Իրավունք

«Իգլան» ցանկացել են վաճառել քրդերին՝ կռվելու համար. Սամվել Բաբայանի գործով վկա (տեսանյութ)

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ «Իգլա»-ի գործով նիստին հարցաքննվեց եզդի Ռուստամ Սադոյանը: Սադոյանը դատարանին հայտնեց, որ ճանաչում է միայն առանձնացված մասով մեղադրյալ Հրաչյա Մայիլյանին, որի հրավերով միասին գնացել են Թբիլիսի՝ ոչխար գնելու։ Թբիլիսիում մնացել են 3-4 օր, որի ընթացքում հանդիպել է ամբաստանյալ Արմեն Պողոսյանին, որին կենցաղում դիմում են «Ժորիկ» անունով, այնտեղ ծանոթացել է Էջմիածնի նախկին քաղաքապետի որդու՝ Ռոբերտի հետ։

Ռուստամ Սադոյանի խոսքով՝ ինքը ոչինչ չի իմացել այն մասին, որ գործով ամբաստանյալները ցանկացել են Վրաստանից «Իգլա» տեսակի զենք տեղափոխել Հայաստան: «Ռոբերտը, որ իմացել ա, որ ես եզդի եմ, ենթադրել ա, որ քրդերի հետ էլ կապ ունեմ, դրա համար ինձ ասեց, որ եթե լինեն քրդեր, որոնք կուզենան կռվելու համար ուսին դրվող եւ ինքնաթիռ խոցող զենք՝ «Իգլա» առնեն, իրեն ասեմ։ Ես էլ ասեցի՝ ես որտեղի՞ց քուրդ ճարեմ»։

Վկայի խոսքով՝ ինքը պատկերացում չի ունեցել, թե ինչ է «Իգլան», միայն հարցաքննության ժամանակ, երբ քննիչը նկարագրել է, ինքն էլ համաձայնել է ու այդպես գրել է ցուցմունքը։

Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը Ռուստամ Սադոյանին հարցրեց՝ նիստերի դահլիճում տեսնո՞ւմ է Ռոբերտին, վկան պատասխանեց, որ ոչ։ Գաբրելյանն էլ հեգնանքով պատասխանեց՝ մենք էլ չենք տեսնում։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X