասին Երանոսյանի փեսայի եղբայրն էլ է մասնակցել, այդ պատճառով էլ իրավապահ մարմինները դեպքը ներկայացնում են միակողմանի։ Դեպքից մեկ շաբաթ առաջ էլ Լոլոյի Էդոյի մասնակցությամբ մեկ ուրիշ միջադեպ էր ծածկադմփոց արվել։ Հուլիսի 30-ին կրակոցներ էին հնչել Վանաձորի «Վենեսիա» սրճարանային համալիրի տարածքում։ Պարզվեց, որ կրակոցների հեղինակը Վանաձոր քաղաքի բնակիչ 46-ամյա Վահրամ Ալթունյանն է, ով Վանաձորում ավելի շատ հայտնի է «Սամբիստ Վահրամ» մականվամբ: Նա օդ է կրակել, ոստիկաններին հաջողվել է վնասազերծել Սամբիստին։ Տեղեկությունների համաձայն, այդ քայլին դիմելու պատճառը եղել է Էդոյի հետ «ռազբորկան», վերջինիս մարդիկ ծեծի են ենթարկել Սամբիստ Վահրամին, պարանոցից պոկել-տարել ոսկյա շղթան, Սամբիստն էլ գնացել մինչեւ ատամները զինվել է ու եկել, որ հաշվեհարդար տեսնի։ Սակայն այս դեպքի նախապատմությունն էլ իրավապահ մարմինների կողմից համապատասխան արձագանքի չարժանացավ, փոխարենը քրեական գործ հարուցվեց ՀՀ Քրօր․ 258 հոդվածի 4-րդ մասի եւ 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ խուլիգանություն եւ ապօրինի զենք: Վ. Ալթունյանը ձերբակալվեց: Լոլոյի Էդոյին առնչվող նման պատմությունները բազմաթիվ են, նա եւ նրա «թայֆան» քաղաքում հայտնի են իրենց վարքուբարքով։ «Բեսպրեդել», մարդկանց «վզին դնել» ու ստանալ, մեքենաների առքուվաճառք եւ այլն։

Մեկնաբանություն
X