Գայանե Գալոյանի գործով քննիչ է ձերբակալվել

Մեզ հասած տեղեկություններով՝ սեպտեմբերի կեսերին կալանավորված փաստաբան Գայանե Գալոյանի գործով երեկ ձերբակալվել է քննիչ Միքայել Զադոյանը։

Միքայել Զադոյանի փաստաբան Հրանտ Անանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալին ապօրինի են ձերբակալել․ «Իր աշխատասենյակում կատարում է իր պարտականությունները, առանց որեւէ ծանուցում կատարելու ՀՔԾ-ն որոշում է կայացնում քննիչի աշխատասենյակում ձերբակալել նրան։ Քննիչը իր աշխատանքային պարտականությունները կատարելիս ակամա գտնվում է անազատության մեջ»։ Ըստ փաստաբանի՝ ձերբակալման հիմքը եղել է այն, որ հանցագործության բացահայտման ընթացքում քննիչը կարող է թաքնվել վարույթ իրականացնող մարմնից։ Միքայել Զադոյանը կասկածանքը չի ընդունում։

Նշենք, որ Գայանե Գալոյանը կալանավորվել է Հատուկ քննչական ծառայությունում քննվող կաշառքի գործի շրջանակներում։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-311 րդ հոդվածի չորրորդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքի կատարման համար:

Մեկնաբանություն
X