Ինձ հարցնում էր՝ ո՞նց կարող եմ թանաքոտված թղթադրամները հանձնել. «Իգլայի» գործով վկա (տեսանյութ)

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ «Իգլա»-ի գործով նիստին հարցաքննվեց Համիկ Իխտիարյանը, որը դատարանին հայտնեց, որ աշխատում է բանկերից մեկում՝ որպես մասնաճյուղի կառավարիչ։ Ամբաստանյալներից ճանաչեց միայն Դավիթ Հարությունյանին, որը իրեն դիմել է թանաքոտված թղթադրամների խնդրով։

Ըստ վկայի՝ ամբաստանյալն իրեն հարցրել է, թե ինչպես կարող է հնամաշ թղթադրամները իրացնել, ինքն էլ պատասխանել է, որ կարող է դիմել տարբեր բանկերի, որոնք 10-15 տոկոսով կվերցնեն հնամաշ թղթադրամները: «Հարցնում էր՝ ո՞նց կարելի է դրանք հանձնել: Ես էլ ասեցի, որ հետաքրքրվի, թե որ բանկում են ցածր տոկոսով դրանք վերցնում: Ցույց տվեց վնասված 20 եվրոյանոց թղթադրամ, ասաց, որ ընդհանուր մոտ 4-5 հազար եվրո կա վնասված: Թանաքոտ էին դրանք»։

Հարցին՝ գիտի՞ որտեղից Դավիթ Հարությունյանին այդ թանաքոտված եվրոները, վկան հայտնեց, որ դրա մասին Դավիթն իրեն ոչինչ չի ասել»։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X