Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI համագումարի հայտարարություն

Սեպտեմբեր 22-ից 24-ը քաղաքամայր Երևանում ընթացավ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության XXI հերթական փակ Համագումարը, որին մասնակցում էին աշխարհի 15 և Հայաստանից ընտրված շուրջ 100 կուսակցական պատվիրակներ: Համագումարի մեկնարկը տրվեց Եռաբլուրում, որտեղ մասնակիցները հարգանքի տուրք մատուցեցին Արցախյան ազատամարտում նահատակված ազատամարտիկներին:

Համագումարի մասնակիցները, քննարկելով Հայաստանում և Սփյուռքում հայ ժողովրդի ու Հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները և, որոշելով ՍԴՀԿ-ի առաջիկա 4 տարվա հավաքական ռազմավարությունն ու գործունեության ոլորտը, որոշեցին.

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունն առաջիկայում նույնպես պետք է շարունակի իր կազմակերպչական, քաղաքական ու տնտեսական առաջնահերթությունները ուղղել դեպի Մայր Հայրենիք:

ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Հայաստանի բնակչության ստվար մասը երկրում տիրող սոցիալական անարդարության պատճառով ապրում է տնտեսապես անբավարար վիճակում, ինչը համարվում է արտագաղթի գլխավոր պատճառներից մեկը, որի կասեցումը ազգային առաջնահերթություն է: Քաղաքական դաշտը վատառողջ է, չեն գործում արդար մրցակցության պայմանները: Այս հանգամանքի և սոցիալական արդարության բացակայության հետևանքով, չնայած որոշակի առաջընթացի, Հայաստանի Հանրապետությունում դեռ օրենքի լիակատար գերակայությունն ապահովված չէ:

Համագումարը գտավ, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է վարի տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրավիճակներից թելադրված արտաքին քաղաքականություն: Համագումարը դրական է համարում Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի Հանրապետության անդամակցությունը, ինչպես նաև հույս է հայտնում, որ մեր երկրի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը պետք է շարունակի մնալ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի վավերացումը:

Ս.Դ. Հնչակյան Կուսակցությունը Հայաստանում գործում է որպես Անկախ քաղաքական միավոր, այն իրավունք ունի համագործակցելու բոլոր այն քաղաքական կազմակերպությունների հետ, ովքեր ընդունում են Հնչակյան կուսակցության սկզբունքներն ու գաղափարախոսությունը, հատկապես, ժողովրդավարության և սոցիալական արդարության սկզբունքները:

ՍԴՀԿ XXI համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրը հայ ժողովրդի և հատկապես Հնչակյան կուսակցության համար մնում է առանցքային հիմնախնդիր և շեշտում է, որ Կուսակցությունն իր բոլոր հնարավորություններով պետք է ընդդիմանա ադրբեջանական ցանկացած ագրեսիային՝ լինի այն ռազմական, քաղաքական, քարոզչական, թե տնտեսական:

Համագումարը գտավ, որ Արցախի հիմնախնդիրն անհնար է լուծել ռազմական ճանապարհով, այլ միայն ազգերի ազատ ինքնորոշման սկզբունքի և իրավահավասար բանակցությունների արդյունքում ձևավորված բանաձևերի հիման վրա:

Համագումարը շեշտեց միջազգային հարթակներում Արցախի հիմնախնդրին ավելի լայն ճանաչում ապահովելու միտված ջանքերը բազմապատկելու անհրաժեշտությունը:

Համագումարը վերահաստատեց Արցախի Հանրապետությունը բանակցային սեղան վերադարձնելու անհրաժեշտությունը:

Սեպտեմբերի 24-ին ավարտվեց համագումարի աշխատանքները, որի արդյունքում ընտրվեց նոր Կենտրոնական վարչություն հետևյալ կազմով.

Համբիկ Սարաֆյան (ատենապետ, Ամերիայի Միացյալ Նահանգներ)

Վազգեն Համալյան (փոխատենապետ, Սիրիայի Արաբական Հանրապետություն)

Նարեկ Գալստյան (քարտուղար, Հայաստանի Հանրապետություն)

Հակոբ Տիգրանյան (Կիպրոս)

Շավարշ Ակինյան (Կանադա)

Մանո Շխրտմյան (Հայաստանի Հանրապետություն)

Ալեքսան Քեոշքերյան (Լիբանան)

Կիրակոս Թութունջյան (Կանադա)

Ջորջ Հակոբյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Թադևոս Քօրօղլյան (Ամերիկայի Միացյալ Նահանգներ)

Գևորգ Սաչլյան (Ֆրանսիա)

Ք. Երևան

25.09.2017

Մեկնաբանություն
X