Թագը հետ վերցրած Արտյոմս ընկերության մասին

Երեկ Hraparak am-ը հայտնեց, որ գիշերը գնացել եւ հաղթողից հետ են վերցրել թագը, քանի որ պայմանը խախտվել է և չի հայտարարվել պատրաստողի անունը։ Թագը բավականին մեծ գումար արժե, պատրաստված է արծաթից եւ կիսաթանկարժեք քարերից: «Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ եւ ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ պատճառը այն է եղել, որ մրցույթի ընթացքում «Արտյոմս» ընկերությանը քիչ են գովազդել, ինչն էլ պատճառ է դարձել դժգոհության եւ թագը ետ վերցնելու։

«Արտյոմս» ընկերությունից մեր հարցերին չպատասխանեցին՝ նշելով, որ միայն վաղը կարող են ինչ-որ բան ասել հարցի վերաբերյալ։

Ավելի վաղ ոսկերչական ընկերությունն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էր մրցույթին՝ գրելով, որ իրենց համար պատասխանատու գործ է մրցույթի թագը պատրաստելը եւ հույս էր հայտնել, որ իրենց նվերը կոգևորի աղջիկներին։

Փորձում եմ հասկանալ, թե ինչ է իրենից ներկայացնում Artyom’s ընկերությունը։ Պարզվում է թագը պատրաստած կազմակերպությունը կայք, ֆեյսբուքյան էջ, բավականին մեծ թիմ ունի, ու ինչքան հասկացա, բավականին հայտնի բրենդ է։ Ահա այսպիսի ողջույնով է դիմավորում կայքը․

Բարի գալուստ Artyom’s ընկերության պաշտոնական կայք:
Artyom’s ընկերությունը զբաղվում է ոսկուց և թանկարժեք բնական քարերից ստեղծված զարդերի թողարկմամբ:

Պահպանելով հնագույն ժամանակներից ի վեր եկած ոսկերչական արվեստի ավանդույթները՝ Artyom’s բրենդը, համադրելով հնի ու նորի ձեռքբերումները, ներկայացնում է իր ֆիրմային դիզայնով թողարկվող ինքնատիպ ոսկերչական նմուշներ:
Այսօր Artyom’s ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք այլ երկրներում՝ ԱՄԷ, ՌԴ, Ուկրաինա, Չեխիա, Ղազախստան, Վրաստան և այլն: Զարդերը ստեղծվում են բարձրորակ ոսկուց և թանկարժեք քարերից: Օգտագործվող քարերի շարքում գերակշռում են ադամանդը, օպալը, ալեքսանդրիտը , զմրուխտը, մարգարիտը և այլն:

Չհերքելով ոսկերչական արվեստի դարերից ի վեր ձևավորված ավանդույթները՝ Artyom’s բրենդը ձևավորում է նոր միտումներ՝ նախատեսված նրանց համար, ովքեր գնահատում են գեղեցիկը: Artyom’s բրենդի զարդերը կարող են լինել Ձեզ հետ՝ Ձեր կյանքի ամենանշանակալից իրադարձությունների ժամանակ: Իսկ ոսկին առհասարակ ունի խորհուրդ՝ արտահայտելու և պարբերաբար հիշեցնելու ակնթարթի գեղեցկությունն ու կարևորությունը: Մենք կօգնենք Ձեզ ոչ միայն վերհիշել այդ ակնթարթներն, այլև կտանք հնարավորություն՝ մի փոքրիկ կտոր հիշողություն մշտապես կրելու Ձեզ հետ:
Հենց այս խորհուրդն է, որն արտահայտվել է Artyom’s բրենդի կարգախոսում. Touch your desire…
Հպվե’ք Ձեր ցանկությանը՝ պարզապես կրելով այն:
Հարգանքով՝
Artyom’s թիմ

ՀԳ Իսկ գուցե այս սև փիառը՝ հաղթողից թագը վերցնելու առումով, ավելի՞ մեծ գովազդ լինի, եթե այն կարողանա ըստ պատշաճի օգտագործել Artyom’s թիմը։ Բավական է մի գեղեցիկ ժեստ՝ ետ վերադարձնել թագը և հանրությունը այդ ամենը կընկալի որպես կազմակերպիչների կողմից սխալ պահվածք, պայմանավորվածությունն անտեսելու քայլ։ Կարծում եմ, որ այս ընկերության մասին արդեն այնքան է գրվել, որ իրենց ասած փիառն արդեն եղել է և առանց վարանելու կարող են թագը հետ տալ։

Հասմիկ Բաբաջանյան

Մեկնաբանություն
X