Գեղեցկության մրցույթի «տգեղ» կողմերը (ֆոտոշարք)

>

Հայաստանը «Միսս»-ի երես վերջին անգամ տեսել էր 2012-ի «հայտնի մրցույթին», մեկ էլ տեսավ երեկ՝ «Միսս Արմենիա»-ի ժամանակ: Մրցույթի կազմակերպիչ Գոհար Հարությունյանը խոսքի տերն եղավ. մրցույթը կայացավ, իսկ դատական քաշքշուկները մնացին մամուլի լուսանցքներում: Թե հետագայում ինչ զարգացում կունենան դրանք, առայժմ կդժվարանանք ասել, սակայն այն, որ մրցույթը մեծ իրարանցում առաջացրեց սոցցանցերում, ականատեսը եղանք շատերս:

Ֆեյսբուքահայությունը սվիններով ընդունեց ոչ միայն մրցույթի հաղթող Լիլի Սարգսյանին, այլև մյուս մասնակիցներին․ բեմական տեսքի, ժպիտի բացակայություն, քայլք, պահելաձև, ինտելեկտի պակաս։

Հիշեցնենք, որ «Միսս Արմենիա 2017» մրցույթում հաղթող ճանաչվեց 17-ամյա Լիլի Սարգսյանը՝ Երևանից։ «Միսս Արմենիա» մրցույթում 4-րդ վիցե միսս ճանաչվեց Արմինե Մանուկյանը, 3-րդ վիցե միսս՝ Թերեզա Մարտիրոսյանը, 2-րդ վիցե միսս՝ Արփինե Հարությունյանը, 1-ին վիցե միսս՝ Անահիտ Իսահանովան: «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին արժանացավ Էդուարդա Բաղդասարյանը, իսկ «Միսս սփյուռք» մրցանակին՝ Սինտիա Տաբուջյանը Լիբանանից:

Քննադատելը, ընդունեք, մեր հասարակության «մասնագիտությունն» է, բայց այն ընդունելի է, եթե տեղին է։ Մենք չենք անդրադառնում հայուհիների «գեղեցկության չափանիշներին», դրա համար կան մասնագետներ, մենք ներկայացնում ենք այն բացթողումները, որոնք եկան համոզելու, որ մրցույթը վարկանիշի առումով չզիջեց 2012 թվականին կայացած «Միսս Հայաստան» մրցույթին։ Թեև Գոհար Հարությունյանը հակառակն «ապացուցելու» խնդիր, այնուամենայնիվ, ուներ։

Հաղորդավարները ձախողեցին

Հաղորդավարները մասշտաբային մրջոցառումների ժամանակ հուզվելու իրավունք չունեն։ Եթե հուզվում են, ուրեմն ընտրությունը սխալ է։ «Միսս Արմենիա»-ի հաղորդավարներն էին Սոս Ջանիբեկյանն ու Լոս Անջելեսից ժամանած Արմեն Գարդմենխանյանը։

Որքան էլ հայ հասարակությունը սիրի, ընդունի իր դերասաններին, որքան էլ նրանք բեմում նմանը չունենան, ուղիղ հեռարձակումը այլ պահանջներ ունի։ Ոչ պրոֆեսիոնալ մոտեցումը հաղորդավարական գործին տվեց իր «պտուղը»։ Եւ եթե այդ ձախողումը չլիներ, վստահաբար մրցույթի «սիրողական կազմակերպված» լինելը աչքի չէր զարնի։ Նախ հաղորդավարները լավագույն 10-յակը ներկայացնելիս 9 մասնակցի անուն տվեցին։ Հետո ընկան ցայտնոտի մեջ, երբ հանդիսատեսը բացասական արձագանք տվեց։

Աղջիկներին մի քանի անգամ բեմ բարձրացրին ու «գտան» վերջին՝ 10-րդ մասնակցին։ Լավագույն 10-յակի ծրարի հետ մեկտեղ Սոս Ջանիբեկյանի ձեռքում նաև լավագույն 5-յակի ծրարն էր։ Այդ մասին հայտնեց հենց հաղորդավարը։ Հետևությունը թողնում ենք ընթերցողներին։ Միջոցառման կուլմինացիոն պահին հաղորդավարները հայտարարեցին 4-րդ, 3-րդ և 2-րդ մրցանակակիներին։ Լավագույն 5-յակի 2 հայուհու միջև էր պայքարը, որոնցից մեկը մրցույթի հաղթողն էր, մյուսն էլ, ըստ էության, 5-րդ հորիզոնական զբաղեցրած հայուհին։ Հաղորդավարը նշեց, որ 2 հայուհիներից մեկը մրցույթի հաղթողն է, մյուսը՝ «Վիցցե Միսս Արմենիան»։Գոհար Հարությունյանը ժյուրիի սեղանից ձեռքերի շարժումներով հասկացրեց, որ 2-րդ հորիզոնականը վաղուց հայտարարվել է։ Մեզ մնում է միայն արձանագրել, որ հաղորդավարները իրենց տեղում չէին, իսկ «վիցեների» թնջուկը բավական խճճված ու անհասկանալի էր։

Ժյուրին պրոֆեսիոնալ չէ՞ր

Ժյուրի կազմը մինչև վերջին օրը անհայտ էր։ Միջոցառմանը պարզ դարձավ, որ հայուհիներին «դատելու» էին Գոհար Հարությունյանը, Լուսինե Թովմասյանը, Գեւորգ Շադոյանը, Գոռ Հարոյանը, Մարի Ստեփանյանը, Արմեն Երիցյանը, Արթուր Ղուկասյանը, Իրինա Վարդանյանը, Սալբի Մեգերյանը, Վիգեն Սեֆիլյանը, Սերոբ Անտինյանը։ Մարդիկ, որոնցից ոչ բոլորը կապ ունեն «Միսս Արմենիա» մրցույթի հետ․ նրանցից ոմանք մրցույթի հովանավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ էին՝ մշակույթի նախարարությունից, Արմենիա հեռուստաընկերությունից և այլն։ Սա ևս փաստում է, որ մրցույթը սիրողական մակարդակում էր կազմակերպված։

Բայց այն, որ գեղեցկության ոլորտում Գոհար Հարությունյանին հաջողվեց շարժ անել, ակնհայտ է և գովելի։ Իսկ երեկվա մրցույթը սիրողական մակարդակում թող լինի նախակարապետը։ Պրոֆեսիոնալիզմը դեռ առջևում է։

Հ․Գ․ «Հրապարակին» հայտնի դարձավ, որ «Միսս Արմենիա» մրցույթից հետո հաղթողի թագը պատրաստողները, նեղսրտած այն հանգամանքից, որ իրենց անունը բազմիցս չեն հրապարակել, գիշերը գնացել եւ հաղթողից հետ են վերցրել թագը։

Վով Մուշեղյան

Մեկնաբանություն
X