Նախարարությունը փորձում է մեղքն իր վրայից գցել

Սեպտեմբերի 22-ին Ինֆորմացիայի ազատության կենտրոնը լրագրողներին հրավիրել էր մասնակցելու «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկմանը։ Այն անցել է բավականին լարված մթնոլորտում, քանի որ փոփոխություններով հերթական խոչընդոտներն ու սահմանափակումներն են մտցնում լրագրողների համար։ Իբր լավության անվան տակ արդարադատության նախարարությունը փորձում է ուղղակի օրենքի ուժով լռեցնել լրագրողներին՝ նրանց «ծեծել-ջարդելու» փոխարեն։ Ու քանի որ քննադատության սլաքն ուղղվեց արդարադատության նախարարության վրա, նախարարությունից փորձեցին մեղմացնել իրավիճակը՝ «մեղքը բարդելով» քննարկումը կազմակերպած ԻԱԿ-ի վրա։ Արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանը բարձրացված աղմուկից չորս օր անց հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, որ «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի նախագիծ արդարադատության նախարարությունը պաշտոնապես քննարկման չի ներկայացրել։ «Համենայնդեպս, այն դրույթները, որոնք որ քննարկվում են, կարծում եմ, օրենքի կամ համապատասխան դրույթների սեւագիր տարբերակներից մեկն են, դա անթույլատրելի է»,- ասել է Քրմոյանը՝ հավելելով, որ իրենք տեղյակ չեն եղել, թե ինչ նախագիծ է, կամ աշխատանքային որ տարբերակն է քննարկվել։

Շարունակելով մեղքն իրենց վրայից գցել ու նաեւ լրատվամիջոցներին հանգստացնելու համար՝ Քրմոյանը շտապել է տեղեկացնել նաեւ, որ իրենք ունեն մի քանի կարգավորում, որոնք դեռեւս ընտրված ու քննարկված չեն։ Ստացվում է՝ արդարադատության նախարարությունից տվյալ օրենսդրական նախաձեռնության սեւագիր տարբերակն է դուրս բերվում եւ նախարարության անունից դրվում հրապարակային քննարկման, որից նախարարությունում, պարզվում է, տեղյակ չեն։ Իրականում ինֆորմացիայի նմանօրինակ «արտահոսքը» դեպի Ինֆորմացիայի ազատության կենտրոն կարող է ունենալ մեկ բացահայտ աղբյուր՝ նախարարության ծնած ու ձեւավորած Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ ի դեմս դրա պետ Շուշան Դոյդոյանի, ում քույրը՝ Լիանա Դոյդոյանն էլ հենց ԻԱԿ ղեկավարն է։ Այսինքն՝ երկու քույր կա՛մ ԱՆ թիկունքում դավեր են նյութում ու նախարարությանը դնում հարվածի տակ, կա՛մ սա հենց նախարարության կողմից կազմակերպված պրոցես էր՝ ստուգելու մամուլի արձագանքը։ Ու քանի որ տեսան՝ դա շատ բացասական է, հիմա էլ երկրորդ սցենարն են խաղարկում՝ իբր տեղյակ չեն եղել։ Ամեն դեպքում, ինչ էլ որ անում են, անում են ի վնաս լրատվամիջոցների, եւ դա, վստահաբար, կարժանանա մամուլի կոշտ արձագանքին։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Մեկնաբանություն
X