«ՀԺ». Զինվորի զորացրման հիմքը կե՞ղծ է. ինչու են զորակոչել, ապա զորացրել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2017 թվականի օգոստոսի 14-ին ՀՀ պաշտպանության նախարարություն գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով տեղեկատվություն տրամադրել նախկին զինծառայող Միքայել Կեսոյանի առողջական խնդիրների հետ կապված վերջինիս տրամադրված երկու փաստաթղթերի մեջ տեղ գտած հակասության վերաբերյալ: Միքայել Կեսոյանը զորակոչվել էր բանակ՝ ունենալով տեսողական խնդիրներ, որը հարաճելու միտում չի ունեցել, սակայն մեկ տարուց ավելի ծառայելուց հետո նրան զորացրել են՝ պատճառաբանելով, որ նման հեռատեսությամբ նա ծառայության համար պիտանի չէ: Նախկին զինծառայողը մեզ հետ զրույցում հարց էր բարձրացրել, որ եթե պիտանի չի եղել ծառայությանը եւ տեսողությունը բանակում չի վատացել, ապա ինչո՞ւ են իրեն զորակոչել բանակ: Միքայել Կեսոյանը նաեւ ՊՆ-ից խնդրել էր կենսաթոշակ նշանակել իրեն:

Նախկին զինծառայող Միքայել Վաչիկի Կեսոյանը 2015 թվականի երկրորդ զորակոչով ծառայության է անցել ՀՀ ՊՆ N զորամասում, որից հետո եղել է ՊԲ N զորամասում, որը ապրիլյան պատերազմի ժամանակ գտնվել է ադրբեջանական զինված ուժերի հիմնական հարվածի տակ: Այդ մասին նրա զինգրքույկում կա համապատասխան նշումը:

Ապրիլյան պատերազմից հետո Կեսոյանը տեղափոխվել է հոսպիտալ, եւ 2016 թվականին նոյեմբերին ոչ պիտանի է համարվել զինծառայության համար, վաղաժամ զորացրվել է: ՀՀ պաշտպանության նախարարության Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի թիվ 3093 որոշմամբ նախկին զինծառայողի մոտ առկա է եղել «OU Բարձր աստիճանի հեռատեսություն՝ OD -7.5D, բարդ ուղիղ հիպերմետրոպիկ աստիգմատիզմ-0.5D» ախտորոշմամբ հիվանդություն, որը վնասվածքի, խեղման հետ կապ չունի եւ կապված չի եղել զինվորական ծառայության հետ:

«ՀՀ ՊՆ 08.04.2013 թվականի թիվ 410 հրամանի 86Բ, 16Գ, 36Գ հոդվածի 1-ին սյունակի համաձայն՝ պիտանի չէ զինվորական ծառայության համար խաղաղ ժամանակ, պիտանի է սահմանափակումներով՝ պատերազմի ժամանակ»,- ասված է ԿՌԲՀ-ի որոշման մեջ:

Միքայել Կեսոյանը համաձայն չլինելով այս որոշման հետ՝ դիմել է պաշտպանության նախարարին, որի փոխարեն պատասխանել է Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահը:

Մինչ այդ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հանդես էր եկել հայտարարությամբ եւ նշել, որ ապրիլյան պատերազմի մասնակիցների նկատմամբ ցանկացած որոշում պետք է լինի օբյեկտիվ, հաստատված համապատասխան փաստաթղթերով: Նախարարը նշել էր նաեւ, որ այդ գործընթացը գտնվելու է իր հսկողության տակ:

Կեսոյանը 2017 թվականի մայիսի 5-ին ստացել է ԿՌԲ հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանի պատասխան նամակը, որտեղ նշել է. «Հիվանդության պատճառական կապը որոշվել է որ, կապված չէ ծառայության հետ, քանի որ Ձեր (Միքայել Կեսոյանի, հեղ.) խնդիրը առկա է եղել վաղ մանկական հասակից»:

Հաջորդ հիմնավորման մեջ ասված է. «Ձեր վերաբերյալ զորակոչային եւ ՀՀ ԿՌԲՀ-ի կողմից կայացված որոշման ախտորոշումների տարբերությունը պայմանավորված չէ հիվանդության աճով, քանի որ հեռատեսությունը տվյալ տարիքային խմբում չունի հարաճելու միտում, եւ նրա աստիճանը մնում է անփոփոխ կամ կարող է նվազել: Ձեր դիմումում նշված մարտական գործողությունները նույնպես չէին կարող ազդել եւ չեն ազդել հեռատեսության աստիճանի փոփոխման վրա»:

ԿՌԲՀ-ի որոշման եւ գրության համադրությամբ ստացվում է, որ զինծառայողը պիտանի է եղել զորակոչմանը, սակայն վաղաժամ զորացրվել է համարվելով ոչ պիտանի ծառայությանը տեսողության վատացման պատճառով:

Այս հակասությունները պարզաբանելու նպատակով armtimes.com-ի օգոստոսի 14-ին հարցում էր ուղարկել ՊՆ: Նույն օրը պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գեւորգ Ալթունյանը պատասխանել էր. «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ, որ հարցման մեջ նշված տեղեկությունները տրամադրելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա: Ըստ այդմ՝ հարցման պատասխանը կտրամադրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություն
X