Արտաշատի քաղաքապետի թեկնածուն չի խանդում Արգամ Աբրահամյանին

Արարատի մարզի Արտաշատ քաղաքի համայնքի ղեկավարի ընտրություններում, որպես հավանական թեկնածու, առայժմ շրջանառվում է մեկ անուն՝ Կարեն Բենիամինյան: Նա Արտաշատի ավագանու անդամ է եւ օրերս է վարչապետի կողմից նշանակվել քաղաքապետի պաշտոնակատար: Թե ինչու որոշվեց ընտրություններից մեկուկես ամիս առաջ փոխել քաղաքապետի պաշտոնակատարին՝ փոխքաղաքապետ Իսահակ Գրիգորյանին, մնում է ենթադրել: ՀՀԿ Արարատի տարածքային ԵԿ ղեկավար, «Էյ-Ի-Ջի սերվիս» ՍՊԸ Արտաշատի գազասպասարկման համակարգի տեխնիկական սպասարկման ծառայության պետ, ՀՀԿ-ական Կարեն Բենիամինյանն առաջադրվել էր նաեւ ԱԺ ընտրություններում՝ ռեյտինգային ցուցակով, սակայն չնչին ձայներով չանցավ խորհրդարան: Բենիամինյանը, որ 2005-ից ավագանու անդամ է, թեեւ առայժմ պաշտոնապես չի առաջադրվել ՀՀԿ-ի կողմից, սակայն հենց նա է լինելու քաղաքապետի ՀՀԿ-ական թեկնածուն: Այս մասին հայտարարել է ՀՀԿ Արարատի մարզային կառույցի ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը: Երիտասարդ ՀՀԿ-ականի հայրը՝ Գագիկ Բենիամինյանը, ՀՀԿ Արարատի շրջանային խորհրդի նախագահն է, իսկ Արտաշատում հայտնի Գազի Հովոն՝ Հովհաննես Ղազարյանը, ում անունը շուրջ 4-5 ամիս շրջանառվում էր որպես Արտաշատի ապագա քաղաքապետի թեկնածու, Բենիամինյանի քավորն է: Գազի Հովոն տարիներ առաջ լուրջ գժտվել էր Աբրահամյանների հետ, սակայն հետագայում երբեմնի ախոյանները «բարիշել» են: Մի խոսքով, 33-ամյա Բենիամինյանը, ինչպես ասում են՝ կորած մարդ չէ, բնիկ արտաշատցի է, ավարտել է Ֆիզկուլտ- ինստիտուտը, նաեւ արդեն չգործող «Արտաշատ» ոչ պետական համալսարանը, ապրում է քաղաքի կենտրոնում՝ Մարքսի փողոցում, ունի շինարարական կազմակերպություն՝ «Դուստր Մարգարիտա», ամուսնացած է, երկու երեխաների հայր:

- Շուրջ 12 տարի է՝ ավագանու անդամ եք, քաջատեղյակ եք Արտաշատի խնդիրներին: Քաղաքապետ ընտրվելու դեպքում ո՞ր հարցերն են լինելու հրատապ լուծում պահանջող հարցերի օրակարգում:

  • Որ հաջողություն լինի, ամեն ինչ բարեհաջող անցնի, ընտրությունների լավ անցնելու դեպքում ես պատրաստ եմ ծառայել իմ քաղաքին, իմ արտաշատցիներին: Խնդիրները շատ են, անելիքները՝ շատ, հնարավորություններն էլ պետք է ուսումնասիրեմ, ինչ հնարավորություն ունենք, անելու ենք, որ մեր քաղաքը լինի ավելի մաքուր, ավելի բարեկարգ, գեղեցիկ, լուսավոր, ավելի կանաչապատ:

- Արտաշատը, մեղմ ասած, մաքուր չէ: Ծայրամասերում աղբի կուտակումներ կան, իսկ գլխավոր՝ Մարքսի փողոցը մաքուր ու բարեկարգ է: Դուք էլ Մարքսի փողոցում եք ապրում: Կողմնապահություն կա՞ քաղաքի մաքրության հարցում:

