Քաղաքականություն

Գնացել էին կենացներ ասելու

Մենք օրեր առաջ գրել էինք, որ ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը պաշտոնական այցով մեկնելու է հարեւան Վրաստան։ Այցի ընթացքում, մեր տեղեկություններով, ի թիվս տարբեր հանդիպումների ու միջոցառումների, պետք է նաեւ ՀՀ առաջին հանրապետությանը նվիրված հուշատախտակ բացվեր։ 1918 թվականի մայիսի 28-ին հենց Թիֆլիսում է ստորագրվել Հայաստանի առաջին հանրապետության հռչակագիրը։ Եվ ոչ միայն մերը, նաեւ Վրաստանինն ու Ադրբեջանինը։ Մեր հարեւան երկու պետություններն ունեն նման հուշատախտակներ, սպասվում էր, որ դրանց կողքին կավելանար նաեւ մերը։ Բայց նախօրեին տեղեկացանք, որ հուշատախտակի բացումը տեղի չի ունենա։ Չնայած Վրաստանի իշխանություններն առարկություն չունեին այս մասով, փոխարենը ինչ-ինչ խնդիրներ էին հարուցվել հայկական կողմից։ Խնդիրները, մեր տեղեկություններով, պատմությանն են առնչվել, մեր դեսպանատնից ինչ-որ փաստաթղթեր են պահանջել։ Կարճ ասած՝ արել են այնպես, որ հուշատախտակի բացումը տեղի չունենա։ Հուշատախտակը, ի դեպ, պատրաստ է, գտնվում է նախաձեռնողներից մեկի՝ Վրաստանում բնակվող հայ գործարար Ռաֆիկ Աղաջանյանի մոտ։ Այժմ անդրադառնանք, թե ինչ է իրենից ներկայացնում ԱԺ պատվիրակության այցը հարեւան Վրաստան։ Պատվիրակության կազմում են Արա Բաբլոյանը, Արմեն Աշոտյանը, Արմեն Ռուստամյանը, Վարդեւան Գրիգորյանն ու Լենա Նազարյանը։ Դատելով ԱԺ լրատվական ծառայության տարածած հաղորդագրություններից՝ սա հերթապահ մի այց է՝ ստանդարտ բովանդակությամբ, որից որեւէ գործնական էֆեկտ ակնկալելը դժվար է։ Նախ հանդիպել են Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ։ «Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԺ նախագահը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ Հայաստանի խորհրդարանի պատվիրակության պաշտոնական այցը Վրաստան լուրջ խթան կհանդիսանա երկու երկրների միջպետական հարաբերությունների եւ, հատկապես, միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման համար»,- ասված է ԱԺ-ի տարածած ոչինչ չասող հաղորդագրության մեջ։

Հաջորդ օրը հանդիպել են Վրաստանի վարչապետի եւ նախագահի հետ։ Կրկին նույն տրաֆարետային ձեւակերպումները երկկողմ հարաբերությունները խորացնելու մասին։ Այնպիսի տպավորություն է, թե մերոնք նոր են քնից զարթնել եւ ուզում են հայ-վրացական հարաբերություն զարգացնել։ Բա 25 տարի ինչո՞վ էիք զբաղված։ 25 տարի պետական մակարդակով իրար «հյուր» են գնում-գալիս ու ամեն անգամ նույն կենացն են ասում։ Այցի ընթացքում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հերոսների հրապարակ (ինչպիսի՜ հերոսություն)։

