Կոռուպցիան կա, խորհուրդը կա, փողը չկա

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանից Hraparak.am-ն այսօր հետաքրքրվեց, թե ինչ փուլում է կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդի աշխատանքները, ինչո՞վ են զբաղված։

Դավիթ Հարությունյանն ասաց, որ խորհուրդը կա, գործում է, վերջերս էլ համալրվել է ՀԿ սեկտորի ներկայացուցիչներով, որոնք, ըստ նախարարի, ակտվորեն մասնակցում են այդ աշխատանքներին։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի միջզգային զարգացման գործակալության՝ UASID-ի կողմից տրամադրվելիք մոտ 750 հազար դոլարին, որը կարծես թե այլևս չեն տրամադրելու, պարոն Հարությունյանն ասաց, որ այդ դրամաշնորհային միջոցները երկու ուղղությամբ պետք է ծախսվեին․ «Առաջին ուղղությունը միջազգային փորձագետի ներգրավումն էր, մրցույթը հայտարարվել է, սակայն որևէ մեկի հետ պայմանագիր չի կնքվել»։

Հարությունյանը նշեց, որ մրցույթն իրականացվել է ոչ միայն իրենց կողմից, այլ նաև դրամաշնորհը տրամադրող դոնորի կողմից։ Բայց պատշաճ փորձագետ գտնել իրենց չի հաջողվել։

Մյուս ուղղությունը տեղական փորձագետների ներգրավումն է։ «Ինչպես գիտեք, չորս հիմնական ոլորտում են իրականացվում քայլեր, տեղական փորձագետների հետ աշխատանքը կատարվում է, հաշվետվությունները ներկայացնում են խորհրդին, որի կազմում կան նաև հասարակական կազմակերպություններ։ Դրանք շատ հաճախ վերաբերում են օրենսդրական փոփոխություններին, որոնք նվազեցնում են պետական մարմինների հայեցողություններն այն ոլորտներում, որտեղ դա հնարավոր է»,-ասաց նախարարը։

Նշենք, որ ամիսներ առաջ ԱՄՆ դեսպանը կոշտ գնահատականներ էր հնչեցրել Հայաստանում կոռուպցիայի դեմ տարվող պայքարի արդյունավետության վերաբերյալ և նշել, որ իրենք, ըստ էության, հետ են կանգնում Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարը ֆինանսավորելու որոշումից։ Այսինքն՝ խոստացված 750 հազար դոլարը չի տրամադրվի։ Ստացվում է՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը կա, բայց դրա դեմ պայքարի փողը չկա։ Թեպետ՝ այդ գումարը պետք է ծախսվեր կամ մսխվեր ընդամենը մեզ բարեվարքության դասեր տվող փորձագետների վրա։ Հիմա մեր կառավարությունը ստիպված է սեփական ուժերով պայքարել կոռուպցիայի դեմ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X