Իրավունք

Մենք չենք հանցագործները, մենք «տուտ պրիչոմ»․ «Իգլայի» գործով ամբաստանյալ

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր շարունակվեց ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի եւ մյուսների գործով դատական նիստը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր դատարան էին բերել իրեղեն ապացույցները, այդ թվում «Իգլա» տեսակի զենքի խողովակը։

Ամբաստանյալներից Սանասար Գաբրիելյանը հայտարարեց, որ իրենք չեն հանցագործները․ «Տրուբայի տերն ու տեղափոխողն են հանցագործները, մենք «տուտ պրիչոմ»։ Յոթ ամիս ա՝ նստած ենք, իրանք իրանց համար «կայֆ են բռնում»: Գաբրիելյանը, «տրուբա բերող» ասելով, նկատի ուներ Էջմիածնի նախկին քաղաքապետ Երվանդ Աղվանյանի որդուն՝ Ռոբերտ Աղվանյանին, որն այս գործով ձերբակալվել է Վրաստանում, սակայն ՀՀ արտահանձնման մասին տեղեկություն դեռ չկա: «Բա ո՞ւր ա էտ մարդը, իրանն ա չէ էտ հրթիռը, իրան բռնեք-բերեք»,-ասաց Սանասար Գաբրիելյանը:
Նշենք, որ դատաքննությունը փաստաթղթերի հետազոտման փուլում է:

Հիշեցնենք, որ այս գործով ամբաստանյալի կարգավիճակում է 7 անձ, որոնցից ներկայումս կալանքի տակ են միայն երեքը՝ Սամվել Բաբայանը, նրա մարտական ընկեր Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը: Իսկ Կարեն Քոչարյանի, Անդրանիկ Քոչարյանի, Ժորա Զաքարյանի և Դավիթ Հարությունյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սամվել Բաբայանը մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ եւ 38-235-րդ հոդվածի 2֊րդ մասերով: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սամվել Բաբայանը դրդել է մի խումբ անձանց՝ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաեւ փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույք։

Մեկնաբանություն
X