Անկախության տոնի վաստակավորներն ու մեդալակիրները

Հայաստանի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ նախագահ Սերժ Սարգսյանն օրեր առաջ մի խումբ գործիչների պարգեւատրեց շքանշաններով եւ մեդալներով՝ իրենց ոլորտներում ունեցած վաստակի, նշանակալի ավանդի համար։ Մշակույթի ոլորտում պարգեւատրվածների թվում էին կոմպոզիտորներ Ռոբերտ Ամիրխանյանը, Մարտին Վարդազարյանը, դուդուկահար Ջիվան Գասպարյանը, բեմադրիչ Երվանդ Ղազանչյանը, գեղանկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը, կինոգետ Դավիթ Մուրադյանը, կինոռեժիսոր Ռուբեն Քոչարը, արձակագիրներ Լեւոն Ջավախյանը, Արմեն Շեկոյանը, գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը, դերասան Ռաֆայել Քոթանջյանը, թավջութակահար Նարեկ Հախնազարյանը, երաժիշտ Արտո Թունջբոյաջյանը, երգիչներ Արամեն, Սիրուշոն, Մհերը, դերասան Մկոն (Մկրտիչ Արզումանյանը) եւ այլ գործիչներ։

Վաստակավորի կոչումներն ու մեդալներն այս անգամ էլ շատ «լուրջ» քննարկվեցին սոցիալական ցանցերում, անարժանները քարկոծվեցին, արժանիները գովաբանվեցին, սոցիալական ցանցերն ու մեդիան անուն առ անուն ֆիքսեցին նախագահական գնացածների ժպիտները, հիշեցին նրանց ընդդիմադիր եւ իշխանական ելույթները։ Եթե երգիչներ Մհերի, Արամեի դեպքում հասարակությունը ցավագին արձագանքեց նրանց վաստակավորի կոչմանն ու առհասարակ վաստակ ունենալ-չունենալու հարցին, ապա Մկոյի (Մկրտիչ Արզումանյանի) դեպքում զուգահեռաբար քննարկվեց, թե ինչու ոչ Հայկոն (Կարգին Հայկոն), ով վերջին տարիներին աչքի ընկավ ակտիվ քաղաքացիական կեցվածքով ու ընդդիմադիր հայացքներով։ Ի դեպ, «Հրապարակի» հետ զրույցում Հայկ Մարությանն ասել էր, որ իր համար ոչ միայն կարեւոր է, թե ով է ստանում կոչումը, այլեւ, թե ով է տալիս․ «Քանի որ ես չեմ ընդունում ներկայիս իշխանությունների գործելաոճը, նաեւ չեմ կարող ընդունել նման տիպի մրցանակ։ Բացի այդ, հայտարարել եմ, որ եթե անգամ իրենք ուզենան ինձ շնորհել կոչում, ես կօգտվեմ իմ իրավունքից եւ կհրաժարվեմ։ Անձամբ ինձ համար ամենամեծ կոչումը ժողովրդի վստահությունն է, ժողովրդի գնահատականն է, ժողովրդի կոչումը։ Ժողովուրդն է ինձ կոչում տալիս։ Ես չեմ սպասում, որ ինչ-որ չինովնիկ կոչում տա։ Շատ շատերը կան, որ արժանի են, շատ շատերը կան, որ արժանի չեն, քանի որ անհասկանալի ինստիտուտ է, որտեղ կրետերիաներ չկան։ Եվ եթե կրետերիաներ չկան, անիմաստ է նաեւ քննարկելը՝ այս մեկին ինչու չտվեցին, մյուսին ինչու տվեցին»։

