Ո՞վ է նախարարի անունից փաստաթուղթ հրապարակել

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այսօր մամուլի ասուլիսով ամփոփեց նախարարության մեկ տարվա գործունեությունը, որի մի մասը բաժին է ընկնում նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանին, մյուս մասը՝ իրեն։

Առաջինը տրվեց օրերս մեծ աղմուկ բարձրացրած հարցը, որ վերաբերում է լրատվամիջոցներին՝ ինչու՞ է նախարարությունը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ ներկայացրել, որում լուրջ սահմանափակումներ կան մեր դեմ, ինչու՞ են հիմա հերքում, թե դա ընդամենը սևագիր տարբերակ է եղել իրենք տեղյակ չեն դրանից և, առհասարակ, ինչու՞ են «ընկել լրագրողների հետևից»։

Դավիթ Հարությունյանը նախ ասաց, որ այդ նախագիծը, որ դրվել էր քննարկման Ինֆորմաիցայի ազատության կենտրոնի կողմից, ունի անհայտ ծագումնաբանություն։ Նրա խոսքով՝ դա ընդամենը եղել է քննարկման ժամանակ հնչած տարբեր գաղափարներ, կարծիքներ, որը հետո դուրս է հանվել և ներկայացվել իր անունից։ Ուստի խնդրում է չօգտագործել «սևագիր տարբերակ» բառակապակցությունը։ Հարությունյանը խոստացավ, որ երբ իրական աշխատանքային պատրաստ լինի, դա կհրապարակեն իրենց անունից և կքննարկեն լրատվամիջոցների հետ։

Hraparak.am-ը փորձեց հստակեցում մտցնել այստեղ՝ ինչպե՞ս է ստացվել, որ այդ սևագիր տարբերակը դուրս է սպրդել նախարարությունից, ովքե՞ր են որոշել նախարարության անունից դա հրապարակավ քննարկել և իրենց անհարմար դրության մեջ դնել։ Նաև հիշեցրինք այդ սևագիր տարբերակում առկա մի վտանգավոր դրույթի մասին, ըստ որի՝ լրատվամիջոցի ուղարկած հարցումը պետական մարմինը կարող է մերժել, եթե համարի, որ դա հանրային հետաքրքրություն չի ներկայացնում։ Անկախ ամեն ինչից՝ այս դրույթը մնալու՞ է վերջնական տարբերակում, թե՞ ոչ։

«Ուրեմն նորից ուզում եմ կրկնել, որ եթե լիներ որևէ նախագիծ սևագիր տարբերակով և ներկայացվեր հանրային քննարկման, ապա ես դրա մասին կհայտնեի ձեզ և իմ անունից որևէ մեկը չի կարող հրապարակել փաստաթուղթ հանրային քննարկման համար, որը ես չեմ հրապարակել։ Եվ այդ առումով քննարկել որևէ փաստաթուղթ, համարում եմ ժամանակավրեպ»,-ասաց նախարարը։ Ինչ վերաբերում է հանրային հետաքրքրություն ներակայացնելու մասին դրույթին, Դավիթ Հարութունյանն ասաց, որ այդ հարցը պետք է քննարկվի։

Հարությունյանը նաև խոստովանեց, որ ինքը հիմա շատ տարօրինակ իրավիճակում է գտնվում և անգամ մեր բարձրացրած հարցերից մի մասի հետ կապված կարող է ներկայացնել իր քննադատությունը։ Օրինակ՝ իր համար ընդունելի չէ այս «սևագիր տարբերակում» նշված այն դրույթը, թե լրատվամիջոցի հարցումը կարող է մերժվել, եթե տվյալ հիմնարկն ունի 50-ից պակաս աշխատակից։

Հարցրինք Դավիթ Հարությունյանին՝ իրեն չի՞ հետաքրքրում, թե ով է այդ գաղափարները դրել քննարկման իր անունից, արդյոք դա ԱՆ կազմում գործող Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետ Շուշան Դոյդոյա՞նն է, ում քույրը ԻԱԿ ղեկավար Լիանան Դոյդոյանն է, որն էլ հենց կազմակերպել էր քննարկումը։

«Հետաքննություն չեմ իրականացրել, ոչ էլ ցանկություն ունեմ իրականացնելու»-ասաց պարոն Հարությունյանը։

Նախարարությունում կարծում են, որ դա արել է Շուշան Դոյդոյանը, ով այդ աշխատանքային խմբի անդամ է, նա է այդ գաղափարները որպես աշխատանքային տարբերակը փոխանցել Լիանա Դոյդոյանին, որն էլ իր կենտրոնի միջոցով կազմակերպել է քննարկումն ու այսքան աղմուկ բարձրացրել։ Ըստ էության՝ Շուշան Դոյդոյանը արդարադատության նախարարության թիկունքում փորձել է լավություն անել նախ իր քրոջը, ապա նաև լրատվադաշտին։ Ի վերջո, կարող էին սա առանց մեր իմացության անցկացնել ու մեզ փաստի առաջ կանգնեցնել։ Բայց և ներքին աշխատանքային կանոնակարգի խախտում է թույլ տվել, ինչը առաջացրել է նախարարության վերնախավի զայրույթը։ Բայց նախարարը «չի ցանկանում պարզել»՝ ով է իր անունից նման փաստաթուղթ հրապարակել։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X