Մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ երկրում մարդ չի մնա

«Ես Զարուհին եմ Փոստանջյան, եկել ենք Երեւանից հատուկ առաքելությամբ»։ Երեք-չորս օր է, ինչ «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մարզից մարզ է այցելում, շրջում քաղաքներով ու գյուղերով՝ մարդկանց ավետելով հեղափոխության, համակարգային փոփոխության իր նոր «առաքելության» մասին։ Անկախության տոնն անգամ չխանգարեց տիկին Փոստանջյանին հեղափոխական իր ծրագրով սպառնալու իշխանություններին, որ «անվստահություն են հայտնում ու մերժում այս ապօրինի իշխանություններին եւ նախապատրաստում են համահայկական ընդվզում»: Աշխարհասփյուռ հայությունը նույն օրը, նույն ժամին, յուրաքանչյուրն իր բնակավայրում ոտքի կկանգնի, ձեռք ձեռքի տված կհայտնի իր պահանջները։ Ընդվզմանը զուգահեռ, իրենք պատվիրակներ են նշանակելու, գլոբալ համահայկական համաժողովի են պատրաստվելու, ձեւավորելու են կառավարություն, որպեսզի ազատվեն Սերժ Սարգսյանի իշխանությունից: Երբ է իրագործվելու նոր հեղափոխության պլանները, Փոստանջյանը ժամկետներ չի նշում․ «Ժողովուրդը պետք է դառնա հեղափոխական, մեկ կամ երկու հոգով հեղափոխություն իրականացնել չի լինի»։

«Ամեն օր պետք է կրթես քաղաքացուն, որեւէ կուսակցություն, որեւէ առաջնորդ չի կարող հեղափոխություն անել, պետք է քաղաքացիները կիսեն մեր գաղափարները եւ դառնան շարժման մասնակիցներ»,- ասում է նախկին պատգամավորը։ Սեպտեմբերի 22-ից նա արդեն գործի է անցել, երեկվա դրությամբ երեք մարզ էին գնացել՝ Շիրակ, Լոռի, Տավուշ, մյուսները դեռ առջեւում են։ Փոստանջյանը, ուղեկցող կուսակից մի տիկին եւ նրանց սուրբ գործի համար ուղիղ եթեր ապահովող մի երիտասարդ շրջում են փողոցներով, հընթացս հետաքրքրվում՝ մարդիկ գործ ունե՞ն, թե՞ ոչ։ Ապա տեսախցիկի առկայությունից զգաստացած քաղաքացիներին համոզում, որ լավ օրի չեն, բացատրում, որ դրա մեղավորը Սերժ Սարգսյանն ու իր իշխանությունն են, եւ ավետում են, որ նրանից ազատում է սպասվում, եթե յուրաքանչյուրը միանա համահայկական ընդվզմանը։
«Ձեռք ձեռքի բռնած՝ դուրս ենք գալու կենտրոնական փողոցներով: Ողջ աշխարհի հայերով: Պատրաստվեք, որ մաքրենք այս ապօրինի իշխանությանը մեր կյանքից»,- Գյումրու շուկայում խոստումներ էր շռայլում Փոստանջյանը․ «Գյումրեցին այսօր այն բարձր գլխով կանգնած գյումրեցին չէ, բայց, ամեն դեպքում, գյումրեցին պետք է ուժ լինի, եւ ես հավատում եմ, որ բոլորս միասին ենք լինելու, բոլորս միասին իրականացնելու ենք համահայկական ընդվզում, ապրելու ենք համահայկական հեղափոխություն»։
Շատերն անհաղորդ էին հեղափոխականների կոչերին եւ մերժում էին անգամ զրույցի բռնվել, փոխարենը Ստեփանավանում 60-ին մոտ մի կին բաց չթողեց հանրահայտ տիկնոջ հետ շփվելու առիթը, ավելին՝ զրույցի ընթացքում իր հեռախոսի զանգին պատասխանելով՝ հպարտ-հպարտ պարծեցավ, թե Զարուհի Փոստանջյանի հետ հանդիպում ունի՝ արագ անջատելով հեռախոսը։ Շատ տեղերում էլ հանդիպումը վերածվում էր քաղաքական դեբատների։ Մարալիկի «բեսեդկաներից» մեկին մոտեցող Փոստանջյանին գրկաբաց ընդունող, նարդի շրխկացնող տղամարդիկ հաշված րոպեներ հետո նրան նեղը գցեցին։ «Տո հլա արի, արի, մենք քեզ շատ ենք հարգում, տենանք ինչ ես ասում։ Հըմի ի՞նչըխ էնենք, որ քեզ նախագահ դնենք»,- հեղափոխական տիկնոջն այս խոսքերով դիմավորեց նարդի խաղացողներից ամենաակտիվը։ Փոստանջյանի մերժումից հետո, թե «ինձ պետք չէ, դուք պետք է կազմակերպվեք», տղամարդն անցավ մեղադրանքների։ «Մենք ուզում ենք սովետական համակարգում ապրենք, դու էլ չես ուզե… Մարտի 1-ի դեպքերը միշտ պահանջում եք, ընչի՞ չեք ասում՝ ո՞վ քանդեց ես երկիրը, ՀՀՇ-ն էր, բայց դուք չեք ասում, ես չլսի, որ դուք ըսեք, էդոնց մարտի 1-ն ասում եք, դրեք Փաշինյանի ելույթները լսեք, որ ասում էր՝ գնացեք, ջարդեք, տվեք սպանեք»,- իրար ետեւից շարում էր տղամարդն ու Փոստանջյանից պատասխան պահանջում։

