Մխիթարյանը Մոսկվայում գոլ խփեց

Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրում անգլիական Մանչեսթեր Յունայթեդը հյուրընկալվեց Մոսկվայի ԲԿՄԱ-ին և խոշոր՝ 1-4 հաշվով հաղթանակ տարավ Բանակայինների նկատմամբ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ՝ Հենրիխ Մխիթարյանը այս խաղում կարելի է ասել երկու գոլ վաստակեց, առաջինը՝ 18-րդ րոպեին, երբ մրցակցի տուգանային հրապարակում պաշտպանը վայր գցեց նրան և նշանակեց 11 մետրանոց հարված, որը դիպուկ իրացրեց Անթոնի Մարսիալը և երկրորդը՝ 57-րդ րոպեին, երբ գոլ հեղինակեց արդեն հենց ինքը:

Ինչ խոսք պետք է ասել, որ բավականին զարմացրեց Մոսկվայի ԲԿՄԱ-ի թույլ խաղը, վստահաբար ողջ հանդիպման ընթացքում ԲԿՄԱ-ն որևէ լրջագույն քայլ չձեռնարկեց, որպեսզի կոտրեր խաղի ելքը, մի քանի անգամ կոպիտ սխալներ թույլ տվեցին կենտրոնական պաշտպանները, ինչի արդյունքում էլ Մանկունյանցիների բելգիացի հարձակվող Ռոմելու Լուկակուն դարձավ դուբլի հեղինակ: Ինչ վերաբերվում է ԲԿՄԱ-ի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածին, ապա այն անչափ վիճարկելի էր, ըստ իս Բանակայինների պաշտպան Շեննիկովը, նախ և առաջ գնդակին դիպավ, ապա նոր հպվեց Մխիթարյանին, ինչից հետո հայ կիսապաշտպանը վայր ընկավ:

Ինչևէ նման դրվագներում դժվար է բացահայտել պահի վերջնական իսկությունը: Սխալվեց մրցավարը, թե ոչ՝ հարցն արդեն անցյալում է, նշանակված 11 մետրանոցը չազդեց խաղի ամբողջական ելքի վրա, Կարմիր Սատանաները իսկապես ամեն առումով խոշոր առավելություն ունեին հակառակորդի նկատմամբ: Հենրիխ Մխիթարյանը հանդիպման առաջին րոպեններին մի փոքր անվստահ էր գործում, սխալվում էր, անցումները չէին ստացվում, սակայն խաղակեսի միջնամասից հայ կիսապաշտպանը վերագտավ իր խաղը և ինչպես միշտ կազմակերպեց և՛ գրոհներ և՛ առանձին դրվագներում խաղն իր վրա վերցրեց:

Ինչպես տեսնում ենք հանրահռչակ կիսապաշտպան Պոլ Պոգբայի բացակայությունից Յունայթեդի խաղը բնավ չի տուժել, ընդհակառակը արագությունները կենտրոնում դինամիկան, անցումները կիսապաշտպանությունից դեպի հարձակում կարծես թե ավելացել են, իսկ դաշտի կենտրոնում անօգտակար ու անիմաստ հապաղումներ այլևս չկան:

Խոշոր հաշվով հաղթելով ԲԿՄԱ-ին՝ Մանչեսթեր Յունայթեդը 6 միավորով դարձավ A խմբի միանձնյա առաջատար:

Զավեն Մխիթարյան

Մեկնաբանություն
X