Ո՞վ ասաց, որ դիպլոմն առել եմ՝ կարող է նվեր է

Հիշո՞ւմ եք անեկդոտը կովկասցիների դիպլոմների մասին.

  • Դիպլոմդ ինչքանո՞վ ես առել:

  • Եթե կովկասցի եմ, ուրեմն առե՞լ եմ, կարող է նվեր է:

Գրեցի «կովկասցի», որ ոչ մեկին չառանձնացնեմ՝ բոլորն էլ նույնն են: Իսկ սա հիշեցի, որովհետեւ այն, ինչ տեղի է ունեցել հայաստանյան հաճարեղ գիտական շրջանակներում, բացարձակ ճշտությամբ նկարագրվում է վերը նշված երկխոսությամբ: 3 տարի առաջ ԲՈՀ-ը «հերոսաբար» վերադարձրել էր մի աշխատանք, որի հեղինակը նույնիսկ միջնակարգ կրթություն չուներ: Ներկայացրել էր ինչ-որ կեղծ դիպլոմ եւ բռնվել էր: Ինչպես բռնվում են խանութից պարզունակ գողության ժամանակ (եթե բողոքավորներ կան, կարող եմ նկարագրել Թայվանի խանութներից մեկի դեպքը): Հիմա, 3 տարի անց, նույն մարդն ավարտել է դպրոց, ինչ-որ բուհ, նորից նույն ինստիտուտի պաշտպանության խորհրդում պաշտպանել եւ ստացել է գիտությունների թեկնածուի երանելի աստիճան: Շնորհավորում եմ բոլորին՝ ազնիվ դիսերտանտին եւ նրա տհաս թայվանցի ղեկավարին, որը 7 տարվա մեջ չհասկացավ իր աշխատակցի կրթական մակարդակը: Բարեկամներին, որոնք ապականեցին հնարավոր մարդկային հարաբերությունները: ԲՈՀ-ը, Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի կոլեկտիվը: Եվ, իհարկե՝ Գիտության պետական կոմիտեին ու նրա ազնվագույն նախագահին: Արդեն էական էլ չէ՝ սա նվե՞ր է, թե՞ առել են:

«Վիզ են դրել», ուրեմն հասնում է: 90-ականներին Մոսկվայում ականատես եմ եղել բովանդակությամբ շատ նման մի դեպքի: Գողացել էին ծանոթիս մեքենան: Գտանք, դիմեցինք «հայկական հեղինակություններին»: Եվ երբ մեր «կռիշը» խոսեց գողացողի «կռիշի» հետ, ընդունվեց գիտաֆանտաստիկ որոշում՝ «տղեն վիզ ա դրել՝ իրան հասնում ա»: Մեքենան չվերադարձրին՝ թողեցին գողացողին: Որոշումն այդ նման է այսօրվա ԲՈՀ-ի դիրքորոշմանը՝ հասնում է: Տուժող ծանոթիս ռեակցիան էլ շատ նման է այսօրվա գիտական հանրության դիրքորոշմանը՝ գողցողը վիզ ա դրել, պտի իրան մնա: Ապրի 042 պաշտպանության խորհուրդը, որը գործում է Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտում, շատ ապրեն ինստիտուտի աշխատակիցները, որոնք շարունակում են աշխատել «վիզ դրած» աղջկա հետ՝ ի՞նչ անենք, մարդը մի անգամ սխալվել՝ գողություն է արել, ուրեմն գիտնական չէ՞:

Սասուն ԳԵՎՈՐԳՅԱՆ

Մեկնաբանություն
X