Իսկ հայ-վրացական հարաբերություններում խնդիրներ շատ կան, որոնց լուծմանը պետք է անդրադառնային՝ օգտվելով պատվիրակության ներկայանալի կազմից եւ պատեհ առիթից։ Օրինակ՝ Լոռու մարզի Ջիլիզա գյուղի բնակիչները 10 տարի առաջ փակված հայ-վրացական սահմանի պատճառով անընդհատ խնդիրների առաջ են կանգնում։ Այս հարցը 10 տարի է՝ Վրաստան մեկնած ոչ մի պատվիրակություն չի փորձում լուծել։ Բաբլոյանի պատվիրակությունն էլ հաստատ չի անդրադարձել այս հարցին։ Մեր բարեկամական հարաբերությունների «լավագույն» դրսեւորումներից է նաեւ այն, որ Վրաստանի իշխանությունները ՀՀ քաղաքացիներին անցանկալի անձ են ճանաչում ու արգելում են նրանց մուտքը Վրաստան։ Այդ քաղաքացիների մեջ հիմնականում ջավախքցի պատգամավորներ են եղել, մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ՝ Շիրակ Թորոսյան, Ստեփան Մարգարյան, Հովհաննես Այվազյան, Վահե Սարգսյան եւ այլք։ Շիրակ Թորոսյանին 9 տարվա բանակցություններից հետո միայն այս տարի թույլատրեցին այցելել հայրենի Ջավախք, այն էլ ամեն անգամ սահմանը հատելիս առանձին թույլտվություն է պետք։ Վերջերս տեղեկացանք նաեւ, որ «Երկիր մեդիայի» լրագրողներին են արգելում հատել հայ-վրացական սահմանը, հատկապես, երբ իմանում են, որ մեկնում են Ջավախք։ Այսպիսի խնդրի առաջ էին կանգնել նաեւ Հանրային հեռուստաընկերության մեր գործընկերները։ Վրաստանի իշխանություններն արգելում են հայերեն գիր-գրականության մուտքը Վրաստան։ Միայն այս տարի մեծ ջանքերի գնով հաջողվեց 18 հազար կտոր գիրք ուղարկել Վրաստան, այն էլ՝ միայն Հայոց լեզվի եւ գրականության։ Իսկ Հայոց պատմության դասագրքերն իսպառ արգելված են։ Այս ամենի մասին ՀՀ իշխանությունները վախենում են բարձրաձայնել։ Փոխարենը մեզ մոտ շատ լավ է ստացվում հայ-վրացական դարավոր բարեկամության մասին կենացներ ասելը։
ԱԺ նախագահի եւ, առհասարակ, պետական մակարդակով այցերի նպատակն իրականում այլ է, որը երբեւէ չի բխում ո՛չ պաշտոնապես հայտարարված նպատակադրումներից, ո՛չ էլ արտացոլվում է պաշտոնական հաղորդագրություններում։

Սովորաբար նման փոխադարձ այցեր տեղի են ունենում ընտրություններից առաջ, որպեսզի Վրաստանի իշխանությունները Հայաստանի իշխանությունների հետ պայմանավորվեն իրենց նախընտրելի հայ թեկնածուների վերաբերյալ։ Վրաստանի իշխանություններին պետք է, որ Հայաստանի պետական շրջանակներից լոբբինգ անեն ընտրություններին մասնակցող այն հայ թեկնածուների օգտին, որոնք իշխանամետ են եւ իրենց ավելի ձեռնտու։ Իսկ Վրաստանում, ինչպես հայտնի է, հոկտեմբերին սպասվում են ՏԻՄ ընտրություններ, որին նաեւ ջավախահայությունն է ակտիվորեն ներգրավված՝ ունենք հայ թեկնածուներ։ Սրանց միջեւ արդեն իսկ լարված պայքար է սկսվել, ինչպես խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր։ Այնտեղ էլ են հայերը տարբեր թեւերի բաժանված, փոխանակ մեկ միասնական պլատֆորմի վրա գործեն։ Եվ չի բացառվում՝ կենացներից ու պաշտոնական այցի ձեւական հանդիպումներից բացի ԱԺ նախագահի հետ քննարկեն նաեւ ընտրություններին վերաբերող նմանօրինակ «ներքին կանոնակարգային» հարցեր։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X