Հայաստանում ով ասես հետաքննություն է իրականացնում

Պարզվում է՝ Հայաստանում ով ասես կարող է հետաքննություն իրականացնել, բացի այն մարմիններից, որոնք կոչված են դրա համար։

«Գրանդ Ս» անվտանգության մասնավոր գործակալության հատուկ ծառայություններ բաժնում նշված է, որ ընկերությունը իրականացնում է նաեւ հետաքննություններ։ Հետաքրքիր է՝ պահնորդական գործունեություն իրականցնելիս լիցենզիա տալուց ոստիկանությունը նրանց շնորհե՞լ է նաեւ հետաքննություն իրակացնելու լիազորություն։ Իսկ գուցե ձեռքի հետ էլ մի քանի գործ է «պաս» տալիս հետաքննելու համար։

«Գրանդ Ս» գործակալության տնօրեն Ռուբեն Սերոբյանը մեզ հետ զրույցում օրինակ բերեց, թե իրենք որ դեպքերում են հետաքննություն իրականացնում․ «Օրինակի համար գույք են տեղափոխում, տեղափոխել են էն գույքը, որը ոչ անհրաժեշտ ա, ժամանակ ա անցել, հայտնաբերել են, որ ոչ էն գույքն ա, ներքին հետաքննություն ա իրականացվում՝ պահեստապետը ճի՞շտ գույք ա թողել, թե՞ սխալ գույք ա թողել, շփոթել ա, թե միտում կա դրա մեջ»։

-Քրեական գործերով հետաքննություն իրականացնո՞ւմ եք. «Քրեական գործերով հետաքննություն իրականացնում ա քրեական գործերով զբաղվող ոստիկանությունը, լիազոր մարմինը»։

  • «Հետաքննությունը» լայն հասկացողություն է, շատ բան կարող ենք հասկանալ դրա տակ. «Մեր պատվիրատուները, Աստծուն փառք, հասկանում են ինչ են ուզում եւ հասկանում են՝ ինչ ա նշանակում հետաքննություն։ Ձեր ասած ոստիկանական հետաքննությունը իրականացնում է ձեր ասած մարմինը»։

-Իրավապահ մարմինների հետ խնդիր չի՞ լինում, որ դուք էլ եք իրականացնում հետաքննություն․ «Բացարձակ, որովհետեւ մերը լիցենազավորված կազմակերպություն ա, իրավասու ա կատարել էն աշխատանքները, որը լիցենզիայով տրված ա։ Դա նույնն ա ոնց որ ոստիկանության պահպանությունը իր բնագավառում իրականացնում ա պահնորդային ծառայություն»։

-Հետաքննությունը, որ կատարեցիք, եզրակացությունը ո՞ւմ եք տրամադրում, ո՞ւմ է պետք գալիս․ «Ում որ պետք ա գալիս։ Եթե գործը տրված է ոստիկանությանը, բնականաբար, մենք էլ մեր կողմից ենք անում հետաքննություն, որ պարզենք դա ինչին ա համապատասխանում, որովհետեւ տվյալ օբյեկտում կան բազմաթիվ ձայնագրություններ են կատարվում»։

-Դուք օգնո՞ւմ եք ոստիկանությանը ձեր հետաքննություններով․ «Իհարկե»։

-Իսկ Ձեր հետաքննությունները ովքե՞ր են իրականացնում․ «Ոստիկանության նախկին աշխատակիցներ, մարդիկ, որոնք մասնագետ են էդ հարցում։

Հարցին՝ ոստիկանության հետ պայմանագիր, պայմանավորվածություն ունե՞ն, Ռուբեն Սերոբյանը չպատասխանեց եւ անջատեց հեռախոսազանգը։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X