Կրթության նախարարը Գյումրի է շտապում. Շիրակի համալսարանում լարված իրավիճակ է

>

Ինչպես տեղեկացրել էինք, լարված իրավիճակ է Շիրակի պետական համալսարանում: Ամեն ինչ իրար է խառնվել: Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանի եւ դասախոսական կազմի հարաբերությունները սրվել են: Համալսարանի դասախոսներից Քաղաքագետ Գագիկ Համբարյանը եւ Հովհաննես Խորիկյանը բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Նամակի հրապարակումից ժամեր անց փիլիսոփայության ամբիոնի վարիչի Հովհաննես Խորիկյանին ռեկտորն աշխատանքից ազատել է: Այսօր առավոտվանից, ի պաշտպանություն ամբիոնի վարիչի, համալսարանի մի քանի ֆակուլտետի ուսանողներ դասադուլ են սկսել: Նրանք համալսարանի բակում պաստառներով պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանից հետ վերադարձնել իրենց սիրելի դասախոսին:

Համալսարանի դասախոսական կազմը ևս երկու մասի է բաժանվել: Մի մասը միացել է դասադուլավորներին, ինչպես նաև հայտարարություն են պատրաստել, որով ասում են, որ ամբիոնի վարիչի նկատմամբ կատարված որոշումը կամայական, վախի մթնոլորտում է կայացվել, իրենք բեկանում են այն: Մինչդեռ դասախոսների մի զգալի բանակ էլ կանգնած է ռեկտորի կողքին: Նրանք պնդում են, որ ի վերջո, բուհում աշխատանքներ են տարվում՝ ձևավորելու բարեկիրթ և մտավորականին վայել բարոյահոգեբանական մթնոլորտ, ինչը ոմանց շահերից չի բխում: Համալսարանի ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարվեց այս պահին որևէ մեկնաբանություն անելուց, միայն ասաց, որ ինչպես նամակի հեղինակներն են ցանկանում, թող վերևներից գան, ստուգումներ անցկացնեն եւ ինքը կխոսի միայն դրանից հետո:

Ի դեպ, տեղեկացանք, որ Կրթության եւ գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր պատրաստվում է Գյումրի այցելել: Դասախոսների խոսքերով՝ սպասում են նախարարի այցին, ականջներին դիպել է, որ նախարարը մտահոգված է, գալու է վերջնականապես խնդիրը կարգավորելու: Ինչպես նաև վստահեցրին, որ եթե նախարարն անձամբ չգա, իրենց բոյկոտն այլ հարթակ է տեղափոխվելու:

Արևիկ Հակոբյան

Մեկնաբանություն
X