Ժիրոյի «զվոդը»

Անազատության մեջ գտնվող Ժիրայր Սեֆիլյանը, կարծես, որոշել է հետևել ժողովրդական իմասնությանը: Իսկ ժողովուրդն ասում է՝ ճտերն աշնանն են հաշվում: Ահա և հաշվում է:

Ի՞նչ է ստացվելու դրանից:

Սեֆիլյանը 30 մարդու կոչ է արել միավորվել, մի կողմ դնել ամբիցիաներն ու հայացքների տարբերությունները և դիմադրության շարժում սկսել՝ նպատակ ունենալով Հայաստանը փրկել ինչպես գաղութացումից, այնպես էլ ներկա իշխանություններից՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Որպես այդ նպատակին հասնելու ճանապարհ Սեֆիլյանը նշել է ժողովրդական ընդվզումը:

Արտառոց ոչինչ չկա, կարծես, մարդը միավորվելու կոչ է անում ընդդիմադիր հայացքների տեր 30 մարդու: Միակ անպատեհությունն այն է, որ այդ 30 հոգին, ինչպես հայտնի ֆիլմի հերոսն է ասում, «իրենց համար նստած հաց ու սոխ կուդեին, մեկ էլ շըրըխկ.. շուշեն ջարտավ…»: Ասել կուզե՝ շատ հանկարծակի ստացվեց ամեն ինչ, ոմանց համար այնքան անակնկալ, որ նրանք չէին էլ հավատում, որ իրենք էլ են ներառված հայրենիքի փրկության «կազմկոմիտեի» մեջ:

Լեզվաբան, ԵՊՀ դոցենտ Նարինե Դիլբարյանն, օրինակ, ազնվորեն խոստովանել է. «Այդ ցանկում կան ինձ համար եւ՛ ծանոթ անուններ, եւ՛ անծանոթ անուններ։ Անկեղծ ասած՝ ես քաղաքական գործունեությամբ երբեւէ չեմ զբաղվել, անկուսակցական եմ, Հայաստանում էլ չեմ տեսնում այնպիսի քաղաքական ուժ, որին կցանկանայի անդամակցել եւ նրանց հետ իրականացնել քաղաքական ծրագիր։ Չեմ ուզում որակավորել, բայց նրանց գաղափարների եւ մարտավարական ծրագրերի հետ այս պահին ընդհանուր գծեր չեմ տեսնում։ Օրակարգն էլ ինձ համար ըմբռնելի չէ»:

Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկեր, իր վկայությամբ՝ հենց Ժիրայր Սեֆիլյանի տեսակից Վահան Բադասյանը համաձայնություն է տվել միայն բարոյապես աջակցել Սեֆիլյանի կոչին, սակայն իրականանալի չի համարում այն. «բարոյապես իմ մարտական ընկերոջ կողքին եմ, բայց, ցավոք սրտի, իմ մարտական ընկերը թեեւ ամեն ինչով ճիշտ է, բայց անհնարին է, որովհետեւ այսօր հասարակությունը զրկված է իր իրավունքներից, որ ներգործության ունենա անարդարդության վրա»:

«Սասնա ծռերի» գործողությունների հետ ակտիվացած ՀՀ ԳԽ պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը, թեև «համաձայն է» Ժիրայր Սեֆիլյանի հետ, սակայն, որպես նախկին պատգամավոր լղոզում է իր պատասխանը և հստակ չի ասում՝ պատրա՞ստ է արդյոք ստանձնել ժողովրդին ոտքի հանելու պատասխանատու գործը: Նա հղում է կատարում Սեֆիլյանի ցուցակին ու նշում՝ այնտեղ 30 մարդ կա, այ, եթե նրանք բոլորը համաձայնեն, այ, այնտեղ մարդիկ կան, որոնք չեն կարող ամբիցիաները հաղթահարել, այ այստեղ անձի հարց չէ... այ, այ, այ… Ու մեկ էլ իր ֆեյսբուքյան էջում սկսում է քննադատել Արա Պապյանին ու Զարուհի Փոստանջյանին՝ առաջինին ստախոս, երկրորդին քաղաքական ճանապարհից շեղված անվանելով, որովհետև այդ մարդիկ պայքարի առաջարկված ձևը գուցե և չեն ընդունում: Բայց ինչո՞ւ քննարկել ուրիշներին, եթե Ժիրայր Սեֆիլյանը անուն առ անուն է դիմել ու ամեն մեկն իր համար է միայն պատասխանատու, կամ՝ կամ: Վերջը ի՞նչ է ասում, Ալբերտ Բաղդասարյանը՝ գնո՞ւմ է ընդվզման, մարդկանց տանո՞ւմ է իր հետևից, թե՞ սպասում է, որ մարդիկ իրեն տանեն, ինչպես վերջին անգամ: Մնում է միայն գուշակել:

Ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանն է, կարծես, պատրաստ նետվել պայքարի մեջ: Նա ամեն ինչում համաձայն է Ժիրայր Սեֆիլյանի հետ, այո, Սերժին ու ՀՀԿ-ին պետք է հեռացնել, բայց… «ուրիշ հարցեր կան, թե ովքեր կան ընդգրկված այդ խմբի մեջ, դա ժամանակի խնդիր է»: Այսինքն, եթե մի բան էլ չստացվի, այդ մարդիկ են մեղավոր լինելու, բայց ոչ Սեֆիլյանը կամ Ավետիսյանը: Հետաքրքիր մոտեցում է:

