Պատերազմ պոլիէթիլենային տոպրակների դեմ

Հայաստան-Սփյուռք համաժողովին մասնակցելու նպատակով վերջերս Հայաստան եկած սփյուռքահայերի մի մասը որոշել էր Երեւանից դուրս գնալ՝ հայրենիքը վայելելու: Սեւանում շրջագայածները մյուսներին պատմում էին լճի ափերին աղբի առատության մասին՝ դժգոհելով, որ փոքր տարածքը չենք կարողանում փրկել աղբից, ամոթ է, զբոսաշրջիկներ են գալիս: «Հոն աղտեղությունը շատ էր»,- ասում էին նրանք՝ անհանգստանալով պոլիէթիլենային տոպրակների առատությունից:

ԱՄՆ-ից եկածներից մեկը նշում էր, որ իրենց մոտ տարբեր նահանգներ տարբեր մոտեցում են որդեգրել պոլիէթիլենային մեկանգամյա օգտագործման տոպրակների մասով: Որոշ նահանգներում վաճառվում է, որոշներում արգելված է, կան քաղաքներ, որոնցում անգամ բնակիչներից գնում են աղբը, ու դա հենց մաքրություն պահպանելու ամենահաջողված մեթոդներից է: «Քաղաքապետարանը բնակչից աղբը գնում է էժան գնով: Այստեղ գինը կարեւոր չէ, եթե պետությունը քաղաքացուց բան է գնում, քաղաքացին ուրիշ տեղերից էլ է աղբը բերում, որ վաճառի»,- ասում էր ամերիկացի զրուցակիցս:
Ուսումնասիրեցինք, թե որ երկրներն ինչպես են պայքարել ցելոֆանե տոպրակների դեմ: Պարզվում է, որ խնդրով մտահոգ են բոլոր երկրները, սակայն քչերն են կոշտ քաղաքականություն որդեգրել:

Բավականին վերջերս՝ սեպտեմբերի 1-ին, Բրյուսելը հրաժարվեց մեկանգամյա օգտագործման այդ փաթեթներից։ Բելգիայի մայրաքաղաքի որեւէ խանութում պետք է չլինեն տոպրակներ: Հուլիսի 10-ից Չինաստանի իշխանություններն արգելեցին պոլիէթիլենային տոպրակների գործածումը Տիբեթի ինքնավարությունում։
Ֆրանսիայում արգելվեց 2016-ի հուլիսի 1-ից: Ամերիկայի Հավայան նահանգում կտրուկ արգելված է, Կալիֆոռնիայում էլ վճարովի են տոպրակները: Բանգլադեշում ու Հնդկաստանի Himachal Pradesh նահանգում ընդհանրապես արգելվել է տոպրակների արտադրությունը, վաճառքն ու տարածումը, իսկ Քենիան ավելի հեռու է գնացել եւ մեկ ամիս առաջ արգելել է տոպրակների կիրառումը՝ անհնազանդների համար սահմանելով 38 հազար դոլար տուգանք կամ մինչեւ 4 տարվա ազատազրկում: Օգտագործումն արգելված է նաեւ Իտալիայում: Դանիայում, Իռլանդիայում եւ Բուլղարիայում հարկեր են սահմանված:

Ընդ որում՝ որոշ երկրներում տոպրակների վաճառքից ստացված գումարը տրամադրվում է այն վերամշակող գործարաններին, ինչպես նաեւ աղբահանող ընկերություններին: Համաձայն միջազգային հաշվարկների, մեկ քաղաքացին տարվա ընթացքում օգտագործում է միջինը մինչեւ 200 պոլիէթիլենային տոպրակ: Դրանք հետո նետվում են բնության գիրկը՝ աղտոտելով միջավայրը եւ հասցնելով անդառնալի վնաս:
Հայաստանը հռչակել է «Մաքուր Հայաստան» ծրագիրը եւ անհաշտ պայքար է մղում աղբի դեմ:

Միայն այս տարի երկու խոշորամասշտաբ շաբաթօրյակ անցկացվեց, հայտարարվեց, որ հունիսի 27-ի դրությամբ գույքագրված, քարտեզագրված եւ անձնագրավորված 2029 (494,61 հա) աղբանոցից փակվել է 1480-ը, փակման ենթակա է եւս 272 աղբանոց: Բայց երբ անցնում ես երկրով մեկ, կարծես համընդհանուր աղբանոց լինի: Նույն պոլիէթիլենային տոպրակները սավառնում են ամենուր: 2016թ. հուլիսից Երեւանի բազմաթիվ սուպերմարկետներում տոպրակը դարձավ վճարովի՝ 10-20 դրամ՝ շրջակա միջավայրի պահպանության նկատառումներով: Բնապահպանության, էկոնոմիկայի նախարարությունները բնապահպանների ու սուպերմարկետների տերերի հետ քննարկումների արդյունքում եկան եզրակացության, որ դա կնպաստի բնությունը չաղտոտելուն: Համ էլ, ձեռքի հետ փող կաշխատեն: Գաղափարի մասին լսել էին, բայց հնարավոր ազդեցության գնահատում չէին արել:

Դարձյալ, ինչպես հաճախ լինում է փոփոխությունների պարագայում, մարդիկ ընդվզեցին, բայց շարունակեցին վճարել, գնել ու հարստացնել բնության աղբային հատվածը: Այդ տոպրակները, որոնք մի ժամանակ անվճար էին, հիմա՝ 10-20 դրամ, մեկ-երկու օգտագործումից հետո դառնում են ոչ պիտանի եւ դարձյալ նետվում մայր բնության գիրկը: Այսինքն՝ սա դարձավ անմիմաստ քայլ: Գուցե որոշ օգուտներ տվեց, չենք ժխտում, սակայն՝ չնչին, եթե չհաշվենք տոպրակների բիզնես անողների օգուտները:
Պոլիէթիլենային տոպրակները կարող են չքայքայվել մինչեւ 400 տարի: Աշխարհում չքայքայվող աղբի 80 տոկոսը հենց սրանք են: Ասել, որ հնարավոր է ամբողջությամբ մաքրել, սխալ կլինի, քանի որ հատկապես քամին օգնում է դրանց շուտ տարածմանը: 2017թ. մայիսի 25-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց, որ առաջարկում են ներդնել համայնքներում աղբահանության եւ սանիտարական տեսուչների ինստիտուտ. «Բյուջեի աղբյուրները հենց այն տուգանքներն են լինելու, որոնք կիրառվելու են: Մենք անպայման այդ ինստիտուտը պետք է ներդնենք, որ որոշ քաղաքացիներին բերենք համապատասխան ցիվիլ դաշտ»:

Քանի դեռ կտրուկ միջոցների չենք դիմել, խնդիրը չի կարգավորվի, իսկ կտրուկ միջոցը նախ տոպրակների միանգամից արգելումն է: Տուգանել միշտ էլ կարելի է, բայց պետք է մանրակրկիտ հաշվել յուրաքանչյուր միջոցի ամենահավանական ազդեցությունը: Մեզանում դա չկա. տուգանել՝ եւ վերջ:

Արմեն ՄԱՆՈՒԿՅԱՆ

Մեկնաբանություն
X