Արտուշ Գաբրիելյանին օգնելու համար երկու դատավոր գործուղեցին Էրեբունու դատարան

«Հրապարակը» գրել էր, որ «Սասնա ծռերի» գործը քննող Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից իշխանությունները դժգոհ են, ուստի հնարավոր է նրան փոխարինեն։ Հայտնել էինք, որ դատական վերնախավը քննարկում է «ծռերի» գործը կիսելու տարբերակը՝ մի մասը կքննվի էրեբունու դատարանում, մյուսը՝ Շենգավիթում: Դա կպատճառաբանեն դատավորների ծանրաբեռնվածությամբ, Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանին կգործուղեն Էրեբունու դատարան։ Մի դատավորի էլ Շիրակի մարզից կգործուղեն՝ «ծռերի» գործը քննելու:

Դատական դեպարտամենտից տեղեկանում ենք, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը դիմել է Դատարանների նախագահի խորհուրդ՝ խնդրելով քրեական մասնագիտացում ունեցող դատավորներ գործուղել՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը։ Խորհուրդն էլ որոշել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանին եւ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին սեպտեմբերի 25-ից 6 ամիս ժամկետով գործուղել Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան։

Մեկնաբանություն
X