«Ծառուկյան դաշինքը» «Ելք»-ի գրավոր հիմնավորումները բավարար չի համարում

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում կքննարկվի «Ելք» խմբակցության՝ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը դադարեցնելու գործընթաց սկսելու մասին նախագիծը։ Հարցը հանձնաժողովում կներկայացնի հիմնական զեկուցող՝ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը, իսկ հարակից զեկուցողը լինելու է հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նույն նիստի օրակարգում է նաեւ ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին նախագծի վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին հարցը: Հիմնական զեկուցողը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է, իսկ հարակից զեկուցողը՝ Հերմինե Նաղդալյանը:

ԵԱՏՄ-ից դուրս գալու նախագծի հիմնավորումը ՀՀ անդամակցությունից հետո Հայաստանում արձանագրված տնտեսական, սոցիալական եւ ռազմաքաղաքական հետընթացն է։ «ԵԱՏՄ անդամակցության 3 տարում Հայաստանի ՀՆԱ-ն կրճատվել է 8%-ով, զբաղվածության մակարդակը՝ 13%-ով, միջազգային պահուստները՝ 40%-ով, պետական պարտքն աճել է 10%-ով, միաժամանակ ներդրումների զուտ հոսքերը 2014 թվականին կազմել են 167.4 մլրդ․ դրամ, իսկ 2016-ին դրանք նվազել են՝ հասնելով 81 միլիարդ դրամի։ 2017 թվականին Հայաստանից դեպի Ռուսաստան 25 մլն․ ԱՄՆ դոլարի դրամական հոսք է տեղի ունեցել, իսկ ռուսական կողմից Հայաստան այս տարի ներդրումները գրեթե զրոյական են»,- նշվում է նախագծում։ Այստեղ նաեւ վատ կանխատեսումներ են արվում այն մասին, որ ԵԱՏՄ անդամակցության հետեւանքով 900 անուն ապրանք թանկանալու է․ «Եթե դեղորայքի ներմուծման համար մինչ այժմ գործել է 0% մաքսատուրք, ԵԱՏՄ-ում այն դառնում է 8-12․5%, շաքարավազի (հիմնականում ներմուծվում է Բրազիլիայից եւ Ուկրաինայից) համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ պայմանագրի համապատասխան դրույթների ուժի մեջ մտնելուց հետո դառնալու է 40%, թռչնամսի համար մեզ մոտ գործող 10%-ը ԵԱՏՄ-ում կաճի մինչեւ 25%, Հայաստանում արտասահմանյան մեքենաների ներմուծման համար գործող 10% մաքսատուրքը ԵԱՏՄ-ում տատանվում է 25-200%-ի միջակայքում»: Ինչպես նաեւ փաստում են, որ ԵԱՏՄ անդամ-պետությունները որեւէ օգնություն չեն ցուցաբերել եւ այժմ էլ չեն ցուցաբերում Արցախի հիմնահարցի խաղաղ կարգավորմանը, ավելին՝ ամենաբարձր մակարդակներում բազմիցս հանդես են եկել ի պաշտպանություն ադրբեջանական կողմի ագրեսիվ քաղաքականության, իսկ Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանը շարունակում է զինել Ադրբեջանին՝ մատակարարելով նրանց բանակի տեխնիկայի եւ հատկապես հարձակողական զենք-զինամթերքի 85%-ից ավելին, այդ թվում՝ գերժամանակակից հզոր եւ հակամարդկային զինատեսակներով։ «Ելք» դաշինքը որպես այլընտրանք է տեսնում ԵՄ-Հայաստան ակտիվ համագործակցությունը:

