Հմայակ Հովհաննիսյանի հետ ես ո՞նց համագործակցեմ․ հարցնում է Վահրամ Մարտիրոսյանը

Երեկ անազատության մեջ գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հրապարակել էր տարբեր ոլորտներում հայտնի անձանց ցուցակ, որոնք, ըստ իրեն, կարող են փրկել հայկական պետականությունը։ Այդ ցուցակի մեջ տեղ էր գտել նաեւ արձակագիր Վահրամ Մարտիրոսյանի անունը։

Լրագրողներն այսօր Վահրամ Մարտիրոսյանից հետաքրքրվեցին, թե ինչպես է վերաբերում իր անունը այդ ցուցակում տեսնելուն։

«Ես Ժիրայր Սեֆիլյանի հետ նույնիսկ անձնապես ծանոթ չեմ։ Կարծում եմ, որ իր իրավունքն է այդպիսի կոչ անելը։ Ես պատրաստ եմ մասնակցել դիմադրությանը շատ հարցերում։ Թե որպես կազմակերպական միավոր ինչ տեսք կունենա այդ ճակատը, ինչ ծրագիր կունենա՝ դա կախված է որոշակի մարդկանց հետ քննարկումներից, որոշումներից։ Հմայակ Հովհաննիսյանը, որ կա այդ ցուցակում, «Գրիբոյեդով» ակումբի անդամ է, որը ռուսական ազդեցության մի գործիք է Հայաստանում։ Ես չեմ պատկերացնում, որ հետգաղութատիրական այս ճնշման պայմաններում համագործակցեմ Հմայակ Հովհաննիսյանի հետ։ Ժիրայր Սեֆիլյանի կոչի մեջ երեք կետից երկուսը գաղութատիրության դեմ պայքարի մասին է։ Եթե ճիշտ եմ հիշում՝ մեկը գաղութային մտածողությամբ վարչակազմը հեռացնելու մասին է, մյուսը գաղութատիրական ռեժիմի դեմ պայքարը։ Հիմա ես Հմայակ Հովհաննիսյանի հետ ո՞նց համագործակցեմ։ Վերջին ելույթը, որ լսել եմ Հմայակ Հովհաննիսյանից, դա այն էր, որ ինքը Սերժ Սարգսյանին ասում էր, թե նա չի հասկացել Պուտինի ակնարկները եւ ընդառաջ չի գնացել նրան, այդ պատճառով էլ նա Հայաստանին պատժել է եւ զենք է մատակարարել Ադրբեջանին։ Ես չեմ կարող այդ մտածողության տեր մարդկանց հետ համագործակցել»,- ասաց Վահրամ Մարտիոսյանը։

Մեկնաբանություն
X