Քաղաքականություն

Պատկերացնո՞ւմ եք, ասենք, Ժան Գաբենը՝ Ֆրանսիայի վաստակավոր արտիստ, իսկ Ցուկերբերգը՝ ԱՄՆ ազգային հերոս

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը։

-Սեպտեմբերի 18-20-ը տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք 6-րդ համաժողովը։ Ի՞նչ ուղերձներ հղեց այդ համաժողովը, ի՞նչ տեղաշարժ կարող է լինել Հայաստան-Սփյուռք հարաբերություններում։

-Ոչ մի ուղերձ էլ չկար և լինել չէր կարող: Առաջիկայում ոչ մի տեղաշարժ ակնկալել հնարավոր չէ: Եվ սրա պատասխանատվությունը բացառապես իշխանություններինն է:

-Անկախության 26-րդ տարեդարձի օրերին քննարկվում է ռուսաց լեզվի հայեցակարգ մշակելու հարցը։ Արդյո՞ք կարող է այժմ ռուսերենն այդքան պահանջված լինել մեր երկրում։

-Ռուսերենը նույնիսկ Ռուսաստանում պահանջարկված չէ: Իսկ որ ռուսական կայսերական գործակալները պարզապես քծնում են իրենց գործատուներին՝ ավելին անելով հայության լինելության դեմ, քան նույնիսկ ռուսական չեկիստական իշխանությունն է հրահանգում, մերոնց թափթփուկ լինելու, մարդկային որակներ չունենալու, «առմյաշկա» լինելու հետևանքն է:

-Ձեր կարծիքը՝ արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին Հայաստանի Ազգային հերոսի կոչում տալու մասին։

-Ի՞նչ հերոս, ի՞նչ ժողովրդական արտիստ, ի՞նչ մշակույթի վաստակավոր գործիչ, սրանք բոլորը ամբողջատիրության խայտառակ, հակապետական մնացուկներ են, որոնք վերացնել է պետք: Այդպիսի բաներ միայն Ռուսաստանում, Հյուսիսային Կորեայում և նման երկրներում կարող են լինել: Դուք պատկերացնո՞ւմ եք, ասենք, Փոլ Մաքարտնին լիներ Միացյալ Թագավորության ժողովրդական արտիստ, Ժան Գաբենը՝ Ֆրանսիայի վաստակավոր արտիստ, իսկ Ցուկերբերգը՝ ԱՄՆ ազգային հերոս: Այսօր փողոցում հարցրեք, թե մեր երեք նախագահների կողմից ազգային հերոս ճանաչվածներից ո՞ւմ գիտեն: Բոլորը կտան միայն Թաթուլ Կրպեյանի, Մոնթե Մելքոնյանի, Վազգեն Սարգսյանի և Շառլ Ազնավուրի անունները. և դրանք զուտ պատահական համընկնումներ են: Ա՛զգն է ժամանակի ընթացքում զտում ու կանոնիկացնում՝ հերոս կարգում իր զավակներից ոմանց: Այս նշված չորսն արդեն հայկական գիտակցության մեջ հերոս են՝ անկախ այն բանից, թե նախագահները նման կոչում տվե՞լ են, թե՞ ոչ: Դեկոմունիզացիան, դեռուսիֆիկացիան հե՛նց այդտեղից պետք է սկսել՝ ոչնչացնելով նման անհեթեթությունները, ասիմետրիկ հարվածներ հացնելով մեզ գաղութացնող մտածողությանը: Իսկ եթե դա չենք անում, ուրեմն Էրնեկյանին էլ, դրսեցի ու ներսեցի ցնակացած մեծահարուստի էլ կարելի է հերոսի կոչում տալ, որոնց անուններն ազգն այդպես էլ չի հիշելու:

-Ամեն անգամ երկրի նախագահի կողմից պարգեւներ շնորհելը տարբեր բնագավառների գործիչներին քննարկվում է հանրության ակտիվ շրջանակներում։ Մեդալներն ու պարգեւները որքանո՞վ են արժեւորվում մեր երկրում։

-Պարգևները կարևոր խթանիչներ են, սակայն Հայաստանում դրանք արժեզրկված են, քանի որ խարդախված են, ինչպես այն տվողի կամ տվողների ընտրյալ լինելը: Այս իշխանությունները պղծել են ամեն ոլորտ և չեն ամաչել նույնիսկ իրենց ստամոքսին ոչինչ չտվող գիտությունն այլանդակել, որը կարող էր Հայաստանի ապագայի երաշխիք լինել, եթե այսպես վայրենաբար չավերվեր սրանց կողմից: Հրապարակեք, խնդրեմ, այն պաշտոնյաների և նրանց թերուս ազգականների անունները, որոնք գիտական աստիճաններ ու գիտական կոչումներ են ինքնաշնորհել: Սրանից հետո կարելի՞ է ակնկալել, որ քաղաքակիրթ աշխարհը լուրջ կընդունի մեր երկրի տված տիտղոսները: Համատարած արժեզրկման, բարոյազրկման պայմաններում ենք մենք կանգնելու այն մարտահրավերների առջև, որ այս օրերին հասունանում են մեր անմիջական շրջապատում՝ Ադրբեջանում, Իրաքում, Թուրքիայում: «Սրանից փրկիր մեզ Քրիստոս Աստված»,- իր Ողբն ավարտելիս կասեր Պատմահայրը:

Թագուհի Հակոբյան

Մեկնաբանություն
X