  • Այո, աղբահանությունն առաջնահերթ խնդիր է, որը ես պիտի լուծեմ, պիտի հստակ դրվի մի ծրագիր, եւ դա իրագործենք: Ինձ համար չկա՝ Արտաշատի կենտրոն, ծայրամաս, Արտաշատը քաղաք է, որը գլոբալ խնդիր ունի, եւ բոլորն էլ պետք է լուծում ստանան:

- Նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնը թողնելուց հետո շարունակում է բարեկարգել քաղաքը, ասֆալտապատել որոշ բակեր ու փողոցներ: Խանդով չե՞ք վերաբերվում, որ, չլինելով քաղաքապետ, շարունակում է իրեն քաղաքի տեր զգալ եւ անպայման ընդգծել, որ բարեկարգումն անում է իր սեփական միջոցներով:

  • Ասեմ, որ ոչ մի խանդելու ինչ-որ առիթ չկա, ես, հակառակը՝ շատ ուրախ եմ, որ մեր պատգամավորն է, նաեւ ինքն է ընտրվել Արտաշատից պատգամավոր, ճիշտ չէ՞: Ինքն իր քաղաքի համար է անում, եթե ինքը ցանկություն ունի անելու, ողջունելի է:

- Իսկ նրա հետ ի՞նչ հարաբերություններ ունեք: Քաղաքապետ-ավագանու անդամ հարաբերություններ եք ունեցել ժամանակին:

  • Մենք իր հետ շատ-շատ ջերմ, շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք միշտ էլ, խնդիր չունենք: Ինքը քաղաքապետ է եղել, ես էլ՝ ավագանու անդամ, նորմալ հարաբերություններ են եղել:

- Խոսակցություններ կային, որ Արգամ Աբրահամյանն ու նրա թիմն սպասում են, թե ՀՀԿ-ն ում է առաջադրելու, որ ըստ այդմ կողմնորոշվեն ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում: ՀՀԿ-ն Ձեզ կառաջադրի՞, եւ ո՞վ կլինի Ձեր մրցակիցն Աբրահամյանների թիմից:

  • Ինձ թվում է՝ դա կուսակցությունից պետք է ճշտեք: Դեռ պաշտոնապես ոչինչ չկա հայտարարված: Կուսակցությունը, ինչպես հայտարարել է, հոկտեմբերի 1-ին կբարձրաձայնի, թե ովքեր են լինելու մեր թեկնածուները:

- Այն, որ Ձեր հայրը ՀՀԿ ՇԿ նախագահն է, կարո՞ղ է նպաստել, որ կուսակցությունը հենց Ձեզ առաջադրի:

  • Դա շրջանային կառույցով չէ միայն քննարկվում, դա կուսակցության մարզային խորհրդով կամ կուսակցության խորհրդով է քննարկվում, ընդհանուր առմամբ՝ դա ոչ մի կապ չունի իմ հայրիկի՝ շրջանային կառույցի ղեկավար լինելու հետ:

- Իսկ փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանի՞ հետ, ով համարվում էր Աբրահամյանների թեկնածուն, ինչ հարաբերություններ ունեք:

  • Ճիշտն ասած՝ ես տեղյակ չեմ, թե Պողոսյան Գագիկի մասին ինչ խոսակցությունների մասին է խոսքը, բայց նրա հետ էլ նորմալ հարաբերությունների մեջ եմ:

- Հետաքրքիր է՝ եթե նա առաջադրվի որպես թեկնածու, ձեր միջեւ մրցակցությունը կո՞շտ կլինի:

  • Եթե դա նրա որոշումն է, ես չգիտեմ՝ կառաջադրվի՞, թե՞ ոչ, կարող եք իրենից ճշտել: Եթե լինի էլ մրցակցություն, էսօր ազատ մրցակցություն է, ով ցանկություն հայտնի առաջադրվելու, պատրաստ եմ մրցակցելու: Կոշտ մրցակցություն, ինձ թվում է, որ չունենք:

