Araxnews.com-ի նավաբեկությունը

Araxnews.com կայքը, որ հայության շրջանում առանց այն էլ մեծ համարում ու ճանաչում չուներ, ցավոք սրտի, վերջնականապես որոշել է լրացնել այն լրատվամիջոցների շարքը, որոնք իրենց հայատառ տարբերակներով աշխատում են Հայաստանի Հանրապետության, սփյուռքյան կառույցների, միով բանիվ՝ հայության դեմ:

Դատելով այն բանից, թե ինչպես է Araxnews.com-ն արձագանքել Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանի վրա սեպտեմբերի 22-ին կատարված հարձակման պատմությանը, վստահորեն կարելի է ասել, որ շրջանառվող ոչ բարենպաստ բնութագրերը լիովին համապատասխանում են այս լրատվամիջոցի էությանը: Իսկապես զարմանալի է: Ինչպիսի ստահակ պետք է լինել մեկ այլ լրատվական գործակալությունից («Նոյյան տապան») լուրն առնելուն պես, հիմնականում սփյուռքյան լսարանին ուղղված կայքում գրելու համար, թե սա Հայաստանից է կազմակերպված, թե դեպքը հատկանշական է նրանով, որ հարձակման ենթարկվածը վերադառնալիս է եղել Երեւանում տեղի ունեցած «Հայաստան-Սփյուռք» համաժողովից, թե սա ՀՅԴ ներքին մութ հաշվեհարդար է եւ այլն, եւ այլն: Խմբագրի հոգն էլ չի եղել՝ այցելել տուժածին հիվանդանոցում, զրուցել, իմանալ նրա կարծիքը, խոսել թեմի առաջնորդի հետ, ով գտնվել է Վարուժ Մինասյանին տեղ հասցրած ավտոմեքենայում եւ, բարեբախտաբար, չի տուժել: Փոխարենը կայքի խմբագիրն ստանձնել է Շերլոք Հոլմսի դերը եւ սեփական մտազեղումները շռայլել իր կաղ մեկնաբանության մեջ:

Գրում է, որ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Վարուժ Մինասյանի վրա հարձակված 3 անձինք դիմակավորված են եղել, ինչը նշանակում է, որ անձամբ ծանոթ են եղել Վարուժ Մինասյանին: Միամիտ ընթերցողը Նյու Յորքում կամ Երեւանում կարող է նույնիսկ հուզվել խմբագրի այս եզրակացությունից, սակայն նա, ով մեկ անգամ եղել է Նոր Ջուղայում եւ քաղաքի փողոցներով քայլել հայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետի հետ (էական չէ՝ ներկա, թե նախկին), կհաստատի, որ Թեմական խորհրդի ատենապետին ճանաչում եւ նրա հետ ծանոթ է թեմի յուրաքանչյուր անդամ՝ դպրոց հաճախող երեխաներից մինչեւ ալեզարդ ծերունիներ: Եվ, առհասարակ, Սպահանում բոլոր հայերն են իրար ճանաչում, գիտեն միմյանց ընտանիքներով, բնակության վայրով, տան հասցեով: Հետեւաբար, Վարուժ Մինասյանի տունը, որտեղ հյուրընկալվում են ոչ միայն սպահանցիները, այլեւ Հայաստանից ժամանած շատ հյուրեր, «գտնելու» խնդիր ոչ ոք չուներ, թեեւ կայքն իր «հետաքննության» առանցքն է դարձրել այս հարցը: Ամենածիծաղելին էլ այն է, որ, ըստ «նորահայտ քննիչի», հարձակվողները կամ նրանց թիկունքում գտնվողները ՀՅԴ-ի կողմից հատուկ նպատակով Սպահանից Հայաստան տարված մարդիկ են (տեքստից չի հասկացվում՝ հայե՞ր են արդյոք այդ մարդիկ): Սա արդեն ֆանտաստիկայի ժանրից է: Այդուհանդերձ, այսպիսի հարց Araxnews.com-ի տարաբախտ նավավարին՝ ինչո՞ւ այդ մարդիկ իրենց մտադրությունը չիրականացրին այն ժամանակ, երբ Թեմական խորհրդի ատենապետը Հայաստանում էր, այլ նրա հետեւից հասան Սպահան:

