Մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով․ Վահրամ Մարտիրոսյան

Մոսկվայի Լազարյան եղբայրների անվան արեւելյան լեզուների (մասնավորապես հայերենի) ուսուցման դպրոցի փակմանը այսօր հանգամանալից անդրադարձավ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը Ազատ Արշակյանի եւ Անահիտ Բախշյանի հետ համատեղ հրավիրած մամուլի ասուլիսում։

Վահրամ Մարտիրոսյանը նկատեց, որ տեղի է ունենում աննախադեպ հարձակում հայոց լեզվի վրա։ Նրա դիտարկմամբ՝ ՀԱՊԿ ակադեմիային հատկացված շենքը ձեռնածությամբ վերածվել է ռուսական լիցեյի, որտեղ կա շատ մեծ բիզնես շահ։ Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ այն վաճառվել է կոպեկներով, 20 հազար ԱՄՆ դոլարի կարգի գումարով, Երեւանի կենտրոնում 1600 քառ․ մետր տարածքը։ Եվ դրանից 100-ապատիկ ավելի մեծ շահ են ստանալու այդ գործարքի արդյունքում։

Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ Հայաստանում դիմադրություն կա, որ ռուսերենը չհռչակվի պաշտոնական լեզու, եւ իրենք էլ ուզում են փակել Լազարյան ճեմարանը հայերի համար։ Արձակագիրը նկատեց, որ ռուսներն իրենց քայլերով ապականում են դաշնակցային հարաբերությունները հայերի հետ։

«Ուզում են, որ ՀՀ-ում բնակվող 3 միլիոն հայ խոսի իրենց լեզվով, բայց 300 հայ երեխա Մոսկվայում չեն ուզում, որ ռուսերեն խոսի»,- ասաց արձակագիրը։ Նա համեմամտություն անցկացրեց Ֆրանսիայի հետ, որտեղ օրենքները շատ ավելի մեղմ են եւ նպաստում են ձուլմանը։

«Ես ինքս եղել եմ Մարսելում եւ կարող եմ ասել, որ 250 հայ աշակերտների համար կար առանձին հայկական դպրոց։ Էլ չեմ ասում Արաբական երկրների դպրոցները եւ այլն»,- ասաց նա։ Անդրադառնալով Լազարյաններին՝ Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ ժամանակին մեր պատմությունը թաքցրել են մեզնից, եւ մենք չգիտենք, թե նրանք ինչ են արել ռուսական պետության համար։ Նա մանրամասն պատմական էքսկուրս կատարեց՝ հիշեցնելով, թե ովքեր են Լազարյանները։

Լազարյանները, ըստ նրա, հայտնվել են Պարսկաստանում Շահ Աբասի ներգաղթեցումից հետո։ Նա հիշեցրեց, որ Շահ Աբասը հայերին ներգաղթեցրեց, որպեսզի նրանց առեւտրական տաղանդը տեղափոխի մայրաքաղաք։ Իսկ դրանից հետո էլ ստեղծվեց առեւտրական ցանց, երբ պարսկական հում մետաքսը արտահանում էին։ Իսկ այդ մետաքսը արտահանելու ճանապարհն էլ Ռուսաստանն էր։ Արձակագիրը հիշեցրեց նաեւ Պետրոս Մեծի հրովարտակը, որով նա կոչ էր անում գուրգուրել հայերին, քանի որ նրանք դուրս էին մղում արեւմտյան վաճառականներին։ Հետո Լազարյանները ՌԴ-ում բացում են մեծ մետաքսագործական ֆաբրիկա։ Նա հիշեցրեց, որ Հովհաննես Լազարյանը 19-րդ դարի սկզբում բացել է ռուսական օրիորդաց լիցեյ։

«Նա շատ առաջադեմ մարդ էր եւ կարծում էր, որ ռուս օրիորդներին պետք է կրթել։ Իսկ դրա արդյունքում էլ եղել է ռուսական մշակույթի ծաղկումը»,- ասաց Վահրամ Մարտիրոսյանը։ Նա հիշեցրեց, որ Լազարյանների հարստությունը հսկայական դեր է խաղացել, որպեսզի ռուսական պետությունը 200 տարի Արեւմուտքից չունենա կախում։
Գրողը նկատեց, որ ռուսները հիմա մեզ մոտ հենց մի սխալ են տեսնում, գլխներիս բամփում են։ Նրանք այդ տրամաբանությամբ «կորցրեցին» Ուկրաինան եւ հիմա փորձում են կորցնել Կովկասում մնացած փոքրիկ հենակետը։

Ամփոփելով իր խոսքը՝ նա հնչեցրեց հետեւյալ կոչը՝ մի՛ խոսեք ձեր դաշնակիցների հետ ուժի լեզվով, որովհետեւ դա ծնում է հակահարված։ Նա ասաց, որ հայերի մեջ ինչքան էլ լինի ստրկամիտ բնավորություն, ռուսներն այդ քայլերով իրենք իրենց թշնամի են դարձնում։

Մեկնաբանություն
X