Նոր ինտրիգներ Շիրակի պետական համալսարանում. կրքերը չեն հանդարտվում

Լարված իրավիճակ է Շիրակի պետական համալսարանում: Ամեն ինչ իրար է խառնվել: Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի եւ դասախոսական կազմի հարաբերությունները սրվել են: Այսօր համալսարանի դասախոսներից Քաղաքագետ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին:

Նամակում մասնավորապես ասվում է.

«Մեծարգո պարոն նախագահ, պարոն վարչապետ, Շիրակի պետական համալսարանի ներքոստորագրյալ աշխատակիցները վրդովմունքով հայտնում են, որ ռեկտոր Սահակ Մինասյանը մեկ տարի շարունակ ավերում է բուհը՝ հանուն սեփական շահադիտական նպատակների: Հարկավ, այս նամակում տեղի և ժամանակի սղության պատճառով չենք կարող անդրադառնալ ռեկտորի բոլոր կամայականություններին, որոնց պատճառով համալսարանում ուսումնական գործընթացը խաթարված է, դասախոսների և ուսանողների աշխատանքային ու կրթական ապագան՝ վտանգված: Ստորև անդրադառնում ենք միայն մի քանի հարցերի: Գիտության հետ ոչ մի կապ չունեցող, երբևէ լսարան չմտած ռեկտորը, ոչինչ չհասկանալով ուսումնական պլաններից և դասաբաշխումներից, շարժվելով երկակի ստանդարտներով, անձամբ է կատարում դասաբաշխումները՝ հաշվի չառնելով դասավանդվող առարկաների մասնագիտական ուղղվածությունը և տվյալ դասախոսի մասնագիտացումը:

Փաստորեն, ըստ ռեկտորի՝ ցանկացած դասախոս կարող է դասավանդել ցանկացած առարկա. համապատասխան հմտություններ և գիտելիքներ տվյալ առարկայից պետք չեն: Հայաստանի Հանրապետության ոչ մի բուհի ռեկտոր երբեք իրեն թույլ չի տա դասաբաշխում կատարել: Այս հարցերի մասին պատրաստ ենք տեղում էլ ավելի ճչացող կամայականություններ ներկայացնել: Աղքատ մարզում և քաղաքում, առանց աշխատաշուկայի պահանջներն հաշվի առնելու, առանց մասնագիտական, գործնական հիմնավորման բակալավրիատում և մագիստրատուրայում կատարվեց անվճար ուսուցման տեղերի՝ միայն ռեկտորի համար ընդունելի բաշխում, մեծ չափով բարձրացվեցին վարձավճարները, երբ դրա կարիքը չկար: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել: Հեռակա և առկա ուսուցման վարձավճարները հավասարեցվեցին, այն դեպքում, երբ հեռակա ուսուցման տևողությունը 5 տարի է, իսկ առկայինը՝ 4 տարի:

Հեռակա ուսուցման վարձավճարները բարձրացնելուց հետո կազմակերպվեց, այսպես կոչված, ինտեգրված ուսուցում առկա ուսուցման հետ, որպեսզի դասախոսներին չվճարեն և զբաղվեն շինարարությամբ ու էլ չգիտենք ինչերով: Հիմնովին փոխվեցին բակալավրիատի և մագիստրատուրայի ուսումնական պլանները՝ ստեղծելով լուրջ խառնաշփոթ: Առաջին կուրսերի ուսումնական պլանների հետ փոխվեցին նաև II-IV կուրսերի և մագիստրատուրայի II կուրսի պլանները, ինչի հետևանքով ուսանողները դժգոհում են, որ նույն առարկաները երկրորդ անգամ են անցնում,իսկ կարևոր առարկաներ տեղափոխվել են նախորդ կուրս, և ուսանողը բաց է թողնում տվյալ դասընթացը: Կուրսերի մեծ մասը թերբեռնված են, սակայն 10 հոգանոց խմբերում ևս ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում, ինչի պատճառով կրթական ծրագրի վերջնարդյունքները չեն կատարվում: Նույնիսկ առկա-հեռակա ինտեգրված ուսուցման ժամանակ, երբ կուրսերում ուսանողների քանակն ավելանում է, կրկին ուսումնական պլանների ժամաքանակի 50 տոկոսն է կատարվում: Նպատակը պարզից էլ պարզ է. չվճարել դասախոսին և զբաղվել շինարարությամբ ու յուրայիններին բարձր աշխատավարձ տալով: Այս պայմաններում կուրսերի մեծ մասը 2-3 օր է դասի գալիս: Այս հարցում ևս պատրաստ ենք փաստեր ներկայացնել:

Մեկ տարի չանցած՝ հայտարարվեց, որ նախկին ռեկտորից մնացած 500 միլիոն դրամն այլևս չկա, բյուջեն ճեղքվածք է տվել: Կատարվում է հսկայածավալ շինարարություն, որի անհրաժեշտությունը համալսարանը չունի: Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ (ռեկտորն անընդհատ հայտարարում էր, որ Համաշխարհային բանկի միջոցներով է շինարարությունը կատարվում, ու միայն վերջերս համալսարանի կայքում տեղեկատվություն տարածվեց, որ համալսարանն էլ է մասնակցում շինարարության ֆինանսավորմանը) դահլիճն է վերակառուցվում: Սա արժի ավելի քան 100 000 000 դրամ: Համալսարանում և վերջինիս դպրոցում ու քոլեջում բուֆետներն են հիմնանորոգվում: Համալսարանի բուֆետի հիմնանորոգումը համալսարանի բյուջեի համար արժեցել է 25 000 000-ից ավելի գումար: Բուֆետի աշխատակիցների աշխատավարձը վճարում է համալսարանը: Հետևությունները Ձեզ ենք թողնում: 500 000 միլիոն դրամը նախատեսված է եղել ուղղել աշխատավարձերի վճարմանը այս և հատկապես հաջորդ տարի, քանի որ հաջորդ տարի դիմորդների թիվը խիստ նվազելու է: Համալսարանի գրադարանային ֆոնդը անխնա ոչնչացվեց, գրքերը համարվեցին առողջության համար վտանգավոր, գրապահոցները գրքերից ազատվեցին, որպեսզի գրախանութ դառնան: Իհարկե, այս ամենը կատարվում է ռեկտորի սեփական շահերի համար:

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս բակալավրիատի ներբուհական և մագիստրատուրայի ընդունելությունները կազմակերպվեցին խայտառակ ձևով: Միայն մեկ փաստ. իրավագիտության մագիստրատուրա ընդունվեցին բազային կրթությամբ բակալավրի քիմիա, կենսաբանություն, բնապահպանություն մասնագիտությամբ շրջանավարտներ, որոնք, իբր, 3 լրացական դասընթացներով լրացնելու են մասնագիտական բացը և մի քանի տարի արդեն պրակտիկ իրավաբաններ են: Ռեկտորը հայտարարում է, որ կրթության որակով չենք զիջելու ԵՊՀ-ին, երբ վերջինս նույն իրավագիտության մագիստրատուրա ընդունում է միայն իրավագիտության որակավորում ունեցող բակալավրի շրջանավարտներ: Իր բարեկամ-մտերիմների համար նշանակել են հսկայական աշխատավարձեր, որոնք բուհական համակարգից անչափ հեռու են: Համալսարանի ուսանողներին բարձր աշխատավարձով նշանակում է այս կամ այն հաստիքին, որոնք աշխատանքային ոչ մի հմտություն չունեն: 2500 ուսանող ունեցող բուհում ռեկտորի մտերիմները ոչ մի բան անելու համար ստանում են 300 000-400 000 դրամ:

Նման շռայլություն հանրապետության նախագահն ու վարչապետն իրենց թույլ չեն տալիս օգնականների, խորհրդականների համար: Իսկ եթե փորձես գումար խնդրել գիտաժողովներին մասնակցելու համար, անմիջապես կհայտարարի, որ գումար չկա, և գիտաժողովին մասնակցելու իմաստը ո՞րն է: Համալսարանում 1937 թիվն է: Բարոյահոգեբանական մթնոլորտը չափազանց ծանր ու լարված է, իր մտերիմների միջոցով տոտալ վերահսկողություն է սահմանում մտավորականի կերպարը պահող աշխատակիցների նկատմամբ. ով ուր գնաց, ում հետ խոսեց:

Ռեկտորի հետ շփվել հնարավոր չէ, ամբողջ օրը ինտրիգների, բանսարկությունների մեջ է, սրում է միջանձնային հարաբերությունները, ահաբեկում է «բռնել տալ»-ով, կոմպրոմատներ ունենալով: Հարգելի պարոն նախագահ, պարոն վարչապետ, խնդրում և պահանջում ենք ֆինանսական և այլ ստուգումներ կազմակերպել համալսարանում՝ ռեկտորի և նրա հովանավորների ազդեցությունը ստուգումների արդյունքի վրա բացառելով: Պատրաստ ենք նաև այլ աղաղակող բացահայտումներ անել:

Մտածենք սերնդի մասին…»:

Հ.Գ. Ի դեպ, Հովհաննես Խորիկյանը ժամեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նամակի հրապարակումից հետո Սահակ Մինասյանն իրեն ազատել է ամբիոնի վարիչի պաշտոնից: Hraparak.am-ը կապվեց բուհի ռեկտոր Սահակ Մինասյանի հետ՝ պարզաբանումներ ստանալու նպատակով, ով ասաց, որ ստեղծված իրավիճակի հետ կապված շուտով հատուկ հայտարարությամբ է հանդես գալու:

Մեկնաբանություն
X