Շտապբուժօգնությունը վճարովի դարձնելը ոչ մի լավ բան չի տալու․ առողջապահության նախկին նախարար

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն ուզում է նորամուծություն անել եւ շտապբուժօգնության ծառայությունը որոշ դեպքերում դարձնել վճարովի։ Այդ առումով նախարարին վարակել է Իսրայելի օրինակը։ Նա նշել է, թե Իսրայելի պես երկրում կանչերից միայն 10-15 տոկոսն է, որ անվճար է․ դրանք այն կանչերն են, որոնք հնարավոր է դասել անհետաձգելի եւ շտապ բուժօգնության կարիք ունեցողների շարքերը։

Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը կարծում է, որ ցանկացած ոլորտում, այդ թվում նաեւ առողջապահության ոլորտում, հատվածային բարեփոխումները հաջողության չեն բերում։ «Հիմա եւս մեկ անգամ առողջապահության ոլորտում տեսնում ենք հատվածային լուծում։ Կա շտապբուժօգնության պրոբլեմ։ Խնդիրը հատվածային է, բայց շտապբուժօգնությունն ինտեգրված է ողջ համակարգի մեջ, չէ՞։ Մենք համապատասխան քայլեր չենք արել, որ մյուս ծառայությունները լրացնեն այն բացը, որը գոյություն ունի։ Պետք է զարգանա ընտանեկան բժշկությունը, որպեսզի շտապբուժօգնության երեք-չորս կանչերը, որոնք հիմնավորված չեն, ընտանեկան բժիշկները վերցնեն իրենց վրա։ Այդ ժամանակ հասկանալի կլինեն նման քայլերը»,- ասաց Արարատ Մկրտչյանը։

Ինչ վերաբերում է Իսրայելի հետ համեմատությանը, ապա Արարատ Մկրտչյանը հիշեցնում է, որ այդ երկրում գործում է պարտադիր ապահովագրություն, առողջության առաջնային պահպանման հարցում համարվում է լավագույններից։ Իսրայելը նաեւ առողջապահության զարգացման եւ ֆինանսավորման մակարդակով համարվում է առաջիններից մեկը։ «1,5 տոկոս համախառն ներքին արդյունքից առողջապահության ոլորտին հատկացնելով համեմատվել զարգացած երկրների հետ՝ կարծում եմ, որ կոռեկտ չէ եւ չհիմնավորված։ Կա՞ շտապբուժօգնությունը բարեփոխելու կարիք։ Իհարկե, կա։ Սակայն շտապբուժօգնությունը վճարովի դարձնելը միայն դժգոհություն է առաջացնելու եւ ոչ մի լավ բան չի տալու։ Քաղաքացին ինչպես մնացել է անպաշտպան, այդպես էլ շարունակելու է մնալ անպաշտպան»,- ասաց նախկին նախարարը։

Մեկնաբանություն
X