Բանակին վերաբերող օրենքները մշակում և ընդունում են չծառայածները

գոստոսի 30-ին Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված Անվտանգության խորհրդի նիստում քննության են առնվել «Պաշտպանության մասին» եւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքների նախագծերը, որոնց ընդունումը պայմանավորված է սահմանադրական վերջին փոփոխություններով: Նախագծերը, որոնք մշակել է ՀՀ ՊՆ-ն, Անվտանգության խորհրդի նիստի հաջորդ օրն իսկ ներկայացվել են գործադիրին: Կառավարության հավանությանն արժանանալու դեպքում դրանք պետք է ներկայացվեն օրենսդիրին: Այնպես որ, առաջիկայում բանակի թեմայով քննարկումներն ու բոցաշունչ ելույթները կրկին ակտուալ են լինելու: Եվ թեժ ամռանը հաջորդած աշունը եւս թեժ է լինելու: Նշենք, որ «Պաշտպանության մասին» օրենքով կարգավորվելու են ՀՀ պաշտպանության կազմակերպման իրավական հիմքերը, պաշտպանության ոլորտում պետական եւ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտոնատար անձանց, կազմակերպությունների, զինված ուժերի եւ այլ զորքերի գործունեությունը, ՀՀ պաշտպանությանը մասնակցելու գործընթացում քաղաքացիների իրավունքները եւ պարտականությունները, զորահավաքային նախապատրաստության եւ զորահավաքի անցկացման հետ կապված հարցերը, ինչպես նաեւ զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների իրավական եւ սոցիալական երաշխիքների հետ կապված հարաբերությունները: Այս օրենքների ընդունմամբ ուժը կորցնելու են մի շարք օրենքներ:

Մենք ուսումնասիրեցինք նոր իրավակարգավորումները, որոնցով մի շարք նորամուծություններ են սահմանվելու։ Մասնավորապես՝ արմատապես փոխվել է զորակոչային գործընթացը: Օրինագծով ամրագրվել է, որ զորակոչի ենթակա են 18 տարին լրացած արական սեռի քաղաքացիները՝ մինչեւ 27 տարին լրանալը, ինչպես նաեւ բուհերում ուսումնառության ընթացքում զինպատրաստություն անցած ու պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիները՝ մինչեւ 35 տարին լրանալը: Մինչդեռ գործող օրենքով մինչեւ 35 տարեկան զինապարտ հանդես են գալիս միայն ռազմաբժշկական ֆակուլտետն ավարտած քաղաքացիները: Ուշագրավ նորամուծություն է կատարվել պարտադիր զինծառայությունից տարկետումների գործընթացում: Ըստ այդմ՝ տարկետում տրվում է առողջական վիճակի պատճառով, ընտանեկան պայմաններից ելնելով: Նաեւ՝ նպատակային ուսումնառության համար, մասնավորապես՝ ՀՀ-ում հավատարմագրված բուհերում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի, կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն, եթե նա ՀՀ ՊՆ-ի հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու եւ ուսումնառության ավարտից հետո զինծառայություն անցնելու մասին: Սա նշանակում է, որ ՀՀ-ում հավատարմագրված բոլոր բուհերի արական սեռի ուսանողները, նշանակություն չունի՝ դրանք պետական են, թե ոչ պետական, կարող են ՊՆ-ի հետ կնքել պայմանագիր, ուսումնառության ընթացքում անցնել զինվորական պատրաստություն, ապաեւ բուհն ավարտելուց հետո ՀՀ ՊՆ-ի կողմից նշված վայրում եւ պայմաններում անցնել զինվորական ծառայություն:

Նոր ընթացակարգ է սահմանվել նաեւ պահեստազորի սպաների՝ պարտադիր զորակոչից առողջական վիճակի պատճառով տարկետում տրամադրելու կարգում: Ըստ այդմ՝ տարկետում տրվում է 5 անգամ՝1 տարի ժամանակով: Հինգերորդ անգամ տրված տարկետման ժամկետը լրանալուց հետո նա կա՛մ ճանաչվում է պիտանի եւ զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, կա՛մ ճանաչվում է զինծառայության համար ոչ պիտանի եւ ազատվում է պարտադիր զինծառայությունից: Հաջորդ ուշագրավ դրույթը զինծառայողին զինվորական կոչումից զրկելուն է վերաբերում, որը կարող է տեղի ունենալ դատական կարգով, ինչպես նաեւ օրենքի 55-րդ հոդվածի 4-րդ մասում սահմանված դեպքում՝ մինչեւ շարքային՝ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով: Գործող կարգով, սակայն, զինծառայողին զինվորական կոչումից զրկելը միայն դատարանի բացառիկ իրավասությունն է:

