«Բագին» ամսագիրը 55 տարեկան է

Երեկ «Ակումբ» սրճարանում տեղի ունեցավ Համազգային հայ կրթական և մշակութային միության «Բագին» գրական հանդեսի երեկ, այսօր և վաղը» խորագիրը կրող գրական զրույց-քննարկումը:

«Բագին» արդեն 55 տարեկան է:

Լույս է տեսել 1962թվականից Բեյրութում, «Բագինի» նշանավոր խմբագիրներն էին՝ Կարօ Սասունին, Եդուարդ Պօեաճեանը, Պօղոս Սնապեանը:

Խմբագրական կազմի անդամներից էին՝ Բաբգէն Փափազեանը, բանաստեղծ, հրապարակախոս Վահէ Օշականը:

Սփյուռքյան մամուլում իր բացառիկ տեղն ու նշանակությունն ունեցող պարբերականի առաքելությունն է համախմբել Հայաստանի և գաղթօջախների գրական ներուժը և պահպանել արևմտահայ մշակույթը:

2016թվականին «Բագինի» խմբագիր նշանակվեց կանադաբնակ լիբանանահայ բանաստեղծ, մանկավարժ Սոնիա-Սանան Քիլեճեանը։ Խմբագրակազմին անդամակցում են Քրիստիան Բատիկեանը, Մարուշ Երամեանը, Վիգէն Թիւֆէնքճեանը, Յակոբ Կիւլլիւճեանը, Աւետիս Հաճեանը, Շաղիկ Մկրտիչեանը, Վարդան Մատթէոսեանը, Սեւան Տէյիրմէնճեանը, Միրնայ Տուզճեանը և Յարութիւն Քիւրքճեանը։ Հայաստանից՝ Արքմենիկ Նիկողոսյանը, Արամ Պաչյանը:

2016թվականին հանդեսի առաջին համարը նվիրվեց մեր ժամանակների մեծանուն գրողներից մեկի՝ Գրիգոր Պըլտեանի ծննդյան 70-ամյակին՝ անդրադառնալով նրա ստեղծած ծավալուն գրական ժառանգությանը:

«Ակումբ» սրճարանում տեղի ունեցած զրույց-քննարկմանը ևս մեկ անգամ ընդգծվեց, Սփյուռքում և Հայաստանում հանդեսի լինելության կարևորագույն դերը, երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունը «Բագինի» կյանքին:

Խմբագիր Սոնիա-Սանան Քիլեճեանը հավաստեց, որ հանդեսում կհրապարակվեն նաև սփյուռքահայ անվանի գրողների՝ մինչ այժմ ընթերցողներին անհայտ անտիպ էջեր: Նաև խոսվեց առանձին կայք էջ ունենալու անհրաժեշտության և նյութերի ավելի լայն տարածման մասին:

Մեկնաբանություն
X