Փաստերով կապացուցեմ, որ Ստալին պապիկը չի կարող լավ երկիր կառուցել․ Արա Պապյան

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը դասավանդելու է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նորաստեղծ Լիբերալ քաղաքական դպրոցում։ Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչ կարող է տալ երիտասարդներին այս դպրոցը, երբ այսօր շատերը հնարավորություն ունեն ուսանելու արտերկրում, համացանցի միջոցով գիտելիքներ ձեռք բերել։

«Կրթությունը երբեք շատ չի լինում, եւ ինչքան շատ կրթական հաստատություններ, դասընթացներ լինեն, այնքան լավ։ Երկրորդը՝ սա ազատական գաղափարախոսության դպրոց է լինելու, ոչ թե կուսակցական դպրոց, որը կուսակցական գործիչներին փոխարինողներ չի պատրաստում։ Հայաստանում կա այսպիսի դպրոցի կարիք, քանի որ լիբերալիզմը նահանջ է ապրում։ Վերջին շրջանում մենք տեսնում ենք նեոբոլշեւիզմի ակտիվացում, ՌԴ-ի ազդեցության ուժեղացում՝ իր նեոբոլշեւիկյան ռենեսանսով հանդերձ։ Մյուս կողմից՝ երիտասարդությունն իր հետ կբերի թարմ գաղափարներ, սա կլինի այն հարթակներից մեկը, որտեղ նա կարտահայտվի։ Խոսքը լինելու է ժողովրդավարության մասին, քննարկվո՞ւմ է, չէ՞, ինչո՞ւ ժողովրդավարություն, ավելի լավ է, որ լինի ուժեղ ձեռք, որը լավ երկիր կկառուցի։ Ես իրենց կապացուցեմ փաստերով, որ Ստալին պապիկը չի կարող լավ երկիր կառուցել, իր կառուցած երկիրը միշտ վատ է եղել։ Փաստերով կապացուցեմ, որ այն երկրները, որտեղ եղել է ժողովրդավարության, զարգացած ու բարեկեցիկ երկրներ են»,- ասաց Արա Պապյանը։

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը, որը նույնպես դասավանդելու է Լիբերալ քաղաքական դպրոցում, նշեց․ «Ինձ համար կարեւորը ոչ թե այն է, թե դպրոցը լիբերալ է, կոնսերվատիվ է, աջ է, թե ձախ է, այլ որ դպրոցից դուրս գան ոչ թե հայ քաղաքական գործիչներ կամ հայկական քաղաքական գործիչներ, այլ դուրս գան գաղափար կրող քաղաքական գործիչներ։ Էական չէ, թե ինչ գաղափար, կարեւորն այն է, որ գաղափար կրեն»։

Մեկնաբանություն
X