«Սասնա ծռերի» գործը անջատում են, առանցքային դեմքերի մասով գործը կքննի Մակյա՞նը

Քիչ առաջ «Սասնա ծռերի» գործով 18 անդամների նիստին Արտուշ Գաբրիելյանը, վերադառնալով խորհրդակցական սենյակից, հայտնեց, որ գործը անջատելու որոշում են կայացրել՝ հղում անելով քրեական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածին։
Գործի առանցքային դեմքերի՝ մոտ 11 հոգու մասով գործը կքննի այլ դատավոր, մյուսների մասով ինքը կքննի։ Ըստ ամենայնի՝ առանցքային դեմքերի մասով գործը կքննի Մեսրոպ Մակյանը, այդ մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվել։

«Հրապարակը» գրել էր, որ «Սասնա ծռերի» գործը քննող Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանից իշխանությունները դժգոհ են, ուստի հնարավոր է նրան փոխարինեն։ Հայտնել էինք, որ դատական վերնախավը քննարկում է «ծռերի» գործը կիսելու տարբերակը՝ մի մասը կքննվի էրեբունու դատարանում, մյուսը՝ Շենգավիթում: Դա կպատճառաբանեն դատավորների ծանրաբեռնվածությամբ, Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանին կգործուղեն Էրեբունու դատարան։ Մի դատավորի էլ Շիրակի մարզից կգործուղեն՝ «ծռերի» գործը քննելու: Լուրը հրապարակելուց հետո դատական դեպարտամենտը հայտնել էր, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը դիմել է Դատարանների նախագահի խորհուրդ՝ խնդրելով քրեական մասնագիտացում ունեցող դատավորներ գործուղել՝ հաշվի առնելով ծանրաբեռնվածությունը։ Խորհուրդն էլ որոշել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտակ Թադեւոսյանին եւ Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին սեպտեմբերի 25-ից 6 ամիս ժամկետով գործուղել Էրեբունի եւ Նուբարաշեն ընդհանուր իրավասության դատարան։

Մեկնաբանություն
X