- Դուք 1239 ձայն ստացաք ԱԺ վերջին ընտրություններում, մինչդեռ թիվ 5 ընտրատարածքում առաջադրված Ձեր մրցակիցները՝ Արգամ Աբրահամյանը, Արայիկ Գրիգորյանը, Մուրադ Մուրադյանը, մի քանի տասնյակ անգամ ավելի ձայն ստացան եւ անցան խորհրդարան: Քաղաքապետի ընտրություններում արտաշատցիների քանի՞ տոկոսը Ձեզ կվստահի:

  • Մեր կուսակցությունը, ինչպես գիտեք, առաջադրել էր 12 թեկնածու: Մենք մրցակցություն չէինք տեսնում իրար մեջ, մենք ընդհանուր մի գաղափարի շուրջ էինք համախմբված, եւ ամեն մեկս իր հնարավորության չափով իր ձայներն ապահովեց կուսակցության համար: Դա ընդհանրապես կապ չունի քաղաքապետի ընտրությունների հետ: Քաղաքապետի ընտրություններում եթե կուսակցությունը որոշի առաջադրել ինձ, դուք ընտրություններից հետո կտեսնեք արդյունքները:

- Ես ակնարկում էի, որ եթե Դուք ընտրակաշառքով կամ զեղծարարությունների միջոցով չէ, որ ստացել եք Ձեր ձայները, այլ, այսպես ասած՝ հալալ քրտինքով, նույն ձեռագիրն եք ցույց տալու նաեւ քաղաքապետի ընտրություններում:

  • Ես ո՛չ տեսել եմ, որ ինչ-որ մեկն ընտրակաշառք է տվել, ո՛չ էլ ես հնարավորություն ունեի ընտրակաշառք տալ: Ով ինձ ճանաչել է, հարգել է, ձայնը տվել է: Ես ծնվել-մեծացել եմ, ապրում եմ Արտաշատում: Էլի ապրելու եմ Արտաշատում, լինելու եմ իմ ժողովրդի կողքին: Լինեմ քաղաքապետ, թե չէ՝ ես իմ Արտաշատը շատ եմ սիրում եւ պատրաստ եմ ամեն ինչ իմ հնարավորությունների չափով անեմ իմ Արտաշատի համար:

- Դուք հիմա լավ պաշտոն եք զբաղեցնում, երկար ժամանակ է, որ գազի համակարգում եք, «սոլիդ» աշխատավարձ եք ստանում: Քաղաքապետի աշխատավարձը շատ ավելի համեստ է. նախկին քաղաքապետ Արգամ Աբրահամյանի աշխատավարձը, օրինակ, 260 հազար դրամ էր: Արժե՞ թողնել բարձր վարձատրությամբ աշխատանքը եւ անցնել այլ աշխատանքի, որի պատասխանատվությունն անհամեմատ մեծ է, աշխատավարձը՝ քիչ:

  • Հարցն աշխատավարձը չէ, այլ այն, թե ես ինչ կարող եմ անել մեր, իմ քաղաքի համար: Ես գնում եմ ծառայության, դա իմ ցանկությունն է, իմ սկզբունքն է՝ ծառայեմ իմ քաղաքին, իմ արտաշատցիներին: Ես պատրաստ եմ, շատ հստակ գիտեմ, թե ինչ պատասխանատվություն եմ կրելու, ես պատրաստ եմ այդ ամենը տանել առաջ:

- Իսկ ի՞նչ կմաղթեք նրանց, ովքեր սպասում են ընտրություններին եւ թեկնածուների առաջադրմանը:

  • Արտաշատցիներին մաղթում եմ, որ լցվեն համբերությամբ եւ իրենց բարձր տրամադրությամբ մասնակցեն ընտրություններին, իրենց ձայնը տան այն մարդուն, ում վստահում են, ում ճանաչում են: Ես էլ, որպես թեկնածու, պատրաստ եմ ծառայել իմ արտաշատցիներին: Ու էն, որ ասում եմ՝ հուսախաբ չեմ անելու, ամեն ինչ անելու եմ, որ արտաշատցիներն ապրեն ավելի բարեկարգ, մաքուր քաղաքում:

Հեղինե ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X