«Ես դեմ եմ ՀՀՇ-ին էլ, որովհետեւ այսօրվա Սերժ Սարգսյանը ՀՀՇ-ի ներկայացուցիչ է։ Որովհետեւ Արցախում, որ պիտի ձեւավորվեր իշխանությունը, ընդեղ իրենք սպանեցին Արթուր Մկրտչյանին՝ դաշնակցական»։ «Փաստեր ունե՞ք»,- բռնկվեց զրուցակից տղամարդը․ «Մենակ դատարկ խոսում եք, օդի մեջը կրակում եք, փաստ չեք բերում»։ Ապա մոռացավ իր առջեւ կանգնած հեղափոխականի սեռը, որը Սերժ Սարգսյանին հանցագործ էր հռչակում միայն այն բանի համար, որ 800 հեկտար հող կորցրեց։ «Էթայիր մասնակցեիր, դոշդ դեմ տայիր, հիմա ձեր կուսակցության մեջ էնքան տղաներ կային, հրաժարվեցին»,- մուննաթ եկավ տղամարդը։ Նա որոշել էր Զարուհուն «սխալ հանել»․ «Լեւոնը սաղի գլուխը կերավ, գնա իրա բկեն բռնե, մենք ոչ մի անգամ չենք տեսել, որ Լեւոնին քննադատես, ինչի՞ չես պահանջում Լեւոնին գնդակահարել, սաղի չուչելները դրեցիր վառեցիր, Լեւոնինը չվառեցիր»։ Սա բացառիկ դեպքերից էր, երբ Փոստանջյանն էր հայտնվել պաշտպանվողի դերում․ «Լեւոն Տեր-Պետրոսյանը, այո, Սերժի եւ Քոչարյանի հայրիկն է»։ Ապա հեղափոխության թեման վերածեցին զվարճանքի։
«Մե բուռ ենք մնացել, մենք էլ որ հելնինք, մեզ էլ սպանեն, էլ մարդ չի մնա»,- Փոստանջյանի կոչին արձագանքեց մեկ ուրիշը։ «Մենք ո՛չ զարուհիփոստանջյանների, ո՛չ էլ նիկոլփաշինյանների հեղափոխություններին չենք հավատում, մենք վաղո՜ւց արդեն, սկսած հին ժամանակներից, իրանց նմանների դերակատարությունը հասկացել ենք»,- Փոստանջյանի այցի մասին իր տպավորությունները ներկայացրեց Ազատավան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանը։ Նա վստահ է, որ իր համայնքում չեն միանա Փոստանջյանի համահայկական ընդվզման կոչերին։ «Դեռեւս Արտաշես Գեղամյանի ժամանակներից նույն սցենարն է գնում, շինծու ընդդիմություն են խաղում»,- տապալված հեղափոխությունների մասին խոսեց գյուղապետը, որը, ինչպես պարզվեց, ՀՀԿ-ական է, 8 տարվա ղեկավար։ Թեպետ վստահեցրեց, որ «ՀՀԿ-ական լինելը ո՛չ իր կրոնն է, ո՛չ արյունը», բայցեւայնպես, նախկին ընդդիմադիր է եղել, հույսեր է կապել դեռ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ․ «Չեմ հավատում հեղափոխություններին, իմ համայնքի ժողովուրդն էլ բացարձակ չի գնա նրանց հետեւից, իրենք հողին, ջրին նվիրված մարդիկ են, լավ ենք պատկերացնում, որ դրանցից ոչ մեկն էլ մեր մատից փուշ չի հանելու, մեկ է՝ մենք մեր հողը պետք է մշակենք, ապրենք»։ Նա չի թաքցնում, որ համայնքում իշխանությունների ու անգամ իր նկատմամբ դժգոհություններ կան, ինքն էլ դժգոհություն ունի «վերեւներից», բայց այսօրվա քաղաքական պայքարը, իր խոսքով, սոսկ աթոռակռիվ է․ «90-ականներից քաղաքականության մեջ եմ, բայց ոչ մի լավ բան չեմ տեսել։ Ժամանակին իշխանության ընդդիմախոսները հիմա տեսեք որտեղ են՝ իշխանության կողքին չե՞ն»։ Իշխանությունից ազատվելու կարիք չկա․ «Խիղճ եւ մարդկային վերաբերմունք պետք է փոխվի։ Մարդկանց փոխելով բան չի լինի։ Էս իշխանությունից առաջ էլ էսօրվա ընդդիմությունը՝ ՀՀՇ-ն էր իշխանության, ամբողջ կոմունիստներից ժառանգած հարստությունն ի՞նչ արեցին, շենքերի հիմքերից սկսած՝ քանդեցին»։

