«Հյուսիս-հարավի» ոչ մի ընկերության աշխատանք չի գոհացնում նախարարին

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի ասուլիսն այսօր սկսվեց և ավարտվեց «Հյուսիս-հարավի» մասին հարցերով։ Այս թեմայով հարցերն այնքան շատ էին, որ նախարարը նեղսրտեց, թե այլ՝ ոչ պակաս կարևոր թեմաներ էլ կան, բայց մենք միայն «Հյուսիս-հարավից» ենք հարց տալիս։

Կեսկատակ-կեսլուրջ նախարարին ասացինք, որ «Հյուսիս-հարավով» այդքան անհանգստացած ենք, քանի որ այդ վարկերը մեր թոռներն են փակելու ու դեռ հարց է՝ մեր թոռները այդ ճանապարհը ավարտված կտեսնե՞ն, թե՞ ոչ։

Նախարարը ներկայացրեց մի քանի թվեր, ասաց, թե որ հատվածում ինչ աշխատանք է տարվել, բայց և վերջում խոստովանեց, որ չի գոհացնում իրեն աշխատանքների ընթացքը։ Հիշեցնենք, որ «Հյուսիս-հարավի» վրա արտասահմանյան երկու ընկերություն է աշխատում՝ իսպանական «Կորսան կորվիամը» և չինական «Սինոհիդրոն»։

Hraparak.am-ի հարցին, թե այս ընկերություններից որի աշխատանքն է իրեն ավելի շատ գոհացնում, նախարարը պատասխանեց․ «Ճիշտն ասած՝ ոչ մեկինը»։

Այսինքն, ընդհանուր առմամբ՝ «Հյուսիս-հարավի» վրա տարվող աշխատանքներն այս պահին Ձեզ չե՞ն գոհացնում։

«Իհարկե։ Դրա համար աշխատում ենք, ամեն ձևով, որ գոհացնի։ Եթե հիշում եք, նույն չինական ընկերությունը առաջին կես տարում համարյա աշխատանք չէր կատարել։ Եվ մեր շատ խիստ մոտեցումներից հետո նոր սկսեցին ակտիվ աշխատել։ Դուք էլ հիմա նկատում եք աշխատանքների ընթացքը, բացի դրանից, մենք այսօր ունենք ուրիշ խնդիրներ այդ ընկերությունների հետ՝ որակական, փաստաթղթային ճիշտ ձևակերպումների հետ կապված։ Հիմա շարունակական աշխատում ենք հետները։ Ես ինչու՞ եմ ասում՝ ոչ մեկը չի գոհացնում, որովհետև այն պատկերացումները, որ ես ունեմ և կուզենայի այդ ձև լիներ, ամեն դեպքում այդպես չէ»,-ասաց նախարար Մարտիրոսյանը։

Ի դեպ, անդրադառնալով ճանապարհահատվածի հարավային մասում տարվելիք աշխատանքներին, նախարարը չբացառեց, որ լրացուցիչ միջոցների ներգրավվմամբ կարիք կարող է առաջանալ և ծրագրի ընդհանուր արժեքը կարող է գերազանցել անգամ 2 մլրդ դոլարը։ Նաև նշեց, որ այդ հատվածում Սիսիան-Քաջարան հատվածը, որն ամենաբարդ տեղանքներից մեկն է, նախատեսում են իրականացնել մասնավոր ներդրողների միջոցներով, որի արդյունքում ճանապարհի այդ հատվածը կլինի վճարովի, իհարկե կպահպանվի նաև մյուս՝ անվճար տարբերակը՝ որպես այլընտրանք։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X