Գրականության ոլորտում ներդրած ավանդի համար «Մովսես Խորենացի» մեդալով պարգեւատրվեց արձակագիր Լեւոն Ջավախյանը, ով «Հրապարակի» հետ զրույցում նշել էր, որ այդ պարգեւն իրեն չի կաշկանդելու․ ինչպես որ գրել-քննադատել է իշխանություններին, այդպես էլ շարունակելու է. «Ընդհանրապես, ինչ ասել եմ, էլի տեր եմ իմ ասածին ու էլի ասելու եմ, լավին լավ եմ ասում, վատին՝ վատ։ Իսկ ինչ վերաբերում է ղեկավարության վերաբերմունքին, ապա լավ է, որ ինձ հարգել են, ես էլ հարգել եմ ու գնացել-ստացել եմ այդ պարգեւը։ Ի դեպ, մեր պետական նվաճումներից զատ, ամենամեծ նվաճումն ազատ խոսքն է։ Ես էլ այդ ազատ խոսքով միշտ խոսել եմ, մարդիկ էլ գնահատել են իմ ազատ խոսքը, դեռ ավելին՝ իմ գեղարվեստը։ Իրավունք չունե՞մ ուրախանամ»։ Արձակագիրը չի երկմտել գնալ-չգնալու հարցում, քանի որ, ինչպես ինքն է ընդգծում՝ կյանքով ու գործունեությամբ են մտավորական, ոչ թե մեդալը վերցնել-չվերցնելով։ «Ես կեղծ պոպուլիզմ խաղացողներից չեմ։ Հենրիխ Հայնեն մի խոսք ունի. Գերմանիա, ո՞վ է ճշմարիտ քո որդին, պատասխանում է՝ նա, ով համարձակ թքում է քո դեմքին։ Իսկական արվեստագետը պետք է իր խոսքն ասի, իր ժողովրդի շահը պաշտպանի, իսկական պետական գործիչն էլ պետք է գնահատի։ Ես հասկանում եմ, թե չարախնդալով ինչ են ասելու։ Հիմա ասելու են՝ ըհը, Լեւոնն էլ ծախվեց, բայց ես միշտ եմ ասում, որ ես ծախվող չեմ, այլ ծախող եմ, իսկ ես ծախում եմ արծաթը, ընդ որում՝ այն արծաթը, որով Հուդան դավաճանեց Աստծուն։ Ես այդ արծաթն եմ ծախում, որ պահեմ հոգիս»,- ընդգծում է Լեւոն Ջավախյանը։

Արձակագիր Գուրգեն Խանջյանն էլ, պատասխանելով «Հրապարակի» հարցին, թե ինչպես է վերաբերվում Անկախության օրը երկրի նախագահի կողմից տարբեր բնագավառներում աչքի ընկած անձանց մրցանակներ շնորհելուն, ասել էր․ «Մրցանակը նախագահի կողմից չի տրվում, այլ հանձնաժողովի։ Միշտ էլ լավ է, որ մշակույթի գործչին պետությունը գնահատում է։ Երբ չի գնահատում, ասում ենք՝ չի գնահատում, երկիրը չի նայում իր արվեստագետներին, գնահատում է՝ ասում ենք, թե ինչու են մրցանակ տալիս։ Մենք էլ չենք հասկանում, թե ինչ ենք ուզում։ Խնդիրն այն է, որ լինեն նորմալ հանձնաժողովներ, գործերը տվյալ բնագավառի մարդիկ անաչառ գնահատեն»։

Վաստակավոր արտիստի պատվավոր կոչում էր շնորհվել նաեւ երգչուհի Սիրուշոյին, ում մայրը երգչուհու նախագահական չգնալու փաստը հիմնավորել էր նրանով, որ Սիրուշոն քաղաքից մեկնել էր, այդ պատճառով չէր գնացել իր կոչումն ստանալու։ Շատերը չհավատացին այդ փաստարկին, քանի որ դրա մասին մի քանի օր առաջ արդեն տեղյակ են պահում մրցանակակիրներին։ Նշենք միայն, որ Սիրուշոն շատ համեստորեն էր արձագանքել իր ֆեյսբուքյան էջում, գրելով միայն՝ «շնորհակալ եմ»։

Ի տարբերություն Սիրուշոյի, երգիչ Մհերը, ով իր հարսանիքին նախագահի տիկնոջը երգ էր ձոնել, չէր թաքցրել իր երջանկությունը․ «Հայաստանի վաստակավոր արտիստ: Շնորհակալ եմ իմ ժողովրդին, շնորհակալ եմ իմ նախագահին, շնորհակալ եմ, փառք Աստծո, ողջ կյանքս այս պահին եմ սպասել: Աստված օրհնի Հայաստանը: Շնորհավորում եմ Հայաստանի անկախության օրը»։ Ավելին՝ երգիչն իրեն քննադատողներին համարել էր «պարապ ու նախանձ»։

Սոնա ԱԴԱՄՅԱՆ

Մեկնաբանություն
X