Մերժում եւ ընդունում են Ժիրայր Սեֆիլյանի կոչը

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը, որը գտնվում է անազատության մեջ, դիմել է հասարակական եւ քաղաքական մի շարք գործիչների՝ առաջարկելով վերջ տալ ինքնախաբերությանը եւ ընդդիմադիր դաշտում ձեւավորվող նոր օրակարգով ստեղծել ազգային դիմադրության ճակատ։ Դիմումի հասցեատերն էլ 31 հոգի է, չնայած, ըստ Սեֆիլյանի՝ ցուցակը սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով։ Ներկայացված ցանկը ընդդիմադիր ֆեյսբուքցիները վերապահումով ընդունեցին, նրանք կապ չտեսան դիմումի հասցեատերեր Նիկոլ Փաշինյանի, Րաֆֆի Հովհաննիսյան եւ Վարդան Օսկանյանի միջեւ, էլ չենք ասում, որ ցուցակում նշված քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանի եւ կինոսցենարիստ Վահրամ Մարտիրոսյանի հարաբերությունները սկսեցին լարվել։ Մարտիրոսյանը Հովհաննիսյանի հետ համագործակցելու պատկերացում չունի, քանի որ վերջինս «Գրիբոեդով ակումբ»-ի անդամ է, իսկ քաղաքագետն էլ կինոսցենարիստին առաջարկեց արդեն գոյություն չունեցող «Գրիբոեդով ակումբի» անդամներին «սիրահետելու» փոխարեն Բոյարսկու գլխարկը դնի գլխին և գնա, տապալի ու փշրի Գրիբոեդովի արձանը Երևանում:

Սեֆիլյանի կոչին դրական արձագանքեց ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը։ «Սեֆիլյանի առաջարկը տեղին է եւ ամեն ինչ պետք է արվի հայրենիքի փրկության համար։ Իսկ մնացածը՝ տեսնենք ոնց կստացվի, ոնց կհամախմբվեն։ Ուրիշ ելք չունենք, ուրիշ հարցեր կան, թե ովքեր կան ընդգրկված այդ խմբի մեջ, դա ժամանակի խնդիր է։ Ես իր առաջարկի հետ համաձայն եմ, ուղղորդենք այդ շարժումը, ես իմ կարծիքով, իմ ցանկությունով, մնացածի տեղը չեմ կարող պատասխանել։ Հայտարարությունն արել ա, արձագանքները կերեւան այս երկու օրը, թե ով կմիանա շարժմանը»։

Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը կարծում է, որ Սեֆիլյանը նշել է այն մարդկանց անունները, որոնք ակտիվ են եւ որոնց հետ կարելի է հույսեր կապել․ «Եթե Դուք գիտեք այլ ակտիվ մարդկանց, որոնք սրտացավ են եւ ինչ-որ բան են ուզում անել, կարող եք առաջարկել։ Ես կարծում եմ, որ ինքը նորմալ բան է առաջարկել։ Վիճակն այսօր շատ ավելի լուրջ է, քան այս կամ այն մարդու անձնական կարծիքը։ Մենք պետք է հասկանանք, որ միավորվելն անհրաժեշտություն է։ Եթե այդ երեսուն հոգու մեջ գտնվեն տասնհինգ հոգի, որոնք իրենց ամբիցիաներից վեր կդասեն իրավիճակի մտահոգությունը, ապա ողջունելի է։ Ես ցուցակում նշված անձանցից ոմանց հետ շփվել եմ եւ համոզվել, որ նրանք իրենց անձնական ամբիցիաներն ավելի վեր են դասում, քան գաղափարը։ Ես Հայաստանում տեսնում եմ ինձ ցանկացած մեկի կողքին, նույնիսկ Աշոտ Մանուչարյանի կողքին եմ ինձ տեսնում։ Հիմա իրավիճակը շատ ծանր է, այդ մարդկանց հետ հույսեր են կապում»։

Արցախի Հանրապետության ռազմական և քաղաքական գործիչ, Ժիրայր Սեֆիլյանի մարտական ընկեր, իր վկայությամբ՝ հենց Ժիրայր Սեֆիլյանի տեսակից Վահան Բադասյանը համաձայնություն է տվել միայն բարոյապես աջակցել Սեֆիլյանի կոչին, սակայն իրականանալի չի համարում այն. «Բարոյապես իմ մարտական ընկերոջ կողքին եմ, բայց, ցավոք սրտի, իմ մարտական ընկերը թեեւ ամեն ինչով ճիշտ է, բայց անհնարին է, որովհետեւ այսօր հասարակությունը զրկված է իր իրավունքներից, որ ներգործության ունենա անարդարդության վրա»:

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համաձայն է Ժիրայր Սեֆիլյանի հետ, ինչի մասին ինքը բազմից արտահայտվել է, կարծումէ, որ համախմբված պայքարի համար անհրաժեշտ է արտաքին ու ներքին քաղաքականությունների հստակ և այլընտրանքային օրակարգ, քաղաքական այդ թիրախները կիսող ու դրանց հավատացող առաջնորդության թիմ եւ այն հանրության լայն զանգվածների սեփականություն դարձնելուն ուղղված էֆեկտիվ ռազմավարություն, գործիքակազմ ու այդ ուղղությամբ լուրջ, հետևողական նախապատրատական աշխատանք՝ կազմակերպական ցանցեր ստեղծելով հանդերձ: «1998-ից ցայսօր ընդդիմադիր բոլոր պայքարները, որոնց փոքրիկ մասնիկներից մեկն եմ եղել նաև ինքս, լավագույնը ապացուցելու եկան, որ շարժման ղեկավարության կողմից թվարկվածներից որևէ մեկի անտեսումը տապալման է դատապարտում ողջ շարժումը՝ դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով հանդերձ: Իմ համեստ մասնակցությունը որևէ նման պայքարի կարող եմ դիտարկել այնքանով, որքանով այն լուծումներ կտա թե իմ և շատերիս քաղած դասերին, ու նաև՝ որքանով վստահություն կներշնչի հենց ինձ»,- ավելացրել է Սաֆարյանը։

Ազատամարտիկ Ժիրայր Սեֆիլյանի կոչին ցուցակում առկա քաղաքական դեմքերից արձագանքել է միայն «Երկիր Ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը՝ նշելով, որ ինքը մերժում է Ժիրայր Սեֆիլյանի համախմբման առաջարկությունը՝ անվանական այն ցանկով, որը կցել է Սեֆիլյանը:«Ես այդ անձանց պարզապես չեմ վստահում»,- ասել է Զարուհի Փոստանջյանը՝ հավելելով, որ չի պատրաստվում գործընթաց սկսել այն անունների տերերի հետ, որոնց առաջարկել է Ժիրայր Սեֆիլյանը: Դիմումի հասցեատերեր Րաֆֆի Հովհաննիսյանը, Նիկոլ Փաշինյանը, Վարդան Օսկանյանը դեռ չեն արձագանքել Սեֆիլյանին։

Աննա ՊԱՊԻԿՅԱՆ

Մեկնաբանություն
X