Արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին

Աբովյան քաղաքում գործող «Սիփան» պահածոների և ոչ-ոգելից ըմպելիքների գործարանում երեկ տեղի ունեցած պայթյունի հետևանքով երկու քաղաքացի է վիրահատվել:

Թե ինչի հետեւանքով է եղել պայթյունը, այս մասին որեւէ պաշտոնական տեղեկատվություն չկա, միայն նշվում է որ գազի արտահոսք է եղել:

Ականատեսները պատմում են, որ նախ՝ ուժեղ ձայն են լսել, այնուհետեւ ծուխ տեսել, մարդիկ այս ու այն կողմ էին վազում, օգնություն կանչում. «Պատը փլվել է էդ ջահել տղու վրա, ողնաշարը կոտրվել է, իսկ մյուս տուժածը իր այգում է եղել: Պատկերացնո՞ւմ եք պայթյունի ուժգնությունը, քարերը այս ու այն կողմ են ցրվել, եւ խեղճ մարդը վնասվել է»:

Մեզ հաջողվեց զրուցել գործարանի աշխատակիցներից մեկի հետ, ով որոշ մանրամասներ պատմեց տեղի ունեցած պայթյունից. «Առավոտյան, երբ գործի եկանք, գազի հոտ էր գալիս, տեղյակ ենք պահել տնօրինությանը, որ գազի արտահոսք կա: Մի քիչ հետո պայթյունը եղավ: Աշխատակիցները մրգերը էդ տարածքում են մաքրում, այնքանով է բախտները բերել, որ այդ պահին դեռ չէին եկել մրգերը մաքրելու, այլապես շատերը կտուժեին»,- ասաց զրուցակիցս:

Նշենք, որ գործարանը պատկանում է ԱԺ պատգամավոր Մելիք Մանուկյանի (Շշի Մելոյի) եղբորը՝ Վարդան Մանուկյանին: Բացի նրանից, այդ գործարանում աշխատում են նաեւ նրա 2 քույրերը:

Մեզ չհաջողվեց զրուցել գործարանի տնօրենի, կամ Մանուկյաններից որեւէ մեկի հետ, հարցնելու՝ արդյոք տեղյա՞կ են եղել գազի արտահոսքի մասին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 11:00-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Սարալանջ թաղամասում գտնվող «Սիփան» պահածոների և ոչ ոգելից ըմպելիքների գործարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ, առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ գործարանի կաթսայատանը (մոտ 80 քմ) տեղի է ունեցել պայթյուն. փլուզվել է կաթսայատան արտաքին պատը (մոտ 24 քմ): Անցորդ՝ 1956 թ. ծնված Գ. Բ.-ը, և գործարանի աշխատակից՝ 1985 թ. ծնված Ա. Ղ.-ը, ստանալով տարբել աստիճանի մարմնական վնասվածքներ, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը հոսպիտալացվել են Աբովյանի ԲԿ, այնուհետև Ա. Ղ.-ը տեղափոխվել է Աստղիկ ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Փրկարարներն իրականացրել են պատի թուլացած հատվածի ապամոնտաժում (մոտ 15 քմ):

Նելլի Կարապետյան

Մեկնաբանություն
X