Չինովնիկներից շատերը զինվորական կոչումներ ունեն

Պաշտպանության նախարարության մշակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագիծն առաջիկայում կներկայացվի օրենսդիրի քննարկմանը: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է, ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հետ կապված, գործող «Զինապարտության մասին» եւ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքների վերանայման անհրաժեշտությամբ: Հիշյալ երկու օրենքներն ու դրանցով կարգավորվող հարաբերությունները կսահմանվեն մեկ օրենքով: Օրենքի նախագծում ներառվել են նաեւ գործող «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» օրենքով սահմանվող հարաբերությունները: Օրենքի նախագծի ընդունմամբ «ակնկալվում է ապահովել խաղաղ եւ պատերազմի ժամանակ ՀՀ զինված պաշտպանության արդյունավետությունը, բարձրացնել քաղաքացիների վստահությունը պարտադիր զինվորական ծառայության եւ պահեստազորային պատրաստության գործընթացի նկատմամբ, քաղաքացիների մոտ խթանել պարտադիր եւ պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու կամահայտության դրսեւորումը, նպաստել «Ազգ-բանակ» գաղափարախոսության ամբողջական իրացմանը»: Նկատենք, որ հիշյալ նախագծում ուշագրավ մի դրույթ է ներառված, համաձայն որի՝ օրենքի խախտմամբ պարտադիր զինծառայություն չանցած քաղաքացիները չեն կարող ընդունվել հանրային ծառայության:

Փաստ է, որ հանրային ծառայության ոլորտում այսօր շատերն են աշխատում, ովքեր բանակում չեն ծառայել: Նրանց անունները մամուլում պարբերաբար են շրջանառվում՝ պատգամավորներ, նախարարների եւ այլ չինովնիկների որդիներ, ազգականներ եւ այլ՝ բանակից բառիս բուն եւ փոխաբերական իմաստով ալերգիա ունեցող «քաջազուններ»: Մենք աչքի անցկացրինք պետական պաշտոնյաների, մասամբ նաեւ նրանց օգնական-խորհրդականների շրջանակը՝ պարզելու, թե արդյո՞ք բոլորն են զինապարտ:

Դասալիքների շարքը երկար է

Ուսումնասիրության առաջին թիրախը Պնախարար Վիգեն Սարգսյանն էր՝ «Ազգ-բանակի» կնքահայրը: Սարգսյանը, ինչպես նախարար նշանակվելուց հետո էր հայտարարել, ուսումնառությունից հետո ժամկետային զինծառայություն է անցել ՀՀ զինված ուժերում (եղել է Պնախարարի ռեֆերենտ), զորակոչվել է որպես լեյտենանտ եւ 3 տարի զինծառայություն անցնելուց հետո զորացրվել ավագ լեյտենանտի կոչումով: «Սխալ է տարբերություն դնել ժամկետային շարքային ծառայության եւ միանգամից սպայական ծառայություն անցնելու միջեւ»,- ասել էր նախարարը՝ հավելելով, թե զորքերում ծառայություն անցած չլինելու հետեւանքով թե՛ նախկինում, թե՛ այսօր բարդույթ ունի եւ բանակում ծառայող ընկերների օգնությամբ փորձում է հաղթահարել անհաղթահարելին՝ չծառայածի բարդույթը: Նկատենք, որ պետական բարձր պաշտոն զբաղեցնողներից շատերը «սովետի» ծնունդ են, հետեւաբար, ծառայել են խորհրդային բանակում (որից խուսափելն այնքան էլ դյուրին չէր, ինչպես սովետը հաղթահարած մեր երկրի բանակում): Ավելին՝ նրանցից շատերը նաեւ զինվորական կոչումներ ունեն: Իսկ կառավարության անդամներից շատերը գիտությամբ են զբաղվել, այդ է պատճառը, հավանաբար, որ նրանց կենսագրականներում բացակայում է զինապարտ լինելու մասին հիշատակումը: Նկատենք, սակայն, որ որոշ պաշտոնյաների դեպքում էլ գիտությունը չի խանգարել զինապարտ լինելու հարցում: Տնտեսագիտության դոկտոր, 32 գիտական աշխատանքների հեղինակ վարչապետ Կարեն Կարապետյանի կենսագրականում, օրինակ, նշված չէ նրա զինապարտ լինելու մասին: Կարապետյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը, օգնական Նարեկ Ադոնցը նույնպես զինապարտ չեն: ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար, փիլիսոփայության դոկտոր Վաչե Գաբրիելյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եւս զինապարտ չեն: Վունդերկինդ Հարությունյանը, որը 12 տարեկանում արդեն Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետի ուսանող էր, 20-ում՝ գիտությունների թեկնածու, 29-ում երեք բարձրագույն կրթություն ուներ: Քաղաքական գիտությունների թեկնածու Էդվարդ Նալբանդյանը, 2000թ.-ին տնտեսագիտության թեկնածու դարձած բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը նույնպես բանակում չեն ծառայել:

Բայց կան նաև զինապարտներ

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ի տարբերություն առաջինների, ծառայել է ՀՀ զինված ուժերում, ունի սերժանտի կոչում: Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը՝ խորհրդային, գյուղնախարար Իգնատի Առաքելյանը ՀՀ զինված ուժերում են ծառայել, կոչում չունեն: Ղազախստանում ծնված, ՌԴ ռազմադիվանագիտական ակադեմիան ավարտած ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը ծառայել է ԽՍՀՄ զինված ուժերում, 1992-ից ՀՀ զինված ուժերում է: Կոչում չունի, բայց պարգեւատրվել է մի շարք մեդալներով: Տնտեսագիտության դոկտոր Աշոտ Մանուկյանը՝ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարը, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը նույնպես ծառայել են բանակում: Կրթության եւ գիտության նախարար ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանն ավագ լեյտենանտ է, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը՝ պահեստի լեյտենանտ: Անկոչում զինապարտ է նաեւ ՏԿ նախարար Դավիթ Լոքյանը, իսկ նրա որդին, ինչպես հայտնի է, չի ծառայել բանակում՝ ալերգիայի պատճառով: Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը լեյտենանտ է, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, տեխնիկական գիտությունների թեկնածու Վահան Մարտիրոսյանը պահեստի սպա է, ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ կրտսեր սերժանտ: Զինապարտ է նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ ԱԺ նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արա Բաբլոյանի՝ ԱԺ կայքում առկա կենսագրական տեղեկանքում նշում չկա նրա զինապարտ լինելու մասին: Ենթադրում ենք՝ գիտությունն է խանգարել բանակ գնալուն: Իսկ, այ, պատգամավոր Արտաշես Մամիկոնիչը (ՀՀԿ), ըստ նույն կայքի, պահեստազորի կապիտան է, Վահրամ Բաղդասարյանն էլ (ՀՀԿ)՝ պահեստազորի ավագ լեյտենանտ: Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ծառայել է խորհրդային բանակում, ոստիկանության գեներալ-լեյտենանտ է: ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանը մոտոհրաձգային զորքերի պահեստազորի լեյտենանտ է, նախկին КВН-շչիկ Արման Սաղաթելյանը (ՀՀԿ) պահեստազորի կապիտան է: ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանը ծառայել է ՀՀ ԱԱԾ հատուկ մարտական ստորաբաժանումում, եղել է ԼՂՀ ԱԱԾ մայոր, արդարադատության գեներալ-մայոր է: Հրայր Թովմասյանը (ՀՀԿ) պահեստազորի մայոր է, Սերգեյ Բագրատյանը (ԲՀԿ)՝ պահեստազորի ավագ լեյտենանտ, քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանն էլ պահեստազորի կապիտան է: Նկատենք, որ ԱԺ պատգամավորներից շատերի կենսագրականում բացակայում է զինապարտ լինելու մասին նշումը: Մասնավորապես՝ Գագիկ Ծառուկյանի, Գալուստ Սահակյանի, Արտակ Սարգսյանի, Իշխան Զաքարյանի, էպոտաժային Վարդան Ղուկասյանի եւ այլոց: Թեեւ կոստյումն ու կոչումը չէ, որ պիտի գեղեցկացնեն տղամարդուն, բայց բանակում ծառայած լինելը կարող է ոչ միայն գեղեցկացնել հանրային ծառայությանը նվիրված անձի կենսագրականը, այլ նաեւ օգնել չբարդույթավորվել:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X