Հիշեցնենք, որ աշնանային նստաշրջանի մեկնարկին Գագիկ Ծառուկյանը, հարցի վերաբերյալ կարծիք հայտնելով, խորհրդարանում լրագրողներին տեղեկացրեց, որ հրահանգել է խմբակցության պատգամավորներին ուսումնասիրել նախագիծը եւ որոշում կայացնել՝ միանո՞ւմ են, թե՞ ոչ։ Միեւնույն ժամանակ նշեց, որ Ռուսաստանի շուկայի հնարավորությունները մենք լիարժեք չենք օգտագործում։ Մինչդեռ ԲՀԿ-ական պատգամավոր Գեւորգ Պետրոսյանից երեկ տեղեկացանք, որ խմբակցությունում դեռեւս որոշում չունեն, սպասում են այսօրվա քննարկմանը եւ «Ելք»-ի հիմնավորումներին, որի արդյունքում էլ համապատասխան որոշում կկայացնեն։ «Հիմնական քննարկումը լինելու է վաղը (այսօր), երբ պարզ կլինի, թե «Ելք»-ն ինչ է առաջարկում։ Պարոն Ծառուկյանն էլ հայտնեց, որ մենք սկզբունքորեն դեմ չենք որեւէ նախագծի՝ ելնելով այն բանից, թե ով է ներկայացնում։ Քանի որ «Ելք»-ի փաստարկները հրապարակային չեն, մենք կծանոթանանք իրենց փաստարկներին, եթե չեն ներկայացրել, չենք քննարկել, ո՞նց կարող ենք որոշում կայացնել»,- մեր հարցից անակնկալի եկավ պատգամավորը։ Երբ հղում արեցինք նախագծին, որն արդեն մատչելի է, եւ այնտեղ նշված հիմնավորումներին, Պետրոսյանն անդրդվելի մնաց։ «Եթե հիմք ընդունենք միայն գրվածը, ապա ինչի՞ համար է հրավիրվում քննարկումը։ Քննարկումը նրա համար է, որ գրված դրույթները քննարկեն, վիճեն, վիճաբանություն լինի եւ այլն։ Եթե մենք իսկապես հասկանանք, որ այդ նախաձեռնությունը բխում է մեր վիճակն այս մակարդակից դուրս բերելուն, տնտեսական աճը մեծացնելուն, արտաքին անվտանգության բաղադրիչը մեծացնելուն, այո, կմիանանք։ Քանի դեռ ծանրակշիռ հիմնավորում չկա, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը բխում է Հայաստանի շահերից, մենք կոնկրետ որոշում չենք կարող կայացնել։ Իսկ նախագծում ներկայացված գրավոր հիմնավորումները բավարար չեն ԵԱՏՄ-ից դուրս գալու համար»,- ասաց ԲՀԿ-ականը եւ նշեց, որ քննարկումից հետո միայն խմբակցությունում կքննարկեն եւ որոշում կկայացնեն։

Պետրոսյանը շեշտեց նաեւ, որ գործընկերները պետք է ԵԱՏՄ-ին համարժեք այլընտրանք ներկայացնեն եւ հիմնավորեն նաեւ այդ պնդումը։ Հետաքրքրվեցինք, թե որ ոլորտներում է ԵԱՏՄ-ին անդամակցությունն առաջընթաց գրանցել, սակայն պատգամավորն ասաց, որ «ոտի վրա» չի կարող ասել․ «Համենայնդեպս, իրենք չեն ասում, որ պետք է դուրս գանք, քանի որ առաջընթաց չի գրանցվել, այլ որ հետընթաց է գրանցվել, ինչը պետք է հանգամանալից քննարկենք։ Մենք պետք է քննարկենք նաեւ՝ արդյոք համարժե՞ք ենք օգտագործել այդ շանսերը»։ Իսկ քաղաքական համատեքստում Գեւորգ Պետրոսյանը չի ցանկանում հարցը դիտարկել, հղում է անում ՀՀԿ-ականների վերջին հայտարարություններին․ «Իրենք վերջապես ներկայացնում էին, որ դա զուտ տնտեսական համագործակցություն է»։ Այսինքն՝ դուք համաձայն չեք «Ելք»-ի պնդմանը, որ Ռուսաստանը չպետք է զինի մեր հակառակորդներին։ «Ես ո՞նց կարող եմ նման հարցի հետ համաձայն լինել, դա այդ պետության իրավունքն է»,- ասաց նա՝ շեշտելով, թե միայն այդ բանի համար ասել, որ պետք է դուրս գալ ԵԱՏՄ-ից, ճիշտ չէ։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Մեկնաբանություն
X