Երեկ պարզվեց նաև, որ Սեֆիլյանի ցուցակում ընդգրկված քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն ու գրող, կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանն են անհամատեղելի և ունեն անհաղթահարելի խնդիրներ նույն նավով ճամփորդելու հարցում:

Սրանք Ժիրայր Սեֆիլյանի կոչի առաջին արձագանքներն են: Իսկ ի՞նչ կասեն քաղաքական դեմքերը՝ Րաֆֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը, Սեյրան Օհանյանը, Վարդան Օսկանյանը, Արմեն Մարտիրոսյանը: Դատելով այն հանգամանքից, որ մինչ այժմ այս մարդիկ լռություն են պահպանում, կարելի է եզրակացնել, որ նրանք տակավին խորհում են: Միայն, թե չգիտեմ ինչի շուրջ են խորհում՝ Սեֆիլյանի առաջարկի՞, թե՞ Սեֆիլյանի այն պնդման, որ այս պահին իրենք զբաղված են ինքնախաբեությամբ:

Կարծում եմ՝ Րաֆֆի Հովհաննիսյանին որևէ շարժման միացնելն ավելի հեշտ է, քան նրան համոզելը, որ ինքն զբաղված է ինքնախաբեությամբ: Ավաղ, Սեֆիլյանի խոսքում այդ բառը (ինքնախաբեություն) խիստ վիրավորական է ոչ միայն Րաֆֆի Հովհաննիսյանի համար: Ընտրություններում հաղթած, խորհրդարան ու քաղաքապետարան մտած Նիկոլ Փաշինյանին կասե՞ս, որ ինքնախաբեությամբ է զբաղված: Իսկ Վարդան Օսկանյանի ու Սեյրան Օհանյանի նման պատկառելի այրերի՞ն: Չէ, Ժիրո ջան, սա Շուշիի գրոհը չէ, որ գնաս ու վերցնես ամրոցը: Սա քաղաքականություն է: Րաֆֆի Հովհաննիսյան, Վարդան Օսկանյան, Արա Պապյան… դիվանագետ մարդիկ են, դու ուզում ես նրանց «կամուֆլյաժ» հագցնես, որ ի՞նչ անես: Իսկ ինչո՞ւ ես մոռացել Մարուքյան Էդմոնին: Մի՞թե նա չէ «armexit» խիստ գիտական մտահղացման հեղինակը:

Զինվորական լեզվով ասած՝ Ժիրայր Սեֆիլյանը մի «զվոդ» (դասակ) մարդ է հավաքագրել իր ցուցակում, որոնց մի մասը լռում է, մի մասն էլ, կարծես, շատ ոգևորված չէ այս խառը ժամանակներում իշխանության հետ կռիվ-կռիվ խաղալու հեռանկարից: 2018-ին լուրջ փոփոխություններ են տեղի ունենալու, ինչը դյուրագրգիռ ու հավակնոտ է դարձրել շատերին: Սեֆիլյանը, կարծես, աչքաթող է արել այդ հանգամանքը, և տպավորություն է ստեղծվում, որ ինքն իր «կարգավիճակը» ապահովելուց հետո ձեռնամուխ է եղել մյուսների համար նույնպես որոշակի կարգավիճակ ապահովելու գործին: Ու տեսեք, թե դրանից ինչ է ստացվում: Եթե այդ 30 մարդը (չնչին բացառություններով) չհամաձայնեն գնալ Սեֆիլյանի նշած ուղիով, ապա ենթակա կլինեն վերջնական «փչացման»: Կա նաև մետաղադրամի մյուս երեսը՝ իսկ Սեֆիլյանը բացառո՞ւմ է հակահարվածը, այս դեպքում արդեն ընդդիմադիր դաշտից:

Միշտ ենք ասել՝ քաղաքականությունը չպետք է շփոթել ուրիշ բաների հետ: Սեյրան Օհանյանն, օրինակ, քաղաքականությունը մի պահ շփոթեց զինվորական սապոգի հետ ու մինչև ուշքի եկավ, ուշ էր արդեն: Ուրիշ շփոթողներ էլ են եղել ու այսօր էլ կան: Երևի այդ մարդիկ քաղաքականության հետ գործ պետք է չունենան, այլապես միշտ ընկել ու ընկնելու են հիմար վիճակների մեջ: Չէի ցանկանա հատուկ ընդգծել Ժիրայր Սեֆիլյանի քաղաքական գործիչ չլինելու հանգամանքը, սակայն այն բոլոր գործողությունները, որոնց նա դիմել է որպես «քաղաքական առաջնորդ» ավարտվել են կրախով՝ Էրեբունի ամրոցի մոտ հացուպանիրն ուտելուց հետո տուն գնալով, ծեծուջարդով, փայծաղների կորստով, շարժման ջլատումով, խաղաղ ժամանակներում պարտիզան-պարտիզան խաղալու տխուր վերջաբաններով: Ես հասկանում եմ, որ Սեֆիլյանը շատ է ուզում հայրենիքը ազտագրել, արտագաղթը կասեցնել, ժողովրդի կառավարություն ստեղծել, բայց մի՞թե պարտադիր է ամեն անգամ սալյուտը ներսում խփել՝ հայտարարելով 100 տոկոս հայաբնակ հայրենիքում ազգային ազատագրական պայքար սկսելու մասին:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X