Ստեփանավանի քաղաքապետը տեղյակ չէր Փոստանջյանի այցից։ Միքայել Ղարաքեշիշյանին չի մտահոգում հեղափոխականի պլանները․ «Այսինքն՝ պետությա՞նն են դեմ լինելու, ես լավ չեմ հասկանում… դե, պետությունն էլ իշխանությունն ա։ Չէ, չեմ մտահոգվում, կլինեն մարդիկ, որ դեմ կլինեն, բայց որ բացահայտ արտահայտվեն, չեմ կարծում»։ Ինչո՞ւ, որովհետեւ կխոչընդոտե՞ք կամարտահայտմանը։ «Իհարկե՝ ոչ, ուղղակի մարդիկ չեն կանգնի։ Իմ աշխատելուց էլ են դժգոհ, մարդիկ կան, որոնք արտահայտվում են, մարդիկ կան՝ չեն արտահայտվում, դա բնավորություն է»։ Քաղաքապետն ասում է, որ ոչ ոք չի կարող հեղաշրջում անել․ «Ինքն էդ պոտենցիալը չունի, որ կարողանա էդքան մասսա տանի։ Իրա անցած ճանապարհն ի՞նչ ա եղել, մենակ քննադատությո՞ւն»։

Լուսինե Շահվերդյան

Մեկնաբանություն
X