Քաղաքականություն

Էդմոն Մարուքյանը խոստանում է լիբերալ դպրոցում կուսակցության գաղափարները չպարտադրել

Հայաստանում գործող քաղաքական դպրոցներին կավելանա եւս մեկը՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության Լիբերալ քաղաքական դպրոցը։ Նրա առաջին ուսումնական փուլը կսկսվի հոկտեմբերի 1-ին: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 27-ին, քաղաքական դպրոցի բացման ժամանակ ասաց դպրոցի տնօրեն Հայկ Կոնջորյանը:

Հայկ Կոնջորյանը նշեց, որ դասընթացը տեւելու է չորս ամիս եւ կշարունակվի մինչեւ փետրվար, իսկ շրջանավարտներին կտրվեն համապատասխան վկայականներ: Դասընթացը լինելու է, ինչպես տեսական, այնպես էլ՝ գործնական: Հանդիպումներ են նախատեսվում տարբեր քաղաքական գործիչների, մասնագետների եւ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։

«Լուսավոր Հայաստան» կուսակցության քաղաքական դպրոցում ոչ միայն ուսումնասիրելու են քաղաքագիտություն, այլ նաեւ՝ տնտեսագիտություն։ Մյուս դպրոցներից Լիբերալ քաղաքական դպրոցը տարբերվելու է նրանով, որ այստեղ ուսանողները ծանոթանալու են լիբերալ արժեքներին եւ լիբերալ գաղափարախոսությանը։

Դպրոցում դասավանդելու են ոչ միայն երկրի հայտնի քաղաքական, հասարակական գործիչները, այլ նաեւ՝ դիվանագիտական կառույցների ներկայացուցիչներ: Դպրոցի բացման միջոցառմանը հրավիրված Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին հայտարարեց, որ սիրով կդասավանդի «Լուսավոր Հայաստանի» քաղաքական դպրոցում:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեցինք, թե արտերկրից ովքեր են դասավանդելու Լիբերալ քաղաքական դպրոցում։ «Օրինակ՝ կիրակի օրը մեր դպրոցում դասախոսությամբ հանդես է գալու Անդրեյ Յուրովը, որն ապրում է ՌԴ-ում եւ եվրոպական տարածքում շատ հայտնի իրավապաշտպան է։ Կլինեն ազատական գաղափարներ կրող անձինք, հրավիրյալ դասախոսներ։ Առայժմ հայտնի է միայն հայաստանյան քաղաքական գործիչների ցանկը»,- ասաց նա։ Նա հավելեց, որ արդեն ընտրվել է 40 ուսանող, ովքեր կսովորեն Լիբերալ քաղաքական դպրոցում։ Նրանք, ըստ Էդմոն Մարուքյանի, ընտրվել են իրենց գրած շարադրությունների հիման վրա։

Ինչպես ուսուցումը, այնպես էլ դասախոսությունները Լիբերալ քաղաքական դպրոցում լինելու են անվճար։ Հարցին, թե ինչով է, օրինակ, այս դպրոցը տարբերվելու Քաղաքական դասընթացների եվրոպական դպրոցից, ԱԺ պատգամավորն արձագանքեց․ «ՔԴԵԴ-ն ունի իր ուղղությունը։ Այն հիմնել է Եվրոպայի խորհուրդը։ Մեր դպրոցը լիբերալ դպրոց է։ Թեեւ կուսակցությունն է հինել այս դպրոցը, սակայն մենք մեր կուսակցության ծրագրերը չենք պարտադրելու, ազատական գաղափարների մասին է խոսքը»։

Մեկնաբանություն
X