Ինձ համար պատիվ է Ժիրայր Սեֆիլյանի ցուցակում լինելը․ Արմենակ Կյուրեղյան

Օրեր առաջ անազատության մեջ գտնվող Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը հանդես էր եկել կոչով եւ նշել երեք տասնյակ հասարակական-քաղաքական, մշակութային գործիչների անուններ, որոնք, ըստ իրեն, կարող են փրկել մեր պետականությունը։ Այդ առթիվ նրանցից ոմանք արդեն արձագանքել են եւ ասել, թե ինչպես են վերաբերում Ժիրայր Սեֆիլյանի կոչին, տեսնո՞ւմ են իրենց այդ անձանց շարքում, թե՞ ոչ։

Սոցիալական ցանցերում էլ եղան քննարկումներ, արձագանքներ, որոնց մեջ կար հեգնանք։ Ոմանք նույնիսկ նշում էին, որ եթե Ժիրայր Սեֆիլյանի նշած անձինք գան իշխանության, ապա Սերժ Սարգսյանին ու ՀՀԿ-ին երանի կտանք, ոմանք էլ «հիշել» էին, որ Ժիրայր Սեֆիլյանը ոչ թե քաղաքական գործիչ է, այլ հրամանատար։

«Սասնա ծռեր» -ի եւ Շանթ Հարությունյանի գործով ազատազրկված Կյուրեղյան եղբայրների հորից՝ Արմենակ Կյուրեղյանից, որի անունը նույնպես կար ցուցակում, հետաքրքրվեցինք, թե տեսնո՞ւմ է իրեն պետականությունը փրկողների շարքում, թե՞ ոչ։
«Կարծում եմ, որ ինձ համար մեծ պատիվ է դա, այդ ցուցակում լինելը։ Ես ամեն ինչ կանեմ, որպեսզի մեր ժողովուրդը համախմբվի եւ պաշտպանի իր պետականությունը»,- ասաց Արմենակ Կյուրեղյանը։

Հարցին, թե ինքը պատրա՞ստ է համագործակցել ցուցակում ընդգրկված անձանց հետ, մեր զրուցակիցն արձագանքեց․ «Երբ հարցը վերաբերում է Հայաստանի պետականությունը պաշտպանելուն, երկիրն օրհասական վիճակից հանելուն, ապա ամեն մարդ իր գործողություններով ցույց կտա, թե ինչ է անում, ժողովուրդն էլ կտա իր գնահատականը»։

Հիշեցնենք, որ Արմենակ Կյուրեղյանի երկու որդիները՝ Արեգը եւ Սերգեյը, կալանավորվել են անցյալ տարի «Սասնա ծռեր»-ի գործով, իսկ Հայկը՝ 2014թ․ հունիսին, Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների անդրանիկ դատական նիստի ժամանակ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի բակում օդամղիչ ատրճանակով օդ կրակելու համար։ Նրան դատապարտել են ինը տարվա ազատազրկման։

Մեկնաբանություն
X