Մեր հասարակությունը միշտ չէ, որ դրական է գնահատել նշանակված նախարարների գործունեությունը․ արցախցի իրավապաշտպան

Արցախում սահմանադրական փոփոխություններից հետո տեղի են ունենում կադրային եւ կառուցվածքային փոփոխություններ։

Այսօր արդեն ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով սահմանվել է կառավարության կառուցվածքը, նշանակվել են նախարարներ։

«Հելսինկյան նախաձեռնություն-92»-ի ԼՂՀ կոմիտեի համակարգող Կարեն Օհանջանյանն, արձագանքելով Արցախի կառավարությանը վերաբերող մեր հարցին, նշեց, որ ինքը նորմալ է վերաբերում նոր նշանակումներին։

«Նախարարներից շատերն աշխատել են կառավարությունում մինչեւ սահմանադրական փոփոխությունները, եւ նրանց աշխատանքը միշտ չէ, որ դրական է գնահատվել մեր հասարակության կողմից՝ ելնելով նրանց պահանջներից։ Եթե նախագահը Արցախի համար այս բարդ ժամանակահատվածում պետական պաշտոններ է վստահել նշանակված անձանց, ուրեմն դրական է գնահատում այդ մարդկանց ներուժը եւ նրանց հետ միասին պատրաստ է պատասխանատվություն կրել իր առջեւ դրված խնդիրների իրականացման համար։ Ես իմ կողմից ուզում եմ հուսալ, որ կառավարության նոր կաբինետը կկարողանա ադեկվատ եւ արդյունավետ պատասխանել ներքին եւ արտաքին մարտահրավերներին եւ կապահովի մեր ժողովրդի անվտանգությունն ու ապահովությունը»,- ասաց Կարեն Օհանջանյանը։

Մեկնաբանություն
X