Ինձ համար մեր աղջիկը շատ էլ լավն է (լուսանկարներ)

>

Ավարտվեց, այո, «Միսս Արմենիա-2017» իգական չարչարանաց գողգոթան: Հայտնի են հաղթողներն ու սփոփիչ մրցանակների տերերը: Արդյունքում ունենք այն ինչ ունենք՝ մեկ գեղեցկուհի, զայրացած հասարակություն, նախանձ աղջիկների բանակ, տարբեր ճաշակի տեր տղաների թունդ բանավեճ: Բնական է նաև, որ քիչ չեն ժյուրիի անդամներին տեսողական խնդիրներ վերագրողները:

Նման դեպքերում ես փորձում եմ կողմնակալ չլինել: Այսինքն, ինչպե՞ս կողմնակալ չլինել, կհարցնի ընթերցողը՝ կամ պիտի ասես սիրուն ա, կամ՝ սիրուն չի մեր գեղեցկուհին: Չէ, ես հարցին այդպես չեմ մոտենում: Ինձ համար բոլոր հայ աղջիկներն էլ սիրուն են: Դա է պատճառը, որ ես երբեք ժյուրիի անդամ չեմ դառնում: Եվ, առհասարակ, կարծում եմ, կարելի է գեղեցկության միջազգային մրցույթի տանել յուրաքանչյուր հայուհու, թեկուզ վիճակահանության սկզբունքով:

Հիմա էլ չեմ փորձի մեր գեղեցկուհու՝ Լիլի Սարգսյանի շուրջ աղմուկ բարձրացրած կողմերից որևէ մեկին սատարել: Սա այն դեպքն է, որ ում էլ տային մրցանակը, ինձ համար ընդունելի էր լինելու: Համակերպվո՞ղ եմ: Ոչինչ, աղջկա գեղեցկության հարցում կարելի է, և դրանից աշխարհը փուլ չի գա:

Եկեք ձեզ ավելի հետաքրքիր բան պատմեմ: «Միսս Հայաստան-2017»-ի ազգանունը Սարգսյան է, չէ՞: Իսկ հիմա գուշակեք, թե ինչ ազգանուն ունի «Միսս Ադրբեջան 2017»-ը... Ռազիյաթ Ալիևա... Ադրբեջանում համապատասխան մրցույթը տեղի է ունեցել հունիսի 19-ին, մեզնից շուտ, նրանք միանգամից «Միսս» և «Միսթեր» են ընտրել: Եվ հետաքրքիր բան է ստացվում: Մերոնք, պատահաբար, չե՞ն փորձել հետ չմնալ Ադրբեջանից և գեղեցկության միջազգային մրցումներին ներկայանալ լսողին շատ բան ասող ազգանունով: Դե չէ, պատահականություն է, նրանց մոտ Ալիև ազգանունն է շատ, մեզ մոտ՝ Սարգսյանը, դա չէ հարցը: Հարցն այն է, որ մի բան որոշելիս պետք է առաջնորդվել որևէ սկզբունքով: Ո՞րն է եղել մեր սկզբունքը: Ոչ ոք չգիտի:

Ռուսներն օրինակ, գեղեցկուհուն որոշելիս շատ ուշադիր են, որ նա լինի շիկահեր և հնարավորինս «հիմար»-իկ, ուկրաինացիները նախապատվություն են տալիս գեղեցկուհու սեքսուալությանը, թուրքերը՝ քաղաքական հայացքներին, ամերիկացիները՝ թե գեղեցկուհին տվյալ պահին պետության համար կարևոր որ ոլորտում է մասնագիտացված: Հետարքիր մոտեցում ունեն գերմանացիները՝ նրանք առաջնորդվում են աշխարհաքաղաքական ինչ-ինչ նկատառումներով:

Թուրքիայում մի քանի ժամ առաջ գեղեցկուհի ճանաչված Իթիր Էսենին թագազրկել են՝ սոցցանցում իր մի գրառման համար: Աղջիկը որոշել էր հուլիսյան հեղաշրջման փորձի մեկ տարին շատ կրեատիվ նշանավորել՝ գրելով. «Ինձ մոտ դաշտան սկսվեց, և իմ արյունը խառնվեց զոհված քաջերի արյանը»: Երբ թուրք հասարակության «նախանձ» մասը այս գրառումն սկսեց շրջանառել սոցցանցերում և մամուլում, Էսենին զրկեցին թագից ու թագադրեցին երկրորդ տեղը նվաճած Ասլի Սյումենին:

ԱՄՆ գեղեցկուհին, ինչպես հպարտությամբ են նշում այնտեղ, միջուկային ֆիզիկայի ոլորտի լուրջ մասնագետ է, նաև՝ քիմիկոս: Մտածում ես՝ ուրիշ էլ ի՞նչ է պետք Հյուսիսային Կորեայի միապետ Կիմ Չեն Ընի վրա ազդելու համար:

Դե իսկ Գերմանիայում այնպես են արել, որ իրենց գեղեցկուհու անվան մեջ մահմեդականություն երևա՝ Սոլայա Հոհլման:

Մեծ Բրիտանիայում տարվա գեղեցկուհի է ճանաչվել Շառլոտա Հոլմսը՝ տիպիկ բրիտանուհի իր ազգանունով, որ հանկարծ «Brexit»-ի հարցով կասկած չմնա որևէ մեկի մոտ:

Ի մի բերելով ասվածը և հաշվի առնելով այն «հսկայական» ազդեցությունը, որ հետագայում «Միսս աշխարհ» կամ «Միսս տիեզերք» մրցույթներն են ունենում պետությունների ու ազգերի առաջընթացի վրա, կարելի է վստահ ասել, որ հիմա, երբ մենք այսպես սրտառուչ, համարյա կրակի մեջ նետվելու պատրաստակամությամբ քննարկում ենք մրցույթի արդյունքները, պարզապես անիմաստ գործով ենք զբաղված:

Հ.Գ. Սա էլ հիշեք՝ ֆիզիկական թերություններից զերծ կենդանի գոյություն չունի:

Էդիկ Անդրեասյան

Մեկնաբանություն
X