Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքարի, պարզապես պետք է կազմակերպել դա․ Արմեն Գրիգորյան

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Գրգորյանի հետ

- Պարոն Գրիգորյա՛ն, Ժիրայր Սեֆիլյանի կոչում նշված էր նաև Ձեր անունը, Դուք էլ անդարդառնալով դրան նշել էիք, որ կմասնակցեք ցանկացած ֆորմատի քննարկման: Քանի որ ցուցակում ընդկրգված մարդկանց մեջ կան այնպիսիք, որոնք՞ ինչ-որ շրջանում միմյանց դեմ են պայքարել կկարողանա՞ն նրանք համախմբվել ու օրակարգ ձևավորել։

  • Կարծում եմ, որ Հայաստանը հիմա գտնվում է այնպիսի ճգնաժամային իրավիճակում, որ ցանկացած նմանատիպ ցուցակում մարդիկ են լինելու, ովքեր իրար հակադիր ճամբարներում են եղել, խնդիրներ են ունեցել, բայց, կարծում եմ, պետք է ոչ թե քննարկել, թե ով ինչ խնդիր ունի, այլ ինչ է պետք անել ու խնդրի լուծման շուրջ քննարկում ծավալել։

Գլխավորը ոչ թե պետք է լինի, թե մենք միմյանց հետ ինչ խնդիր ունենք, այլ Ժիրայր Սեֆիլյանի կոչի շուրջ համախմբվենք, այդ կոչի շուրջ միմյանց հետ աշխատենք։

- «Սասնա ծռերը» փորձեցին Սեֆիլյանին աջակցել՝ ընտրելով զինված ապստամբության ճանապարհը։ Որքանո՞վ էր դա արդարացված ու առհասարակ մեր երկրի ներսում զենքով հարց հնարավո՞ր է լուծել։

  • Ասել, թե նրանց այդ արարքը հաջողվել է, թե չի հաջողվել մի փոքր երկակի ընկալում ունի։ Վերջերս էլ չինացիներից մեկն ասել էր, որ Ֆրանսիական հեղափոխությանը դեռ վաղ է գնահատական տալ։ Նույնը կարելի է և այս դեպքում ասել, որ դեռ վաղ է գնահատական տալը։ Ես կարծում եմ, որ այդ գործողություններն իրենց ազդեցությունն ունեցան, բայց թե ինչքանով կարող է այդ ազդեցությունը դրական փոփոխությունների հանգեցնել արդեն հասարակության խնդիրն է։

- Կարծիք հնչեց, որ 10 հազար դրամով իշխանությանը ձայն տված հասարակությունը պատրաստ չէ ընդվզման։ Համամի՞տ եք այս տեսակետին։

  • Իրականում շատ է քննարկվում՝ այդ տասը հազար դրա՞մն է եղել իրական դեր խաղացողը, թե՞ այլ գործոններ։ Ես կարծում եմ, որ կարևոր դեր է այս ընտրություններին խաղացել ադմինիստրատիվ գործոնը։ Եթե թվերով նայենք երկու կուսակցություն է, որ իր ձայներն ավելացրել է 2012 թվականի համեմատ, դա ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն է։ Այս երկուսն էլ ունեն ադմինիստրատիվ ռեսուրս, որը բավականին մեծ դեր է խաղացել։

Ժողովրդի մեջ կա զանգված, որը պատրաստ է պայքարի, պարզապես պետք է կազմակերպել դա։ Եթե կազմակերպված աշխատանքներ լինեն, ժողովուրդը կընտրի պայքարի ուղին ու անգամ գումար վերցրած մարդիկ կարող են միանալ։

- Քանի որ իշխանության ձեռքին է դատական համակարգը, և ովքեր քիչ թե շատ վտանգ են սպառնում իրենց համար զբաղեցնում են քաղբանտարկյալի աթոռը, չկա՞ մտավախություն, որ նույնը կարող է սպառնալ նաև ձևավորվելիք թիմի անդամներին։

  • Մեզ պես ավտորիտար երկրում, եթե այդպես մտածենք, պետք է գնալ տուն նստել ու ոչինչ չանել, որովհետև վտանգ կա, որ եթե դու ինչ-որ բան անես, կարող է տանիցդ «Իգլա» կամ տանկ գտնեն։ Նրանք, ովքեր պայքարում են գիտեն, որ ցանկացած պահի իշխանությունը կարող է տարատեսակ քայլերի դիմել, բայց դա ընտրություն է, կարող է լինել, կարող է և չլինել։

Կա նաև մեկ այլ տարբերակ՝ նստել տանը և հետևել, թե ինչպես է մեր հասարակությունը հայտնվում ավելի խորը ճգնաժամի մեջ։

Երկրում առկա խնդիրների մասին գրեթե բոլորը տեղյակ են, լուծման բազմաթիվ տարբերակներ կան մարդկանց ուղեղներում ու սեղանին: Ահագին թվթվ գաղափարներ էլ փորձարկվել են արդեն, սակայն կամ չեն աշխատել, կամ էլ հաջողություն չեն ունեցել: Հայաստանի զարգացման հարցի պատասխանը 700 մլն դոլարն է՝ մի տարվա կուտակած պետական պարտքի չափը:

Հարցի պատասխանը գտնելու համար պետք է նստել ու խոսել, հասկանալ, թե ինչ նոր լուծում կա, կամ էլ օգտագործված լուծումներից որոնք կարող են թարմացվել և օգտագործվել:

Հիշեցնենք, որ երեկ Ժիրայր Սեֆիլյանը բանտից հասարակական, քաղաքական գործիչներին ուղղված կոչ է հրապարակել՝ ստեղծել Ազգային դիմադրության ճակատ: «Ժամանակն է, որ բոլորդ դուրս գաք ձեր ոլորտներից, թողնեք ձեր առօրյա գործերը, ժամանակավորապես մի կողմ դնեք ձեր տարբերությունները, հրաժարվեք մենակ պայքարելու անարդյունավետ գայթակղությունից և համախմբվեք ու գործեք հանուն աղետը կանխելու և երկրին ու ժողովրդին նոր կյանքի լիցք ներարկելու։
Նպատակի իրագործման և դրա խնդիրների և դրանց լուծման ուղու ճիշտ որոշումը կարող է և պետք է դառնա գործի հաջողության հիմնական գրավականը։
Մեր երկիրը գաղութացված է, պետությունը դարձել է պետականությանը և ժողովրդի գոյությանը սպառնացող մեքենա, ուստի մեր նպատակը մեկն է՝ ազատագրվել գաղութային համակարգից (Armexit) և ստեղծել ազգային-պետական համակարգ։
Նպատակը ենթադրում է դրա իրագործման խնդիրները.

ա) համախմբել ժողովրդին և կազմակերպել ազգային դիմադրություն՝ «Սասնա ծռերի» և բոլոր քաղբանտարկյալների ազատության հարցը դարձնելով ժողովրդին ոտքի հանելու լիցք և նրա մոբիլիզացիայի շարժիչ ուժ,

բ) հեռացնել գաղութային վարչակազմին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ,

գ) ստեղծել ժողովրդի վստահության կառավարություն, որը պետք է կազմակերպի իշխանությունը ժողովրդին վերադարձնելու, ռուսական գաղութատիրությունից Հայաստանը (Արցախը ներառյալ) ազատագրելու գործընթացի մեկնարկը»,- գրված է Սեֆիլյանի կոչում։

Լիլիթ Շաբոյան

Մեկնաբանություն
X