Քննիչն էնքան «դավադիտ» արեց, որ գրեցի․ «Իգլայի» գործով վկան սկանդալային հայտարարություն արեց (տեսանյութ)

Այսօր Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատական նիստը։ «Իգլայի» գործով նիստին հարցաքննվեց նաեւ Աշոտ Շուշանյանը։ Նա ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանի վաղեմի ընկերն է, ճանաչում է նաեւ Սամվել Բաբայանին։

Ըստ վկայի՝ ինքը եւ իր ընկեր ամբաստանյալ Գաբրիելյանը միասին են եղել Սեւանի ճանապարհին, որտեղից էլ Սանասար Գաբրիելյանին ոստիկանները բերման են ենթարկել։ Դրանից հետո ՕՐՕ դաշինքի ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանի միջոցով ինքը մեկ անգամ հանդիպել է Սամվել Բաբայանին, որը պահանջել է «պլանշետից» ջնջել ինչ-որ բան, սակայն, քանի որ չի իմացել՝ ինչի մասին է խոսքը, հեռացել է եւ ոչինչ չի ասել։

Աշոտ Շուշանյանը դատարանում աղմուկահարույց հայտարարություն արեց՝ նշելով, որ նախաքննական հարցաքննության ժամանակ քննիչն իրեն ուղղորդել է։ Նա չի ցանկացել գրել «հրթիռ» բառը, սակայն քննիչն ասել է, որ դա գրական բառ է եւ որեւէ նշանակություն չունի, ինչից հետո նա «հրթիռ» բառը գրել է իր նախաքննական ցուցմունքում։ «Առավոտից իրիկուն սոված, ծարավ պահել էր, ես էլ կանտուզիա ստացած մարդ եմ։ 10 րոպեն մեկ դուրս էր գալիս ու թելադրում։ Էնքան դավադիտ արեց, որ գրեցի, որ շուտ էդտեղից պրծնեի»։

Շուշանյանը նաեւ նշեց, որ քննիչը իրեն չի տեղեկացրել պաշտպան ունենալու մասին եւ բացի այդ՝ քննությունը տեղի է ունեցել գրեթե ողջ օրը, մինչդեռ քննիչը երկուս ու կես ժամ է նշել արձանագրության մեջ։

Երբ դատավորը նախաքննական ցուցմունքը ցույց տվեց, վկան պնդեց, որ որոշ էջերում արձանագրվածը իր ձեռագրով գրված չէ, թեեւ դրանց ներքո իր ստորագրությունն է։

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X