Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հրապարակել էր տարբեր ոլորտներում հայտնի անձանց ցուցակ, որոնք, ըստ իրեն, կարող են փրկել հայկական պետականությունը։ Այդ ցուցակի մեջ տեղ էր գտել նաեւ քաղաքագետ Ստեփան Սաֆարյանի անունը: Քիչ առաջ Ստեփան Սաֆարյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի կոչին:

Գրառումը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Որքան էլ սեպտեմբերի 22-ի երեկոյան լրագրողներից հայտնի դարձավ «Արմավիր» ՔԿՀ-ից հասարակական և քաղաքական գործիչներին, այդ թվում՝ ինձ, ուղղված Ժիրայր Սէֆիլյանի կոչի մասին, դրան այսօր եմ արձագանքում մի շարք պատճառներով, որոնցից մեկը ամենի շուրջ երկար մտածելն էր:

Կիսում եմ Հայոց պետականության համար ստեղծված բազում վտանգների մասին Արցախյան ազատամարտի հերոս Ժիրայր Սէֆիլյանի մտահոգությունները, այդ կապակցությամբ ինքս էլ արտահայտվել եմ բազմիցս: Իմ բավական համեստ քաղաքական գործունեության ընթացքում թերևս համոզվել եմ, որ անցյալի տապալումների, ձախողումների արդյունքում քաղաքական օտարվածությամբ, հիասթափությամբ կամ վախերով համակված հասարակության մեջ համախմբված քաղաքական պայքարի համար անհրաժեշտ և պարտադիր է.

  1. արտաքին ու ներքին քաղաքականությունների հստակ և այլընտրանքային օրակարգ, որը կմոբիլիզացնի հասարակության լայն շերտերին, կառաջարկի հստակ այլընտրանք ու հեռանկար երկրի ու ժողովրդի համար,

  2. քաղաքական այդ թիրախները կիսող ու դրանց հավատացող առաջնորդության թիմ,

  3. այն հանրության լայն զանգվածների սեփականություն դարձնելուն ուղղված էֆեկտիվ ռազմավարություն, գործիքակազմ ու այդ ուղղությամբ լուրջ, հետևողական նախապատրատական աշխատանք՝ կազմակերպական ցանցեր ստեղծելով հանդերձ:

1998-ից ցայսօր ընդդիմադիր բոլոր պայքարները, որոնց փոքրիկ մասնիկներից մեկն եմ եղել նաև ինքս, լավագույնը ապացուցելու եկան, որ շարժման ղեկավարության կողմից թվարկվածներից որևէ մեկի անտեսումը տապալման է դատապարտում ողջ շարժումը՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով հանդերձ: Իմ համեստ մասնակցությունը որևէ նման պայքարի կարող եմ դիտարկել այնքանով, որքանով այն լուծումներ կտա թե իմ և շատերիս քաղած դասերին, ու նաև՝ որքանով վստահություն կներշնչի հենց ինձ:

Հարգանքներով՝ Ստեփան Սաֆարյան

Մեկնաբանություն
X