Ժիրայր Սեֆիլյանի առաջարկած ցանկը իսկապես խայտաբղետ է․ Հմայակ Հովհաննիսյան

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը դիմել է հասարակական եւ քաղաքական մի շարք գործիչների՝ առաջարկելով վերջ տալ ինքնախաբերությանը եւ ընդդիմադիր դաշտում ձեւավորվող նոր օրակարգով ստեղծել ազգային դիմադրության ճակատ։

Ըստ Սեֆիլյանի՝ նպատակը ենթադրում է դրա իրագործման խնդիրները.
ա) համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ Սասնա Ծռերի և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ,
բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,
գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը։

Այս դիմումի հասցեատերերից մեկն էլ քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն է, որը մեզ հետ զրույցում ասաց որ դիմումի հասցեատերերի ցանկը իսկապես խայտաբղետ է․ «Արձագանքելով Ժիրայր Սեֆիլյանի կոչին և մեկնաբանելով դեմքերի իսկապես խայտաբղետ կազմը, որն առաջարկել է Ժիրայրը, Վահրամ Մարտիրոսյանը հայտարարել է, որ ես «Գրիբոեդով ակումբի» անդամ եմ և այդ պատճառով ինքը ինձ հետ չի կարող համագործակցել: Վահրամ Մարտիրոսյանի ասածը նույնքան անհեթեթ է, որքան անհեթեթ կլիներ, եթե ես պատճառաբանեի իր հետ համագործակցելու ցանկության բացակայությունն այն բանով, որ Վահրամ Մարտիրոսյանը կրկնօրինակում է ռուս դերասան Միխայիլ Բոյարսկու «դրեսկոտը»՝ տարբեր միջոցառումներին հանդես գալով պատկերավոր գլխարկով՝ ա լյա Բոյարսկի: Ես առաջարկում եմ Վահրամ Մարտիրոսյանին արդեն գոյություն չունեցող «Գրիբոեդով ակումբի» անդամներին «սիրահետելու» փոխարեն Բոյարսկու գլխարկը դնի գլխին և գնա, տապալի ու փշրի Գրիբոեդովի արձանը Երևանում:

Դա իր նման գրողի համար ավելի բնութագրական կլինի, քան հոխորտանքը, թե ինչու Երևանում կարող էր գործել Գրիբոեդովի անունը կրող ակումբ: Թե չէ Սերժ Սարգսյանը, որը մտահոգված էր այդ ակումբում իր քաղաքական հակառակորդների ներկայությունով և այդ պատճառով ռուսների ուղեղները լվանալու իր մենաշնորհի խաթարման վտանգով, արդեն դիմել է Մոսկվայի ամենաբարձր ատյաններ, որ ակումբը այլևս չհավաքվի: Ի միջիայլոց՝ այդ իր պնդումը Սերժը պատճառաբանել է «ընդդիմության» կողմից «Գրիբոեդով ակումբի» գործունեության կապակցությամբ «աճող դժգոհությամբ»: Իրականում այդ «դժգոհողները» հենց Սերժի ծպտյալ հաճախորդներն են, իսկ Սերժին առաջին հերթին դուր չէր եկել, որ հենց «Գրիբեդով ակումբի» մեր բարեկամների շնորհիվ կանխվեց ռուս ուժայինների միջամտությամբ ՊՊԾ-ի ճգնաժամի «հաղթահարումը»: Թե չէ Վահրամ Մարտիրոսյանի բարեկամ «տարոնականները» արդեն դիմել էին «ավագ եղբոր» ուժայիններին և «Ալֆան» կազմ ու պատրաստ սպասում էր հրամանին... Շատ բան գիտեմ և մի ստիպեք բացել փակագծերը»:

Հմայակ Հովհաննիսյանի խոսքով՝ այսօր մենք իակապես կանգնած ենք մի նոր Սարդարապատի առջև, և թող վահրամմարտիրոսյանները չպղծեն համախբման վերաբերյալ Ժիրայր Սեֆիլյանի անկեղծ մտահոգությունն իրենց էժանագին «աշխարհաքաղաքական» բանսարկություններով:

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X