Ես Հայրիկյանին չեմ ասել «աթար», ասել եմ «աթարի պես կպել է». Հայրիկյան-Անդրեասյան հաշտությունը չկայացավ

Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, նախագահությամբ դատավոր Հայարփի Զարգարյանի, շարունակվեց «Հայրիկյանն ընդդեմ Էդիկ Անդրեասյանի և «Հրապարակ» օրաթերթի գործով հերթական դատական նիստը, որի ընթացքում դատարանը քննեց հաշտության կայացման տեքստի հետ կապված՝ կողմերի դիրքորոշումը: Նիստին մասնակցում էին հայցվոր կողմի ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանը, պատասխանողի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը և պատասխանող Էդիկ Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը օրաթերթին և լրագրող Էդիկ Անդրեասյանին դատի էր տվել 2015թ. դեկտեմբերի 4-ին հրապարակված «Արգելակման կոճղակը» հոդվածի համար՝ գտնելով, որ լրագրողի առանձին արտահայտություններ վիրավորանք ու զրպարտություններ են պարունակում իր հասցեին, ինչպես նաև արատավորում իր գործարար համբավը: Նախընթաց դատական փուլերում կողմերը պատրաստակամություն էին հայտնել հաշտության գալու և դատարանից ժամանակ էին խնդրել հաշտության տեքստը միմյանց հետ համաձայնեցնելու համար:

Պատասխանող կողմը ներկայացրել էր հաշտության տեքստի իր տարբերակը, ուր մասնավորապես ասվում էր. «Ես՝ Էդիկ Անդրեասյանս անկեղծորեն վատ եմ զգում, որ 04.12.2015 թվականին «Հրապարակՙ օրաթերթում և www.hraparak.am կայքում հրապարակված «Արգելակման կոճղակը» հոդվածում իմ կողմից Պարույր Հայրիկյանի հասցեին արված արտահայտությունները ընկալվել են որպես վիրավորանք և զրպարտություն»: Այսօր, սակայն, դատարանում ներկայացվեց հայցվորի տեքստը, որտեղ ուղղակի պնդում կար առ այն, որ լրագրող Էդիկ Անդրեասյանը ընդունում է, որ վիրավորել է Հայրիկյանին և հայցում է նրա ներողամտությունը. «Ես՝ Էդիկ Անդրեասյանս, հայցում եմ Պարույր Արշավիրի Հայրիկյանի ներողամտությունը 04.12.2015 թվականին «Հրապարակ» օրաթերթում և www.hraparak.am կայքում հրապարակված «Արգելակման կոճղակը» հոդվածում իմ կողմից Պարույր Հայրիկյանի հասցեին արված արտահայտությունների համար»:

Պատասխանող կողմը ևս մեկ անգամ նշեց, որ որևէ մտադրություն Հայրիկյանին վիրավորելու չի ունեցել և անձնական որևէ վիրավորանք չի հասցրել քաղաքական գործչին: Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանն էլ հիշեցրեց, որ հանրության հետաքրքրության կենտրոնում գտնվող քաղաքական գործիչների պարագայում պետք է հաշվի առնել, որ վիրավորանքի ու զրպարտանքի շեմը զգալիորեն բարձր է քան սովորական քաղաքացիների պարագայում, ինչը հաստատված է նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանով և ՀՀ քաղաքացիական իրավունքի համապատասխան դրույթներով:

Հայցվոր կողմի ներկայացուցիչը, մի քանի արտահայտություններ մեջբերելով, փորձում էր ապացուցել, որ դրանք վիրավորանքներ են, ինչին ի պատասխան՝ Էդիկ Անդրեասյանը դատարանից խնդրեց, որ այդ, այսպես կոչված, վիրավորական արտահայտությունները հնչեն ամբողջական նախադասությունների մեջ՝ առանց կոնտեքստից կտրելու: Հայցվոր կողմի պնդմանը, թե լրագրողը Հայրիկյանին ասել է «աթար», Էդիկ Անդրեասյանը հակադարձեց՝ «Աթար չեմ ասել, ասել եմ «աթարի պես կպել է», ինչը բոլորովին այլ բան է»: Լրագրող Էդիկ Անդրեասյանը մատնացույց արեց նաև 2016թ. փետրվարի 16-ին Hraparak.am կայքում հրապարակված «Հե՞շտ է, արդյոք, լինել Հայրիկյան» հոդվածը, որտեղ ինքը մանրամասն անդրադարձել է հայցվոր կողմի ներկայացրած «վիրավորական» արտահայտություններին:

Հենց դատարանի դահլիճում հաշտության տեքստի վերախմբագրման ջանքերը արդյունք չտվեցին: Իր պաշտպանի միջոցով հեռախոսի մյուս ծայրում հայտնված Հայրիկյանը ոչ մի կերպ չհամաձայնեց պատասխանող կողմի ձևակերպումներին, և հաշտությունն այդպես էլ չկայացավ:

Նախագահող դատավորը նիստը հայտարարեց փակված և կողմերին դատարան հրավիրեց հոկտեմբերի 7-ին՝ ստանալու դատարանի վճիռը:

Մեզ հետ զրույցում Էդիկ Անդրեասյանը նշեց, որ միշտ էլ հարգանքով է վերաբերվել Հայրիկյանի անցած ուղուն և նրան այսօր էլ համարում է մեզանում հազվագյուտ երևույթ՝ մինչև ուղնուծուծը քաղաքական գործիչ:

«Նա քաղաքականության մեջ է արդեն 50 տարի: Դա մի ամբողջ կյանք է: Մենք, ճիշտ է, անձամբ չենք ճանաչում միմյանց, բայց դա պատճառ չէ, որ չկարողանաս գնահատել այդ գործչի դերակատարությունը՝ լավ թե վատ, էական չէ: Իմ հոդվածը ընդամենը իրավիճակի վերլուծություն է: Ցավում եմ, այո, որ նրա մակարդակի գործիչն իմ օգտագործած արտահայտությունների մեջ «անձնական» վիրավորանք ու զրպարտություն է տեսնում»,- նշեց Անդրեասյանը:

Մեկնաբանություն
X