Մի թագի պատմություն

«Միսս Արմենիա 2017»-ի թագը իսկական բում առաջացրեց մեդիադաշտում եւ սոցիալական ցանցերում։ Բանն այն է, որ գեղեցկության մրցույթում հաղթող ճանաչված 17-ամյա Լիլի Սարգսյանից թագը հետ էին վերցրել։ Պատճառների մասին երկու կողմերը՝ թագը պատրաստող ընկերությունն ու մրցույթի կազմակերպիչները, տարբեր բացատրություններ ունեն։

«Միսս Հայաստան 1998» տիտղոսակիր, մրցույթի կազմակերպիչ եւ ժյուրիի նախագահ Գոհար Հարությունյանը մեզ պարզաբանել էր, որ թագը պատրաստած «Արտյոմս» ոսկերչական ընկերության կողմից դժգոհություններ են եղել իրենց քիչ լուսաբանելու պատճառով․«Որոշ խնդիրներ եղան, դժգոհություններ հայտնեցին ոչ լիարժեք կամ բավարար գովազդվելու հետ կապված։ Ամբողջ մրցույթի ընթացքում պետք է նշվեր, որ թագը տրամադրել է «Artyom’s» ընկերությունը։ Ես հասկանում եմ իրենց մտահոգությունը, մենք ունենք տարբերակներ ձեռք բերելու, եւ հնարավոր է բանակցությունները լավ ընթանան։ Բայց մեր գեղեցկուհին այնքան համեստ, բարի, հասկացող աղջիկ է, որ այդ թագն իրեն չի հետաքրքրում, ինքը շատ ուրախ ա իր հաղթանակի համար, բայց, միեւնույն է, մենք կանենք»։

Այս ամենից հետո հանրությունը քննարկեց ու քննադատեց «Artyom’s» ընկերության արարքը, իսկ ընկերությունն իր հերթին 1 օր շարունակ լռում էր՝ նշելով, որ իրենք դեռ ոչինչ չեն կարող մեկնաբանել։ Իսկ քննարկումները չէին դադարում, «Artyom’s» ընկերության ֆբ էջը լցվել էր ամոթանքներով, ծաղրանքով ու պահանջով՝ թագը ետ վերադարձնել հաղթողին։ ՖԲ օգտատերերը, որոնք ընկերության աշխատանքը գնահատելու իրավունք ունեն, «1 աստղ» են նշանակել ընկերությանը։ Նշենք, որ գնահատման դեպքում «1 աստղ»-ը նշանակում է վատ, իսկ «5 աստղ»-ը՝ գերազանց»։ Հենց այս արշավի արդյունքում էլ «Artyom’s» ընկերության վարկանիշը ընկել է՝ 4,9-ից դառնալով 3,1։

Ժամեր անց ընկերությունը պարզաբանում տարածեց՝ ընդգծելով այն հանգամանքը, որ թագը հաղթողի ձեռքից վերցնելու միտում չի եղել, այն վերադարձրել են կազմակերպիչները՝ մրցույթից անմիջապես հետո կայացած բանակցությունների ժամանակ ընդհանուր հայտարարի գալուց հետո:

«Artyom’s»-ն անդրադարձել էր ֆեյսբուքում իրենց դեմ սկսված արշավին՝ նշելով, որ «ֆլեշմոբը» արդյունք չի տալու, իրենք ունեն իրենց հստակ սկզբունքները, որոնց չեն դավաճանի ոչ մի ճնշման պարագայում: «Ընկերության մասին ապատեղեկատվություն տարածելու կամ վիրավորանքներ հնչեցնելու պարագայում մենք ստիպված կլինենք դիմել համապատասխան քայլերի: Մենք միշտ բաց ենք աջակցելու տարատեսակ իրադարձություններին՝ լիարժեք կատարելով մեր ստանձնած պարտավորությունները, բայց երբեք թույլ չենք տա ոտնահարել մեր իրավունքները»,-նշել էր ընկերությունը։

Ընկերության կողմից տարածված պարզաբանումից հետո փորձեցինք կապ հաստատել Գոհար Հարությունյանի հետ, սակայն այս անգամ նա հեռախոսազանգերին չէր պատասխանում։

Աննա Պապիկյան

Մեկնաբանություն
X