Ինչո՞ւ է Թեմական խորհուրդը 3 օր լռել Սպահանում տեղի ունեցած արտառոց դեպքի մասին: Araxnews.com-ն այս հարցի պատասխանը չունի: Իբր չունի: Իբր չգիտի, իբր չի հասկանում, որ շտապողական, հանպատրաստից յուրաքանչյուր հայտարարություն այս դեպքում կարող էր վնասել Սպահանի եւ առհասարակ Իրանի հայ համայնքին՝ ներքին անհանգստություն ու տագնապ առաջ բերելով: Մյուս կողմից էլ՝ ինչո՞ւ շտապեր Թեմական խորհուրդը, եթե կա Araxnews.com-ի նման կայք, որն ամեն ինչ գիտի էն գլխից: Տեսա՞ք ինչ շուտ բացահայտեցին ամեն ինչ՝ «ՀՅԴ-ն նորե՞ն գործի է անցել»: Կարելի էր հարցական նշանն էլ հանել այդ վերնագրից եւ ձեռքի հետ էլ թվարկել մի շարք այլ դեպքեր, որպեսզի հասկանալի լիներ, թե էլի քանի՞ նման գործ է արել ՀՅԴ-ն:

Ստի ու կեղծիքի ոտքերը շատ կարճ են: Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել: Ոստիկանությանն արդեն հայտնի է, որ հանցագործները դեպքի վայրից փախուստի են դիմել գողացված պետհամարանիշ կրող ավտոմեքենայով: Այդ մասին դեպքից կես ժամ անց հայտարարել է պետհամարանիշերի տերը՝ ազգությամբ պարսիկ մի քաղաքացի: Պետք է ընդամենը մի փոքր էլ սպասել: Ինչպես երեւում է, իրականություն է դառնալու վերեւում մեր հայտնած մտահոգությունը, այն, որ Araxnews.com-ը որոշել է վերջնականապես մաս կազմել հակահայ լրատվամիջոցներին, որոնք իրենց հայատառ տարբերակներով ամեն Աստծո օր պղտորում են հայությանը, իրար դեմ հանում Հայաստանն ու Սփյուռքը, խաթարում առանց այն էլ հսկայական ջանքերի գնով պահպանվող հայկական գաղթօջախների ու թեմերի անդորրը: Կան այդպիսիք՝ apa.az, Armenia.az: Հիմա նաեւ՝ Araxnews.com…

ՀԳ. Հարկ ենք համարում ստորեւ եւս մեկ անգամ հրապարակել Սպահանում տեղի ունեցած ստոր գործողության մասին Սպահանի հայոց թեմի ազգային առաջնորդարանի տարածած պաշտոնական հայտարարությունը:

«Ուրբաթ՝ թւականիս սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան-Սփիւռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց Թեմի պատւիրակութեան անդամները, այդ թւում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, վերջինս գիշերւայ ժամը 10-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջեւ յարձակման է ենթարկւում անյայտ անձանց կողմից, ովքեր մահակով եւ սուր զէնքով վիրաւորւում են նրան եւ դիմում փախուստի։ Մինչ այդ յանցագործները փորձում են յարձակւել նաեւ Առաջնորդարանի ինքնաշարժի վրայ, որը Վարուժ Մինասեանին բնակարան էր տեղափոխում: Նշենք որ նոյն ինքնաշարժով տեղափոխւելիս է եղել նաեւ թեմիս թեմակալ Առաջնորդ գեր Տ. Սիփան Ծ. Վրդ Քեչեջեանը, այդուհանդերձ հակառակ տարածւած լուրերի, Հայր Սուրբը եւ վարորդը յարձակման թիրախ չեն դարձել եւ նրանց ու ինքնաշարժին որեւէ վնաս չի պատճառւել:
Վարուժ Մինասեանը անմիջապէս տեղափոխւել է հիւանդանոց եւ կատարւել են առաջին օգնութեան եւ միւս բուժումները: Նրա առողջական վիճակն այժմ գոհացուցիչ է եւ նա այսօր դուրս է գրւել հիւանդանոցից ու տեղափոխւել է իր բնակարան:
Կատարւած յանցագործութեան կապակցութեամբ յարուցւել է դատական գործ եւ դէպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է հետաքննութիւն՝ պատկան մարմինների կողմից, որոնց միջոցով որոշ բացայայտումներ կատարւել են, սակայն քննութեան ընթացքը չխանգարելու նպատակով առայժմ հրապարակումներ չեն կատարւում:
Թեմիս Թեմակալ Առաջնորդը, ժողովականութիւնը եւ մարմինները դատապարտելով այս եւ նմանօրինակ յանցագործ արարքները, յայտնում են որ անհրաժեշտ է չտրւել որոշ լրատւամիջոցների տարածած սխալ եւ անստոյգ տեղեկութիւններին եւ մեկնաբանութիւններին, եւ որ հարկաւոր է սպասել մինչեւ քննութեան ընթացքի աւարտը, որպէսզի հնարաւոր լինի ճշգրիտ տեղեկութիւններ փոխանցել հանրութեանը:

Դիւան Ազգային Առաջնորդարանի
Սպահանի Հայոց Թեմի
Ս. Ամենափրկիչ Վանք
Նոր Ջուղա-Սպահան 25 սեպտեմբերի 2017 թ.»։

Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Մեկնաբանություն
X